Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքային իշխանությունները չեն տիրապետում այդ «քնած» փողերին»․ «Առերեսում»

Սեպտեմբեր 02,2023 22:00

Երեւանի 2023 թվականի բյուջեն 105 մլրդ դրամ է (մոտ 275 մլն դոլար): Այդ գումարի ընդամենը 37%-ն են Երեւանի սեփական եկամուտները: Մայրաքաղաքի բյուջեի 41%-ը ապահովվում է պետության կողմից պատվիրակված լիազորությունների կատարումից, 13%-ը դոտացիան է, 7%-ը սուբվենցիան: Այս հաշվարկը ներկայացնելով՝ վերլուծություն կա, որ «Երեւանի բյուջեն բավականին փոքր է մայրաքաղաքի առջև ծառացած խնդիրները լուծելու և մասշտաբային զարգացման ծրագրեր իրականացնելու համար: Իսկ Երեւանի սեփական եկամուտները՝ է՛լ ավելի փոքր: Առանց կառավարության մասնակցության, պետական բյուջեից ֆինանսավորման, առանց միջազգային աջակցության և կրեատիվ լուծումների պարզապես անհնար է Երեւանում լուրջ փոփոխություններ անել»։

Մինչդեռ Երեւանի ավագանու ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերը զանգվածային ծրագրեր են հռչակում նման փոքր բյուջեի պայմաններում ու դեռ ավելին՝ խոստանում, թե շատ բաներ դարձնելու են անվճար։

Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում, որ որեւէ ոչ իշխանական ուժի ներկայացուցիչ քաղաքապետ այս պայմաններում կարող է իրականացնել այն խոստումները, որոնք այժմ հնչում են՝ «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ «Հաղթանակ» կուսակցության նախագահ, Երեւանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը պատասխանեց․ «Միանշանակ՝ դժվար կլինի»։ Եվ ի հավելումն հասարակական տրանսպորտն անվճար դարձնելու իրենց առաջադրած խնդրի լուծումների՝ մասնավորապես ավտոկանգառների բերած եկամուտները, եւս մի աղբյուր նշեց․ «Փոքր Կենտրոնի մանսարդների թույլտվությունները վաճառելը․ մենք կարող ենք գեներացնել տարին մինչեւ 30 եւ ավելի միլիոն դոլար մոտակա 10 տարվա ընթացքում։ Պատասխանատու հայտարարում եմ՝ որպես քաղաքապետարանում աշխատած եւ Կենտրոնի պատասխանատու ու քաղաքային պլանավորող; Ցավոք, այսօր մեր քաղաքային իշխանությունները չեն տիրապետում այդ «քնած» փողերին»։

Որպես ապացույց, թե իրականացվում է ոչ արդյունավետ կառավարում՝ Վիկտոր Մնացականյանը մի օրինակ բերեց․ «Երեւանի քաղաքային բյուջեից ծախսվել է մոտ 7 մլն եվրո։ «Ռենկո» ընկերությանը պատվիրել եւ կառուցել են Ազատության հրապարակի տակի 500 տեղանոց՝ 3 հարկանի ստորգետնյա կանգառը, 200 դրամանոց։ Այն դեպքում, երբ Հյուսիսային պողոտայում արդեն 400 դրամ է կայանման գինը։ Բայց գիտե՞ք, թե ինչու չի աշխատում։ Որովհետեւ մինչեւ հիմա Երեւանի քաղաքապետարանի համայնքային, պետական գույքի Թումանյան փողոցից հիմնական մուտքի վրա գրված է «ավտոլվացում»։ 3-4 անգամ միայն զգուշացրել եմ, դիմել հրապարակավ՝ մարդիկ չեն կարող փոփոխություններ անել, նրանք չեն զգում Երեւանը․․․ Ու ուզում եք, որ քաղաքական այս թիմը կարողանա բարեփոխումնե՞ր իրականացնել»։

«Միացյալ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրում բազմաթիվ են խոստումները, որոնք ենթադրում են հսկայական ծախսեր՝ «վթարային շենքերի ամբողջական վերակառուցում կամ ամրացում», «երևանցիների ֆինանսական պարտավորությունների կանոնակարգում և նվազեցում», «գույքահարկի տույժերի և տուգանքների, ճանապարհային երթևեկության որոշ կանոնների խախտման տուգանքների, բանկերի կողմից հաշվարկված տույժերի և տուգանքների համաներում», «Հրազդանի կիրճի ամբողջական վերակառուցում, մաքրման համակարգերի վերականգնում և արդիականացում, հանրային լողավազանների ստեղծում», «քաղաքի ջրահեռացման համակարգի արդիականացում» եւ այլն։

Այս ամենի «հարցի գինը» հստակեցնելու առաջարկին ի պատասխան՝ «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, Երեւանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանն ասաց․ «Այդ ամենի գինը խելքն է։ Ես մեղք չունեմ, որ մեր իշխանությունները միայն հարկերով են տեսնում պետական բյուջեի համալրումը։ Եվ որ ասում են՝ առանց կառավարության մասնակցության անհնար է՝ կառավարությունը կարո՞ղ է «հոր տնից» է այդ գումարները բերում, որ որոշի՝ տա՞, թե՞ չտա։ Այդ ամբողջ բյուջեի մեծ մասը Երեւանի կազմակերպություններն են ապահովում։ Թող չմոռանան, որ դա իրենց գումարը չի՝ դա պետության գումարն է։ Եվ նրանք պարտավոր են նաեւ դրա մի մեծ մասը ծախսել պետության մայրաքաղաքի վրա։ Բացի այդ՝ մենք մի դրույթ էլ ունենք, որ ստեղծվելու է Երեւանի զարգացման ներդրումային հիմնադրամ։ Թափանցիկ հիմնադրամ է լինելու՝ ամենօրյա ռեժիմով հրապարակվելու է, թե ով ինչքան գումար է ներդրել»։

Երվանդ Թարվերդյանը նաեւ պնդեց, թե խոսել է միջազգային մի շարք կառույցների ներկայացուցիչների հետ․ «Նրանք հաճույքով պատրաստ են ֆինանսավորել այդ բոլոր ծրագրերը, քանի որ դրանք շահեկան են»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930