Ջեյմս Բաղյանից (ԱՄՆ) հետո ռուսաստանաբնակ Հարություն Կիվիրյանը երկրորդ հայ տիեզերագնացն է: Նա հանձնել է քննությունները եւ պաշտոնապես դարձել փորձնական տիեզերագնաց: Հարություն Կիվիրյանն ասուլիսում ասաց, որ երեխա ժամանակ ամենեւին չի երազել տիեզերագնաց դառնալու մասին, այդ ուղղությամբ սկսել է մտածել միայն համալսարանական տարիներին:
Նա պատմեց, որ մի անգամ բախտ է ունեցել հանդիպել տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս, տեխնիկական գիտությունների թեկնածու Գեորգի Գրեչկոյի հետ եւ դա ճակատագրական նշանակություն է ունեցել իր կյանքում:
«Հանդիպումը ինձ ոգեւորեց, եւ ես որոշեցի ինձ փորձել այդ ուղղությամբ»,-ասաց տիեզերագնացը: Հարություն Կիվիրյանը որոշ մանրամասներ ներկայացրեց. «Ես աշխատել եմ հռթիռատիեզերական կորպորացիայում եւ միշտ հետեւել եմ տիեզերագնացության նորություններին, սպասում էի, թե երբ է լինելու ընտրության փուլը: Հավաքում էի փաստաթղթերս՝ մասնակցելու եւ երազանքս իրականություն դարձնելու համար»,-ասաց նա՝ ընդգծելով, որ փաստաթղթերի հավաքելն առանձնապես հեշտ գործընթաց չէ: Այնուհետեւ անդրադարձ եղավ ընտրական փուլին, վերապատրաստումներին, պարապմունքների ժամանակ անկշռելիության իմիտացիային ու ազատ անկմանը:
Կարդացեք նաև
Հարցին՝ ի՞նչ զգացողություն է ունեցել, երբ տառացիորեն օրեր առաջ տիեզերագնացի վկայական է ստացել, Հարություն Կիվիրյանը պատասխանեց. «Դա նախ եւ առաջ պատասխանատվության զգացում է, որովհետեւ աշխատելու ես լուրջ տեխնիկայի հետ: Նաեւ ներքին հպարտության զգացում ունեմ, որ ինձ լուրջ խնդիր են հանձնարարելու, որը գերազանց լուծելու համար պետք է առավելագույն ջանքեր գործադրեմ»:
Նա ասաց, որ առաջին անգամ է Հայաստանում, Երեւանը շատ դուր է եկել իրեն: Նշեց, որ ծնողները համշենահայեր են, տանը հայերեն է խոսում, տատիկներից փոխանցված հայկական կենցաղը, խոհանոցը շատ հարազատ են: Տիեզերագնացը նշեց, որ մեծ ցանկություն ունի մինչեւ 2028 թվականը հայտնվել միջազգային տիեզերական կայանում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ