Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ԵՄ-ին թվում է՝ Ադրբեջանը հասնելու է իր նպատակին, հայությունը ձեռքերը ծալած նստելու է ու մարսելու են Արցախի կորուստը, սխալվում են». Գերասիմ Վարդանյան

Հունիս 27,2023 12:44

«Իրենք մանդատ չունեն Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա դարձնելու, իրենք մանդատ չունեն հայ արդար դատը սակարկման առարկա դարձնելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկելու եւ ցանկացած որոշում, որն անգամ թղթի վրա իրենց դավադիր ստորագրությամբ կամրագրվի, չի ներկայացնելու հայ ժողովրդի կամքը»,- այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակության շենքի դիմաց նստացույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:

Տեղեկացրել ենք, որ այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնել է 24-ժամյա նստացույց՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների եւ ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ հորդորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին եւ ԵՄ-ին չբավարարվել հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։

ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանն ասաց, որ Արցախում իր բնիկ հայրենիքում ապրող մի ժողովուրդ քաղաքակիրթ աշխարհի լուռ համաձայնության ներքո ցեղասպանության եւ էթնիկ զտման է ենթարկվում, իսկ միջազգային կազմակերպությունների կեցվածքը չի բավարարում, տպավորություն է, որ ձեւական հայտարարություն են անում՝ զուտ անելու համար. «Մեր պահանջն է, որ կոնկրետ հասցեական հայտարարություններ անեն եւ գործողությունների դիմեն: Եկել ենք մեր բողոքի ձայնը բարձրացնելու, ուզում ենք ԵՄ-ի, միջազգային հանրության ուշադրությունը սեւեռենք Արցախի խնդրի վրա: Այս ամեն ինչը տեղի է ունենում նաեւ նրանց պասիվության եւ ոչ հասցեական գործողությունների հետեւանքով: Ալիեւի լկտիությունն ու Ադրբեջանի սանձարձակ պահվածքը ուղիղ համեմատական է միջազգային հանրության պահվածքին: Ոչ մի սանկցիաներ, ոչ մի գործողություն Ադրբեջանի դեմ չկա: Եթե ԵՄ-ին, համանախագահող երկրներին թվում է, թե այս գործողություններով Ադրբեջանը հասնելու է իր նպատակին, հայությունը ձեռքերը ծալած նստելու է ու մարսելու են Արցախի կորուստը, սխալվում են: Մենք ամեն ինչ անելու ենք, որ չկորցնենք, անկախության սերունդը չի պատկերացնում Հայաստանը՝ առանց Արցախ: Մենք դիմելու ենք ցանկացած գործողության՝ պաշտպանելու մեր իրավունքները, մեր հայրենիքում ապրելու ազատությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930