Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Հայաստանի իշխանությունն Արցախի հարցով չդիմի ՄԱԿ-ի ԱԽ, մենք ստիպված ենք լինելու դիմել ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային»․ արցախցիները նամակ հանձնեցին Նիկոլ Փաշինյանին

Օգոստոս 01,2023 13:51

44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանված անձինք շարունակում են իրենց բողոքի ցույցը կառավարության շենքի մոտ։ Այսօր նրանք նամակ փոխանցեցին Նիկոլ Փաշինյանին՝ նրան հորդորելով Արցախի հարցով դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ։ Նամակով նրանք նախ Նիկոլ Փաշինյանին հիշեցնում են, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորված է լինել Արցախի Հանրապետության բնակչության անվտանգության երաշխավորը։

«Ցավոք, դուք խախտելով Սահմանադրությունն ու ՀՀ Անկախության հռչակագիրը, չունենալով լիազորություններ, փոխանցել եք այդ երաշխավորի գործառույթը, Արցախի բնակչության բոլոր իրավունքները այլ երկրների և շարունակում եք սպասարկել օտար երկրների շահերը՝ ցեղասպանության վտանգի տակ դնելով 120 հազար մեր ու ձեր հայրենակիցներին։ Բազմաթիվ անգամ ձեր ելույթներում, կառավարության նիստերի ժամանակ, հայտարարել եք, որ Ադրբեջանը ցեղասպանություն է նախապատրաստում Արցախի Հանրապետությունում։ Դրա մասին 8-ից ավելի անգամ ահազանգել է նաև Լեմկինի Ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտը։ Այսօր Արցախում մարդկանց սովի մատնելով՝ մեզ բոլորիս ստիպում են հրաժարվել մեր իրավունքներից և պետականությունից։ Ու այս ամենի մեջ առկա է նաև Հայաստանի Հանրապետության իշխանությունների մեղքը, որը հրաժարվում է պաշտպանել իր քաղաքացիների մի մասին, որոնք ունեն նույն ՀՀ քաղաքացու անձնագիրը։ Դուք դեռ կարող եք փրկել մեր հարազատներին ցեղասպանությունից՝ դիմելով ՄԱԿ Անվտանգության Խորհուրդ և հորդորելով օրակարգ մտցնել Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի հարցը։ Դուք՝ որպես ՀՀ վարչապետ, պարտավոր եք պահանջել Արցախի Հանրապետություն մտցնել ՄԱԿ խաղաղապահ զորքեր, քանի որ ռուս «խաղաղապահները» չեն կատարում իրենց պարտականությունները։ Ռուսաստանի Դաշնությունը ևս մեկ անգամ ապացուցել է, որ հանցավոր պայմանավորվածությամբ իր զորքերը մտցրել է Արցախ՝ հայաթափելու Արցախի Հանրապետությունն ու այն հանձնելու Ադրբեջանին, ինչպես որ տեղի ունեցավ 1988-91 թվականներին, երբ խորհրդային զորքերի աջակցությամբ հայաթափվեցին մի շարք հայաբնակ քաղաքներ ու շրջաններ։ Դուք պարտավոր եք օգտագործել վերջին հնարավորությունը և կարճ ժամկետում կանխել մեր հարազատների սպանդը։ Հակառակ դեպքում մենք կդիմենք Մինսկի խմբի մյուս համանախագահներին՝ Ֆրանսիային ու ԱՄՆ-ին և կհորդորենք, որ իրենք վերցնեն խնդիրը ՄԱԿ ԱԽ օրակարգ մտցնելու նախաձեռնությունը, քանի որ ՀՀ իշխանությունը ուզուրպացված է և չի պաշտպանում իր քաղաքացիների շահերն ու անվտանգությունը, ստորադասելով դրանք օտար երկրների շահերին»,- նշվում է նամակում։

Լրագրողների հետ զրույցում «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանն ասաց, որ Արցախում իրավիճակն օրեցօր բարդանում է։ «Արդեն սկսել են Կարմիր խաչի մեքենայից մարդ առեւանգել, դա նշանակում է, որ Հայաստանի վերջին մի քանի ամսվա քաղաքականությունը հասցրել է նրան, որ Արցախի բնակչությունն այսօր շատ մեծ վտանգի տակ է։ Թող ոչ մեկ այս խնդիրը չտեղափոխի հումանիտար հարթակ, սա քաղաքական խնդիր է։ Այս ամենով Ադրբեջանը մեզ ստիպում է հրաժարվել մեր պետականությունից, մեր իրավունքներից եւ դառնալ ինչ-որ զանգված, որը պետք է կռացած ենթարկվի Ադրբեջանի պահանջներին»,- ասաց նա։

Մարգարիտա Քարամյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում ելքը միակն է՝ Հայաստանը պետք է դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ։ «Քանի որ մեր երեսփոխաններն այս իրավիճակում գնացել են արձակուրդ, երեւի շատ են աշխատել, հոգնել են, չենք կարողանում ստիպել, որ Հռոմի ստատուտը վավերացնեն, որ կարողանանք գոնե դիմել Միջազգային քրեական դատարան եւ հայց ներկայացնել, որ Ադրբեջանը ահաբեկչական պետություն է՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Եթե Հայաստանի իշխանությունները չդիմեն ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, մենք ստիպված ենք լինելու դիմել Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրներին՝ ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային եւ ստիպված ենք լինելու ասել, որ Հայաստանում իշխանությունն ուզուրպացված է, մեր իշխանություններն անտեսում են ազգի շահերն եւ անվտանգությունը եւ դա ստորադասում են այլ երկրների շահերին։ Դիմելու ենք, որպեսզի ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում օրակարգ մտցնեն Արցախի խնդիրը»,- հավելեց Մարգարիտա Քարամյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031