«Այն, որ դատական իշխանության բարեփոխումների անհրաժեշտությունը կար, դրանում չկա որեւիցե տարաձայնություն, իսկ ինչքանով է այդ բարեփոխումը պայմանավորված սահմանադրության փոփոխությամբ, մեկ այլ հարց է :
Երկրորդը՝ իսկ կարելի՞ էր անել այնպիսի բարեփոխումներ՝ առանց Սահմանադրական փոփոխությունների, որպեսզի ունենայինք երաշխավորված անկախ դատական իշխանություն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասած վիրահատական միջամտության ուղղակի ձեւը վեթինգն էր, որը ցավոք չարվեց…
Բովանդակային առումով, մեխանիզմը, որով պետք էր շարժվել, այն էր, ինչ մենք քաղաքացիական հասարակության գործընկերներով դեռեւս 2018թ. դեկտեմբերի վերջից առաջարկել էինք: Դա կոչվում էր անցումային արդարադատության մեխանիզմներ»,- Մեդիա կենտրոնում ՀՀ նոր սահմանադրություն. անհրաժեշտությո՞ւն, թե՞ քաղաքական նպատակահարմարություն թեմայով քննարկման ժամանակ նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հայտարարություններին:
Փաշինյանն Ազգային ժողովում Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին տարեկան զեկույցի ժամանակ ասել էր, որ քիմիոթերապիան այլևս էֆեկտ չի տալիս, եւ պետք է վիրահատական ճանապարհներով լուծել այդ թվում՝ արդարադատության հարցը:
Կարդացեք նաև
«Ոչինչ արվեց, եւ դատական իշխանությունում շարունակեցին մնալ այն դատավորները, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել քաղաքական հետապնդման գործերով դատավարություններին, դատավճիռներ են արձակել, ազատազրկման որոշումներ կայացրել, մարդկանց դատապարտել են քաղաքական հայացքների հիմքով: Եվ այդ դատավորները շարունակում են մնալ: Իհարկե, այդ մարդու անունն ենք տալիս՝ հանձին Մնացական Մարտիրոսյանի, բայց խոսքը ոչ թե անձի, այլ երեւույթի մասին է ընդհանրապես:
Եթե ընդունելի է համարվում նման անձի, դատավորի կարգավիճակը, ավելին, փորձ էին անում նույնիսկ հակակոռուպցիոն դատարանի նախագահ կամ արդեն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ եւ այլն դարձնել, ապա մոտեցումը՝ վիրահատական միջամտության եւ փաստերը, իրար չեն համապատասխանում:
Նորից արձանագրենք, որ վեթինգը չարվեց, հաջողությամբ տապալվեց: Ավելին, անցումային արդարադատության մյուս կարեւոր ինստիտուտը, որը պետք է ներդրվեր, փաստահավաք կամ ճշմարտության հանձնաժողովն էր, որը պետք է ձեւավորվեր ԱԺ-ի կողմից, եւս չարվեց»:
Սաքունցի ձեւակերպմամբ. «Մինչ այժմ եղած Սահմանադրությունները կամ դրանց փոփոխությունները, որ ընդունվել են հանրաքվեով, վստահություն չեն ունեցել, որովհետեւ կեղծիքներով են ընդունվել… Գոյություն ունեցող Սահմանադրությունն արդյոք երաշխավորո՞ւմ է իրավական պետության կառավարումը, ինքնիշխան պետության կառավարումը, սոցիալական պետության կառավարումը, ո՛չ, չի երաշխավորում: Այս մասին ասել ենք՝ սկսած 2015 թվականից»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի



















































