Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողները գյուղից քաղաք չեն կարողանում ժամանակին հասնել․ մարզպետը հուսադրող պատասխան չտվեց

Հունիս 06,2023 16:19

Արմավիրի մարզի որոշ համայնքների բնակիչներ չեն կարողանում ժամանակին գյուղից քաղաք հասնել, տրանսպորտը լավ չի աշխատում։ Այսօր Ազգային ժողովում հանձնաժողովների համատեղ նիստում, բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ՝ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին փոխանցեց մարզի Զարթոնք համայնքի ուսանողների դժգոհությունը։ Ուսանողներն, ըստ պատգամավորի, դասերից ուշանում են, քանի որ, օրինակ՝ Զարթոնք համայնքի տրանսպորտն աշխատում է առավոտյան ժամը 9-ից, իսկ ուսանողներն այդ ժամին արդեն պետք է բուհում լինեն։ Ուսանողները առաջարկություն են ներկայացրել պատգամավորին՝ տրանսպորտն առավոտյան մի քիչ շուտ սկսի աշխատել, երեկոյան էլ շուտ ավարտի։

Այս խնդրի առնչությամբ մարզպետը հուսադրող պատասխան չտվեց, ասաց՝ մարզերում միասնական տրանսպորտային համակարգի ներդրման ուղղությամբ Արմավիրի մարզում աշխատանքներն իրականացվել են նախարարության կողմից, մրցույթային գործընթացում դատական խնդիրներ կան, կողմերը բողոքում են․ «Միասնական համակարգը կայացած է միայն Էջմիածնի շրջանային տրամաբանությամբ, իսկ մյուս մասերում խնդիրներ ունենք, եւ ոչ միայն միասնական տրանսպորտային ցանցի ներդրման ամբողջականության առումով, այլ նաեւ մարզկենտրոնի, քաղաքների տրանսպորտային երթուղիների առումով։ Հարցն ինձ մոտ քննարկվել է, մենք առաջարկել ենք այն կազմակերպությանը, որը ժամանակավորապես շահագործում է, ավելացնի․․․ նա իր փաստարկներն է ներկայացրել։ Հարցի վերջնական եւ ամբողջական կարգավորման համար պետք է ստիպված սպասենք դատական գործընթացների ավարտին»։

Մարզպետը չհամաձայնեց, թե տրանսպորտը առավոտյան չի աշխատում, ասաց, որ ինքը ժամը 8-ին, դրանից էլ ավելի շուտ ժամին տեսնում է աշխատող երթուղայինների․ «Միգուցե խնդիր կա համայնքից քաղաք տեղափոխվելիս, որպեսզի այնտեղից Երեւան գան։ Ամեն դեպքում լրացուցիչ ձեր բարձրացրած հարցը կուսումնասիրենք»։

Պատգամավորը հավելեց, որ բնակիչներն ասում են՝ համայնքից քաղաք չենք կարողանում հասնել․ «Ասում էին՝ եթե միջհամայնքային երթուղիներն ընդարձակվեն, կհասցնեն ժամանակին հասնել քաղաք։ Ոնց որ կտրված լինեն, մի գյուղից մյուսը կապ չկա։ Գյուղից Վաղարշապատ չեն կարողանում հասնել»։

Այս առնչությամբ էլ մարզպետն ասաց՝ ներհամայնքային տրանսպորտի խնդիր է, որը համայնքի տիրույթում է․ «Եվ քանի դեռ միասնական տրանսպորտային օպերատորը ներդրված չէ, այսինքն` չունենք սահմանված ներդրումները․․․ այդ հարցը քննարկվել է, որ միգուցե համայնքը հիմա փորձի սահմանել ներհամայնքային երթուղի, որը հետո համահունչ չլինի միասնական տրանսպորտային համակարգի տրամաբանությանը։ Դրա համար ամբողջական պատկեր ունենալու համար խնդիրը վերջնական կկարգավորվի միասնական համակարգի ներդրումից հետո»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930