Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզահամերգային համալիրը մեր հաղթաթուղթն է բոլոր հայտերում. Արայիկ Հարությունյան

Սեպտեմբեր 09,2023 18:29

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 40-ամյակին նվիրված միջոցառմանը:

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է բոլորին այս կարևոր օրվա առիթով և նշել. «Իմ ընկերները, գործընկերները թույլ չեն տա ստել, ամեն անգամ, երբ մտնում եմ այս շենք, մտովի ցանկանում եմ զրուցել Կարեն Դեմիրճյանի հետ, որովհետև չեմ պատկերացնում, թե ինչպես է 1970-80-ականներին այսպիսի մտահղացում եղել` ստեղծելու 21-րդ դարի կառույց։

Եվ սա ֆիքսում ենք ոչ միայն մենք, այլև բոլոր այն միջազգային կառույցների ներկայացուցիչները, որոնց հետ այստեղ մեծ միջոցառումներ ենք անցկացնում։ Գիտեք, որ 40 տարի անց այս շենքում տեղի ունեցավ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Ինչո՞ւ եմ ասում 40 տարի անց, որովհետև այս շենքն իրականում 1980-ականների սկզբին կառուցվում էր Եվրոպայի և Աշխարհի ծանրամարտի առաջնությունն անցկացնելու համար, որը, ցավոք, Հայաստանից տեղափոխվել էր Մոսկվա։

Ըստ էության, 40 տարի անց բոլոր հեղինակների, այդ թվում՝ Կարեն Դեմիրճյանի երազանքն էլ ի կատար ածվեց, և այս շենքն ընդունեց այդ մեծ միջոցառումը, որը փայլուն անցկացվեց, որովհետև մենք ունեինք այսպիսի ենթակառուցվածք։ Այստեղ անցկացրեցինք նաև բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը»: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը փաստել է, որ համալիրում բարձր մակարդակով անցկացվում են մարզական, երաժշտական միջոցառումներ, և դա նաև շնորհիվ այս կառույցի և ենթակառուցվածքի։

Նրա խոսքով՝ Մարզահամերգային համալիրը մեր հաղթաթուղթն է բոլոր հայտերում` հյուրընկալու տվյալ միջոցառումը։ «Եվ ես հերթական անգամ բոլորիս շնորհավորում եմ այս առիթով։ Կառավարությունն այս ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ արդեն բավականին շատ աշխատանք է տարել, բայց ունենք նաև այլ աշխատանքներ, որոնք առաջիկա մի քանի տարվա ընթացքում պետք է իրականացնենք, և համալիրը նոր, արդեն արդիականացված տեսքով կներկայանա մեր հյուրերին, հայաստանցիներին»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ, ճարտարապետության և քաղաքաշինության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արդյունավետ գործունեության համար Անանիա Շիրակացու մեդալով են պարգևատրվել ճարտարապետ Հրաչ Պողոսյանը և Գրիգոր Ազիզյանը, «Աշխատանքային վաստակի համար» մեդալով է պարգևատրվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սպասարկման ծառայության պետ Ցոլակ Միքայելի Սարգսյանը:

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Պարգևները հանձնել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Միաժամանակ, Կարեն Ղազարյանը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին պարգևատրել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 40-ամյակին նվիրված հուշամեդալով:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930