Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրագրողը նկարագրել է փաստերը, արել եզրահանգումներ։ Եկել, ասում է՝ եզրահանգումը սխալ է։ Ասում եմ՝ փաստերը վիճարկո՞ւմ եք, ասում է՝ դրանք կապ չունեն»․ Արամ Օրբելյանը՝ Տիգրան Ավինյանի ներկայացուցչի դիտարկումների մասին

Հուլիս 17,2023 17:07

«Դավիթ Սարգսյանը հրապարակել է հոդված և տեսանյութ։ Այդ տեսանյութում տեղ են գտել մի շարք արտահայտություններ, որոնք մեր վստահորդի կարծիքով՝ մի մասը վիրավորանք են պարունակում, մյուսը՝ զրպարտություն»,- դատարանի դահլիճում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը։

Հիշեցնենք՝ մարտի 31-ին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ -ի և լրագրող Դավիթ Սարգսյանի՝ ներողություն խնդրելուն, պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և պատասխանողներից 9 միլիոն դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով։ Հայցի առիթը փետրվարի 25-ին «168․am» կայքի յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութն է՝ «Տիգրան Ավինյան. նորահայտ մեծահարուստը» վերնագրով, որի հեղինակը՝ Դավիթ Սարգսյանը, փոխքաղաքապետին, մասնավորապես, ներկայացնում է որպես «անսահմանափակ վարչական ռեսուրսի տիրապետող» պաշտոնյա, որի ընտանիքը «անշեղորեն հարստանում է»։

Մանրամասնելով իրենց պահանջը՝ Հարություն Հարությունյանն ասաց․ «Ներողություն խնդրելու պահանջն է, Տիգրան Ավինյանին փոխհատուցել 3 միլիոն դրամ՝ որպես վիրավորանքի միջոցով վնասի հատուցում, 6 միլիոն դրամ՝ որպես զրպարտության հետևանքով գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցում։ Մասնավորապես՝ եթե դիտենք տեսանյութը, ակնհայտ է, որ տեսանյութում տեղ են գտել վիրավորական հետևյալ արտահայտությունները։ Տիգրան Ավինյանը տիրապետում է անսահմանափակ վարչական ռեսուրսի, և նրա ներկայիս գործունեությունը բացառապես քարոզչական կամ խոստումներ տալու տիրույթում է։ Քաղաքական և տնտեսական կոռուպցիայի կարկառուն ներկայացուցիչ է։ Մենք գտնում ենք, որ այս դրվագի մեջ «քաղաքական ու տնտեսական կոռուպցիայի ներկայացուցիչ»-ը վիրավորանքի հատկանիշներ է պարունակում»։

Իրենց կողմից զրպարտություն համարվող դրվագով էլ Տիգրան Ավինյանի ներկայացուցիչն ասաց․ «Հոդվածում նշված է՝ բանակից անհայտ հանգամանքներով ազատված Ավինյանին Փաշինյանը նշանակեց փոխվարչապետ, օրեր անց Ավինյանն արդեն կոռուպցիոն սկանդալի կիզակետում էր, տապալված արտակարգ դրության ընթացքում պարետ էր, վերջին կես տարում էլ փոխքաղաքապետ՝ անսահմանափակ լիազորություններով։ Պարզվում է, որ նրա նշանակումն ի սկզբանե ապօրինի էր։ Սա ակնհայտ քաղաքական կոռուպցիա է․․․․Հենց այսպես տնտեսական ու քաղաքական համակարգային կոռուպցիայի մեջ թաղված, բայց հասարակությանը հեգնելով՝ շարունակում են աշխատել և հավակնում են վերընտրվել։ Վերը նշված արտահայտությունները բավարարում են դրանք զրպարտություն դիտելու բոլոր չափանիշներին, հետևաբար ակնկալում ենք, որ դատարանը իմ վստահորդի խախտված իրավունքները պետք է բավարարի»։

Դավիթ Սարգսյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը դատարանի դահլիճում հայտարարեց․ «Բանակից անհայտ հանգամանքներով ազատված Ավինյանին Փաշինյանը նշանակեց փոխվարչապետ, օրեր անց Ավինյանն արդեն կոռուպցիոն սկանդալի կիզակետում էր․․․ Դուք այստեղ ավարտեցիք, բայց շարունակություն էլ կա հոդվածում․ նրա հիմնադրած ընկերությունը չրի արտադրությունը զարգացնելու համար 16 միլիոն դրամի պետական դրամաշնորհ ստացավ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից, իսկ հիմնադրամի ղեկավար Գեղամ Գևորգյանը նշանակվեց գյուղնախարար։ 16 միլիոն դրամ պետական դրամ ստանալու փաստը իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՝ ոչ»։

Տիգրան Ավինյանի ներկայացուցիչն արձագանքեց․ «Վիրավորանք, զրպարտություն չենք դիտարկում։ Հաստատում, թե՝ հերքում ենք, այդ հարցին չեմ պատասխանի, քանի որ հայցադիմումի շրջանակներից դուրս է»։

Արամ Օրբելյանն արձագանքեց․ «Փաստերը չեն վիճարկել, փաստերի վրա եղած եզրահանգումներն են վիճարկել։ Եթե փաստերի վիճարկում չկա, ես ապացույցներ չներկայացնեմ, որ այդ փաստերը ճիշտ են, որ հետո ցույց տամ՝ եզրահանգումները ճիշտ են։ Լրագրողը պատշաճ իր գործն է կատարել, նկարագրել է փաստերը, արել եզրահանգումներ։ Հիմա եկել, ասում է՝ եզրահանգումը սխալ է։ Ասում եմ՝ փաստերը վիճարկո՞ւմ եք, ասում է՝ դրանք կապ չունեն»։

Դատական նիստի ընթացքում երկար երկխոսություն տեղի ունեցավ Տիգրան Ավինյանի ներկայացուցչի և Արամ Օրբելյանի միջև։ Տիգրան Ավինյանի ներկայացուցիչն ասաց․ «Ես ասում եմ՝ Տիգրան Ավինյանի համար վիրավորական է, որ իրեն վերագրում եք քաղաքական ու տնտեսական կոռուպցիայի ներկայացուցիչ լինելու մեջ»։

Արամ Օրբելյանը, դիմելով նախագահող դատավորին, ասաց․ «Հայցի առարկայի հիմքը պարզելուց հետո, մեր առարկությունների հիմքերը պարզելուց հետո մի քանի դատավարական գործողություն հետո անցնելու ենք ապացուցման բեռին։ Մի բան է, երբ ես պիտի ապացուցեմ, որ կոռուպցիա կա, պատրաստ եմ ապացուցել, և հետո էլ ապացուցեմ, որ Տիգրան Ավինյանը ներկայացուցիչ է։ Եթե քաղաքական թիմի անդամ է, ու կա կոռուպցիա, համապատասխան ներկայացուցիչ է։ Մի այլ բան է, երբ ասում է՝ կոռուպցիա կա, թե չկա, ինձ չի վերաբերվում, կոռուպցիոներները մեղավոր են, թող գնան, դատվեն, այ, ինձ իրենց հետ մի խառնեք։ Երկու տարբեր մոտեցումներ են, տարբեր ապացուցման մասին է խոսքը»։

Դատական նիստի ժամանակ Տիգրան Ավինյանի ներկայացուցիչն ասաց, որ պատասխանող կողմի պատասխանը չի ստացել, ուստի անհրաժեշտություն առաջացավ դատական նիստը հետաձգել։

Արամ Օրբելյանն ասաց՝ պետք է խնդրեմ հետաձգումը շատ սեղմ ժամկետում դնել․ «Զրպարտության գործերով պարբերաբար լինում է, որ մի երեք տարի հետո դատարանը հաստատում է՝ զրպարտություն է, կամ զրպարտություն չէ։ Եթե մենք խոսում ենք Տիգրան Ավինյանի՝ որպես Երևանի ավագանու ընտրությունների մասնակցողի գործարար համբավի մասին, կարծում եմ՝ մինչև քաղաքապետի ընտրությունը՝ սեպտեմբերի 17-ը, պետք է նիստ լինի։ Հակառակ դեպքում կարող է հանրային ընկալում լինել, թե տեղեկությունը տարածվել է, որ Տիգրան Ավինյանը՝ որպես ավագանու անդամի թեկնածու խնդիրներ ունենա։ Դրա համար այնպես հետաձգվի նիստը, որ գոնե մեկ դատական նիստ ունենանք մինչև ընտրությունները, մենք պատասխանը ներկայացնենք»։

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։45-ին։

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31