Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենց պնդումները «ասին, չարիք»-ի իշխանության պնդումներ են»․ Թանդիլյանը՝ ՔՊ-ականների՝ 15 տարվա գործ անելու մասին պնդումների առիթով

Սեպտեմբեր 03,2023 21:12

«Դա նրանից է, որովհետև իրենց պնդումները «ասին, չարիք»-ի իշխանության պնդումներ են։ Ասում են՝ ինչ պիտի ասեն, այլ ոչ թե այն, ինչ իրականություն է»,-Aravot.am-ի դիտարկմանը՝ երևանցիների բարձրացրած բազմաթիվ խնդիրներ նշեցիք, մինչդեռ իշխող ուժի ավագանու անդամները պնդում են, որ վերջին 5 տարիներին իրենք 15 տարվա գործ են անում, և հարցին՝ այդ դեպքում՝ ինչո՞ւ երևանցին այդքան խնդիրներ ունի, այսպես պատասխանեց «Ապրելու երկիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

Նոր Նորք վարչական շրջանում քարոզարշավից առաջ լրագրողների հետ զրույցում Մանե Թանդիլյանը՝ փաստեց՝ իշխող կուսակցության ներկայացուցիչներն էլ են շրջում բակերում և հենց իրենց էլ են բազմաթիվ խնդիրներ ասում․ «Շատ կարևոր է հասկանալ, որ մի հատ կանգառ կամ մի ավտոբուս բերելը համակարգային լուծում չէ, մարդիկ հավերժ դա ասելու են, քանի դեռ դու համակարգային լուծում չես տվել։ Տրանսպորտային բարեփոխումները մեկ կամ մի քանի ավտոբուս գնելը չէ, այլ խցանումներից փողոցն ազատելն է, ժամանակին, ճշգրիտ չվացուցակով իրենց ավտոբուսը գալ, գնալն է։ Մենք ասում ենք՝ ութ րոպեից ավելի կանգառում չեք սպասելու, բայց այդ մեկ նախադասության տակ տարիների ամենօրյա քրտնաջան աշխատանք է, որովհետև դա նշանակում է բեռնաթափել փողոցները, նոր ճանապարհ կառուցել, անհատական ավտոմեքենաներից ազատել ճանապարհները։ Մարդիկ ճոպանուղիով կերթևեկեն, մեքենան կկանգնեցնեն, սա կազատի խցանումներից։ Այդ դեպքում տրանսպորտային առանձնացված գծերը չեն առաջացնի խցանում։ Այսպես են անում բարեփոխումը, այլ ոչ թե ուղղակի առանձնացնում ես գիծ, մեկ էլ խցանումը տեղափոխվում է մյուս երեք-չորս գիծ։ Անտանելի է, ուղղակի տեղաշարժվել չի լինում Երևանում»։

Նա թվարկեց, թե հատկապես ինչ խնդիրների մասին են բարձրաձայնում երևանցիները․ «Բակային խաղահրապարակների որակը սարսափելի է, էլ չեմ ասում, որ երեխաների կյանքի ու առողջության համար վտանգավոր նյութերով են պատրաստվում այդ բակերի խաղահրապարակները։ Սա տարբեր բակերում եմ դիտարկել՝ սարսափահար եմ եղել՝ հասկանալով, որ դրանք տեղի են ունեցել հենց այս  ընտրությունների պատճառով, որ Ավինյանն ընտրվի։ Արագ-արագ, անորակ բազմաթիվ բակեր են բացվել։ Սա ցավով եմ ասում՝ կարծեք իմ մեղավորության զգացմամբ, քանի որ երևի փորձել են այնպես անել, որ առավելություն ունենան մեր նկատմամբ՝ հասկանալով, որ մենք որակի ետևից ենք գնալու։ Մեր այգիները, բակերը, որոնք կառուցել ենք տարբեր քաղաքներում, անհամեմատելի են։ Համընդհանուր խնդիրներն էլ են անհանգստացնում մեր քաղաքացիներին։ Տրանսպորտի անմխիթար վիճակը․ խցանումներում մարդիկ ժամեր են անցկացնում։ Օդի աղտոտվածության մասին են խոսում շատ հաճախ, հատկապես շինհրապարակների կողքին տեղակայված տները, քանի որ գիտեք՝ այս տարի աննախադեպ շինթույլտվություններ են տրվել։ Շինարարությունը օդի աղտոտվածությունը հասցրել է աննախադեպ մակարդակի։ Թափառող շներն են անհանգստացնում քաղաքացիներին»։

Մանե Թանդիլյանն ասաց՝ իրենց ծրագրում ժամկետներ են նշված, որ երևանցին կարողանա իրենց աշխատանքը վերահսկել։ Նշեց, որ բազմաբնակարան շենքերում ապրող քաղաքացիներին ասելիք ունեն․ «Հասկանում ենք, մասնագետներն են ասում, որ Երևանի 80 տոկոս շենքերը կփլվեն, եթե Երևանում լինի Սպիտակի երկրաշարժի նման երկրաշարժ։ Մենք խոսում ենք այդ շենքերի ամրացման մասին, բարձրացնելու ենք շենքերի սեյսմակայունությունը։ Մարդկանց շենքերի աղտոտված, անմխիթար վիճակն է անհանգստացնում։ Մենք ասում ենք՝ շուրջօրյա մաքրող համակարգ ենք ներդնելու բազմաբնակարան շենքերում։ Ակնհայտ է, որ համատիրություններն այլևս չեն սպասարկում, այն, ինչ պիտի անեն։ Համատիրության վճարները հանելու ենք։ Գիտեք՝ գույքահարկը Երևանում բարձրացնում են ամեն տարի։ Այդ միջոցներն ուղղելու ենք շենքերի մաքրությունը ապահովելուն, բակերում գիշերային լուսավորության ապահովմանը։ Բազմաթիվ են ծրագրերը։ Ապաստարանների ծրագրեր ենք առաջարկում, ստորգետնյա և շարժական ավտոկայանատեղիներ ենք ներդնելու, որ բակերը ծառայեն՝ ըստ նշանակության»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930