Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիգրան Խաչատրյանն անգամ թաքնվելու փորձ չի կատարել․ այցելել են նրա բարեկամի տուն, բնականաբար, վերջինս այնտեղ կարող էր չլինել»․ փաստաբանը՝ Սուրիկ Խաչատրյանի որդու մասին

Օգոստոս 28,2023 16:35

«Տիգրան Խաչատրյանի նկատմամբ առկա է ապօրինի քրեական հետապնդում։ Միգուցե դա հետագայում դառնա քաղաքական հետապնդում»,- մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի պաշտպան Վահագն Քեշիշյանը։

Ըստ փաստաբանի՝ տվյալ քրեական վարույթի հետաքրքրությունն այն է, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ վարույթ նախաձեռնելուց սկսած՝ առաջ են եկել բազմաթիվ խախտումներ, կայացվում են ապօրինի գործողություններ այդ անձի նկատմամբ․ «Խնդիրն այն է, որ անձի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել առանց բավարար փաստերի։ Մեղադրում են խուլիգանության կատարման մեջ՝ զենքի գործադրմամբ, բայց խուլիգանության վայրի վերաբերյալ, կոնկրետ հիմնավորող կասկածի մասով եմ նշում, որևէ փաստական տվյալ առկա չէ։ Խոսվում է ինչ-որ վկաների մասին։ Դատարանին ներկայացված նյութերը, որոնք ինձ հասանելի են, նման փաստ այնտեղ առկա չէ։ Ուղղակի անձով պայմանավորված է, որ իմ պաշտպանյալի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ»։

Լրագրողների այն դիտարկումներին ի պատասխան, թե Տիգրան Խաչատրյանը թաքնվում է, փաստաբանն ասաց․ «Այդ հարցի վերաբերյալ բավարար գործողություններ վարույթն իրականացնող մարմինը չի կատարել։ Այցելել են Տիգրանի Խաչատրյանի բարեկամի տուն, բնականաբար, վերջինս այնտեղ կարող էր չլիներ, դրանից բացի առանց փաստի դատարան միջնորդություն են ներկայացրել, որ խափանման միջոց կալանք կիրառի»։

Փաստաբանը պնդեց՝ չունենք որևէ ապացույց, փորձագետի եզրակացություն, չունենք դատաբժշկի եզրակացություն․ «Սրանք խոսում են մի բանի մասին, որ կոնկրետ անձի նկատմամբ ուղղակի ցանկություն են ունեցել, որ վարույթ նախաձեռնվի և ցանկությունն էլ անձով է պայմանավորված։ Չունենք ցուցմունքներ, չունենք եզրակացություն, բայց ունենք խուլիգանության մեղադրանք»։

Aravot.am-ի փաստմանը՝ բայց ըստ նախաքննությամբ ստացված տվյալների՝ Տիգրան Խաչատրյանն իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածք և հեռացել դեպքի վայրից, փաստաբանն արձագանքեց․ «Ցանկացած հրազենի առջևի մաս, որը դուրս է գալիս ատրճանակից, արճիճից է։ Տվյալ տեղում, որտեղ դեպքը եղել է՝ ավտոտեխսպասարկման կետում, այդտեղ բազմաթիվ արճիճի կտորներ են եղել։ Ո՞ր դատաբժշկի եզրակացությունն է ցույց տալիս, որ տվյալ վնասվածքը ստացել է տուժողը հրազենից։ Նման փաստ չունենք»։

Փաստաբանը վստահեցրեց՝ Տիգրան Խաչատրյանը չի թաքնվում, անգամ թաքնվելու փորձ չի կատարել։

Aravot.am-ը փաստաբանին հարցրեց՝ որո՞նք են լինելու իր գործողությունները, նա պատասխանեց․ «Ունեմ առանցքային վկա, ում փաստաբանական հարցման եմ ենթարկել իր ցանկությամբ․ ինքն էր զանգահարել, խնդրել էր՝ իր միտքը բարձրաձայնի, և որ միջոցներ ձեռնարկենք, որ վարույթն իրականացնող մարմինը կանչի իրեն, լրացուցիչ հարցաքննվի։ Միջնորդությունը քննիչը մերժեց»։

Փաստաբանը մեզ հետ զրույցում նաև չբացառեց, որ բացարկ հայտնի ամբողջ բաժնին միջնորդություն ներկայացնի, որ քրեական գործը քննվի Երևանում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031