Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե նպատակն իսկապես բարեփոխումներն են…

Հունիս 07,2023 10:00

Ես մեծ վերապահումներով եմ վերաբերվում բոլոր տեսակի «լյուստրացիաներին», «վեթինգներին» եւ «անցումային արդարադատություններին»: Այնպես, ինչպես որ դա Հայաստանում են հասկանում՝ այդ բառերի տակ ես տեսնում եմ պարզապես վրեժխնդրություն, թշնամանքի սերմանում, որոնց միջոցով «ներկաներն» ու նրանց կողմնակիցները փորձում են ինքնահաստատվել «նախկինների» հաշվին:

Հիշում եմ զվարճալի դրվագ. երբ 2018 թվականի ամռանը հարցազրույց էի վերցրել նոր իշխանությունը ներկայացնող բարձրաստիճան մի պաշտոնյայից, վերջինիս հեղափոխական երկրպագուներից մեկը, որն իմ հարցերը, հավանաբար, չէր հավանել, տակը մեկնաբանություն էր գրել՝ «լյուստրացիայի պետք է ենթարկվեն նաեւ լրագրողները»:

Որքան էլ «պողպատե մանդատը» կամ մուրճ թափահարելը հրապուրի լյումպենացված զանգվածին, որքան էլ այդ զանգվածի ներկայացուցիչները տրտնջան, թե ինչու է իրենց սիրելի վարչապետը թույլ տալիս, որ «թալանչիների ներկայացուցիչները» քննադատական խոսք հնչեցնեն, այդ ամենն իրական բարեփոխումների հետ կապ չունի: Որպես քարոզչություն, պոպուլիզմ, դեմագոգիա՝ հոյակապ է, որպես քաղաքականություն՝ վնասակար:

Բայց սխալ է նաեւ մյուս ծայրահեղությունը՝ ոչինչ չփոխելը, եւ հնարավորություն տալ նախորդ վերնախավին պարզապես վերարտադրվել՝ այլ գույնի դրոշներ վերցնելով: Որոշ մարդկանց իսկապես պետք է դատել, բայց ոչ թե այս կամ այն տեսակետը հայտնելու, սրա կամ նրա կողմնակիցը, նույնիսկ՝ ֆանատը լինելու, այլ գրված (միայն գրված եւ գործող) օրենքները խախտելու համար: Եվ, առաջին հերթին, կարծում եմ, պետք է դատվեն դատավորները:

Նույն 2018 թվականի ամռանը, վարչապետի կոչով, դատական համակարգի վրա աննախադեպ հարձակում էր տեղի ունեցել: Բայց նպատակն այն չէր, որ դատավորներն աշխատեն օրենքի շրջանակներում, այլ այն, որ նրանք կատարեն գործադիր իշխանության քաղաքական հրահանգները: Հինգ տարում իշխանությունն այդ նպատակը հիմնականում իրագործել է՝ այժմ «նոր Հայաստանի» դատական համակարգի խորհրդանիշն է Մնացական Մարտիրոսյանը:

Բայց հաջորդ իշխանությունը, եթե ցանկանա ոչ թե դարձյալ զբաղվել պոպուլիզմով եւ դեմագոգիայով՝ այս անգամ որպես թիրախ ընտրելով ՔՊ-ն, այլ նպատակ դնի իրապես բարեփոխել պետական համակարգը, պետք է լրջորեն զբաղվի դատավորներով: Որպեսզի չլինի այն վիճակը, երբ դատարանի որոշումը թելադրվում է վարչապետի որդու կողմից:

Տարրական ճշմարտություն է, որ ժողովրդավարության հիմքը իշխանությունների՝ թեւերի բաժանումն է: Եթե գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունները գտնվում են մեկ մարդու ձեռքում, ապա կարելի է ամեն օր «Ժողովրդավարության հայկական ֆորում» անցկացնել, միեւնույն է՝ ավտոկրատիան, ինչպես եղել է, այդպես էլ կմնա:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930