Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջափակված Արցախցին

Օգոստոս 22,2023 18:45

Արցախցու համար շատ արժեքներ այլևս վերարժևորվել են։ Այստեղ է, որ կտեսնես բազմամարդ հերթեր՝ մոտիկ ու հեռու առևտրային կետերի ու դատարկված, բայց ինչ-որ ապրանք ստացած խանութների առաջ։ Մի ժամանակ գուցե ոչ ոք չէր պատկերացնի, որ հերթեր կլինեն ձվի, մսի, ձմերուկի, անգամ հանապազօրյա հացի համար։

Ու այդ հացի նշանակությունը, արժեքն այլևս ուրիշ է, որովհետև հերթերում վատնած թանկագին ժամանակի արդյունք է։ Մարդիկ գրեթե չեն քնում, որովհետև գիշերվա ժամերին պիտի կազմ ու պատրաստ զբաղեցրած լինեն իրենց տեղերը խիտ հերթերում՝ տանելու իրենց բաժին հացը։ Վաղը հացը միգուցե սուղ լինի կամ ընդհանրապես չլինի՝ սա է բոլորի մտավախությունը, իրենց ընտանիքի անդամների, երեխաների սոված մնալու հեռանկարը…

Եվ մարդիկ ամենուր շտապում են, ոտքով պտտվում քաղաքով մեկ, ոտնատակ անում բոլոր անկյունները՝ ինչ-որ բան հայթայթելու ու գնելու հույսով։ Հաճախ այդ ժամանակն անտեղի է ծախսվում, հաճախ՝ ոչ, կարևորը թեկուզ անհաջող, բայց գոնե փորձ ձեռնարկելուց հետո մարդկանց սրտերին իջնող հոգեկան հանդարտությունն է…

Աշխարհի տարբեր կետերում մտահոգություններն ու պահանջմունքներն այլ են։ Մարդիկ մտածում են կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու, նոր զգացողությունների, նոր ճանապարհորդությունների մասին։ Իսկ ահա այստեղ՝ Արցախում, մարդիկ մտածում են՝ ինչ զրկանք ու փորձություններ կբերի իրենց վաղվա օրը, ապագայի հանդեպ այդ կեղեքիչ անորոշությունը երբևէ կցնդի՞, թե՞ ոչ։

Մարդու բնականոն կյանքի համար անհրաժեշտ ամեն բան այլևս թողնված է մի կողմ՝ նյութական հարմարավետություն, պահանջմունքների բավարարվածություն, կյանքի, կրթության, ազատ տեղաշարժվելու և այլ իրավունքներ։ Մարդիկ միայն մտածում են օրվա հացից չզրկվելու ու իրենց սոցիալական վիճակի մասին։

Ու մտածում եմ՝ այս պայմաններում վախենամ ստամոքսը հաղթի ուղեղին, նյութը՝ գաղափարին, մարմինը՝ հոգուն, բայց հաջորդ վայրկյանին հակառակն եմ պնդում՝ այս ճնշված ժողովրդի համբերությունն ու ինքնապահպանման բնազդը մի օր պայթելու է, պայթելու է անսպասելի, ամպրոպի նման՝ անարդար աշխարհի ու վայրենի թշնամու գլխին։ Երկար լռությունից հետո օդում պայթելու է հայրենատիրության մեր վճռական խոսքը, հրավառվելու են մեր ոգին, լեզուն, գաղափարական արժեքները…

Կարեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

երիտասարդ իրավաբան

Շրջափակված Արցախ, 2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031