Լրահոս
Օրվա լրահոսը

«Անձ մը, որ կտագնապի մեր ժողովուրդի, մեր հայրենիքի բարօրությամբ եւ ապագայով». Արամ Ա-ն դեռ այս կարծիքի՞ն է Փաշինյանի մասին

Հուլիս 25,2023 14:30

«Երբ որ Հայաստանի մեջ հեղափոխությունը սկսավ՝ սիրո ու համերաշխության թավշյա հեղափոխությունը, ես Նիկոլ Փաշինյանին չէի ճանչնար, իր մասին չէի լսած, ըսի ֆեյսբուքերը բանամ, տեսնեմ՝ ինչպիսի անձ մըն է եւ զարմանալի բաներու հանդիպեցա…

Առաջին՝ իր անկեղծ արտահայտությունները խորհրդարանեն ներս, միայն ընդդիմություն չէր իր ըրածը, տագնապ էր: Իր բառերու մեջ, իր արտահայտություններու մեջ ես տեսա անձ մը, որ կտագնապի մեր ժողովուրդի, մեր հայրենիքի բարօրությամբ եւ ապագայով:

Իր մեջ ես տեսա համեստություն, ֆեյսբուքի մեջ տեսա իր տուն, համեստ անձ, պարզ անձ: Ընդհանրապես աթոռներու վրա նստողները պարզ չեն ըլար, եթե առաջ կըլա, հետո կփոխվին, պարոն Փաշինյանը, տեր եւ տիկինը չփոխվեցին, նույնը մնացին: Եվ ուրիշ զարմանալի բան մը տեսա, երբ որ իր տունը այցելած էին, իր գիրքերը ցույց կուտար, գիրք մը ցույց տվավ՝ Առաքել Դավրիժեցի, ուրիշեն առած էր այդ գիրքը եւ կարդացել էր…Առաքել Դավրիժեցի…

Մեր հոգեւորականները չնեղվին: Այսօր ես հարց կուտամ՝ հայ եկեղեցվո հոգեւորականներու մեջ քանի՞ հոգի կարդացեր է Առաքել Դավրիժեցի, ահավասիկ անձը, որ կարդացեր է Առաքել Դավրիժեցի, 17-րդ դարու պատկանող Հայաստանի, Պարսկաստանի, շրջակա երկիրներու եւ մեր եկեղեցվո պատմությունը գրած է Առաքել Դավրիժեցի…Լսա՞ծ էիք, ոչ…Ահավասիկ պարոն վարչապետը կարդացեր է, հոգեմտավոր իր հետաքրքրությունը ցույց կուտա»,-սրանք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հիացական խոսքերն են՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին:

Արամ Առաջինն այս խոսքերը  Փաշինյանի  մասին հնչեցրել է 2018թ՝ Վեհարանի մեջ, երբ  Փաշինյանը կնոջ հետ այցելել էր մասնակցելու կաթողիկոսի ձեռնադրման 50–ամյակին նվիրված պատարագին:

Aravot.am-ը հարցում է ուղարկել Կիլիկիո կաթողիկոսարան՝ արդյոք Արամ Ա կաթողիկոսը այժմ է՞լ նույն կարծիքին է Փաշինյանի մասին, որի պաշտոնավարման օրոք Հայաստանը պարտվել է պատերազմում, ունեցել ենք հազարավոր զոհեր, տարածքային ահռելի կորուստներ,  արտաքին պարտքը աճել է, Փաշինյանը իր համեստ բնակարանից տեղափոխվել է կառավարական առանձնատուն, որը պարբերաբար վերանորոգվում է պետական միջոցներով, նրա  մերձավոր շրջապատի եկամուտները կասկածելիորեն աճել են, Հայոց եկեղեցու պատմություն առարկան հանվել է դպրոցական ծրագրերից:

Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31