Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Կիրառելու են բոլոր գործիքակազմերը, որ Երեւանում պահեն իրենց իշխանությունը, բայց մենք գիտենք՝ ինչպես պայքարել»․ Մանե Թանդիլյանը՝ վարչական ռեսուրսի մասին

Հունիս 08,2023 14:04

«Մտավախություն չէ, համոզմունք ունենք, որ իշխանությունը կիրառելու է բոլոր գործիքակազմերը, որպեսզի Երեւանում պահեն իրենց իշխանությունը»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով հարցին, թե մտավախություն չունե՞ն, որ ի օգուտ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ ավագանու ընտրություններում գործի կդրվեն վարչական ռեսուրսներ։

«Մենք առաջին անգամ չէ, որ դրան հանդիպում ենք՝ Ալավերդու ընտրությունները, Տաթեւի ընտրությունները, բայց դա որեւէ կերպ մտավախության առիթ չէ մեզ համար, որովհետեւ յուրաքանչյուր արարք ունի հակաարարք եւ հակագործողություն։ Եվ մենք գիտենք՝ ինչպես պայքարել թե այդ ռեսուրսի դեմ, թե այն պրոցեսների, որոնք հետագայում կիրառվում են։ Իրականում դա էլ ունի որոշակի թվաբանական հաշվարկ, եւ մենք շատ իրատես ենք, մենք գիտենք վարչական ռեսուրսի ազդեցության տեսակարար կշիռը, մենք գիտենք՝ դրա դիմաց եւ դեմ ինչ ենք անում, որպեսզի դա չաշխատի։ Ի վերջո, մենք աշխատում ենք մարդկանց հետ, իսկ մարդը եւ անհատը միայնակ է այդ խցում, որտեղ կատարում է ընտրությունը։ Եվ ինքը պիտի իմանա ճիշտ վարվելիքը»,- ասաց Թանդիլյանը։

Նա նշեց, որ քաղաքացիների հետ աշխատանք են տանում։ Թանդիլյանը բերեց Տաթեւ գյուղի օրինակը՝ նշելով, որ այնտեղ մեկ ձայնով են հաղթել իշխանության թեկնածուին։ «Եվ սա ի լուր երեւանցիների եմ ասում, որ յուրաքանչյուրի մասնակցությունը, քվեն բացարձակ եղանակ է փոխելու։ Իսկ մենք այդ քվեի տերն ենք, որեւէ մեկը մեզ վստահված որեւէ ձայն չի կարողանալու տանել։ Որեւէ իշխանական կամ վարչական ռեսուրս մեզանից չի կարող խլել որեւէ ձայն։ Մենք միայն մեկ անելիք ունենք՝ աշխատել երեւանցիների հետ եւ անել առաջարկ, որից նրանք չեն կարող հրաժարվել։ Եվ եթե իրենք այդ խցում իրենց ձայնը տան մեզ, Երեւանում տեղի կունենա իշխանափոխություն»,- հավելեց նա։

Հարցին, թե իր եւ Տիգրան Ավինյանի ուժերը հավասա՞ր է գնահատում, Մանե Թանդիլյանը պատասխանեց․ «Իրենց քաղաքական թիմի անձնական խոստովանությամբ՝ մենք մրցակցային առավելության մեջ ենք, ոչ թե հավասար։ Հետեւաբար, ես չեմ ուզում, որ մեր խոսքը հնչի մեծամիտ կամ ամբարտավան, բայց ես ուզում եմ ասել, որոշողը երեւանցին է։ Եվ սեփական հռչակմամբ հաղթող կամ սեփական հռչակմամբ քաղաքապետ Երեւանը չի ունենալու։ Երեւանն ունենալու է երեւանցու քվեով ձեւավորված ավագանի եւ քաղաքապետ։ Այն, ինչ այսօր կատարվում է Երեւանում եւ քաղաքապետարանում, իշխանության զավթում է։ Երեւանը ղեկավարում է մի մարդ, որը ոչ ընտրությունների է մասնակցել, ոչ ավագանու հետ կապ ունի, ոչ այդ ընտրությունների։ Եվ սա կոչվում է իշխանազավթում։ Հետեւաբար, երեւանցին սա էլ չի ներելու, եւ մենք շատ թափանցիկ ու պարզ ենք խոսելու երեւանցու հետ»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930