Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ընտրությունները ՔՊ-ն դիտարկում է՝ որպես Փաշինյանի վստահության հանրաքվե, այդ պատճառով կիրառում է բոլոր թույլատրելի և անթույլատրելի գործիքակազմերը»․ Գրիգոր Երիցյան

Սեպտեմբեր 15,2023 21:33

Ըստ Գրիգոր Երիցյանի՝ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի՝ քարոզարշավին միանալը նշանակում է, որ իշխանությունների սպասելիքները քարոզարշավից չեն արդարացել։

Aravot.am-ի զրուցակիցն է «Ազգային առաջընթաց» կուսակցության Երևանի ավագանու անդամի թեկնածու Գրիգոր Երիցյանը։

-Պարոն Երիցյան, ինչպե՞ս կգնահատեք այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի վերջին օրերին սկսեց այսպես ասած մասնակցել քարոզարշավին։ Այսօր էլ նրա գլխավորությամբ Մայրաքաղաքի երթ է իրականացվում ՔՊ-ի կողմից։ Նիկոլ Փաշինյանի՝ այսպիսի մասնակցությունը չե՞ք կարծում, որ կարող է մեծ ազդեցություն ունենալ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների վրա։

-Քարոզարշավին մասնակցությունը Փաշինյանի իրավունքն է․ ինքն այդ կուսակցության ղեկավարն է։ Բայց կարծում եմ՝ հենց վերջին օրերին քարոզարշավին՝ իր միանալը նշանակում է, որ այն սպասելիքները, որ այս պահին իշխանություններն ունեին քարոզարշավից, չեն արդարացել և դիմել են Փաշինյանի աջակցությանը։ Այսօրվա երթը հենց այդ նպատակն ունի՝ ստեղծել պատրանք, որ ժողովուրդն աջակցում է այս իշխանություններին։ Այդ պատճառով հիմա ավտոբուսները լցնում են, մարդկանց թաղապետարաններից, պետական հիմնարկներից հավաքում են, էդ պատրանքը ստեղծելու համար։ Փաշինյանի մասնակցությունը նաև կարող է հակառակ էֆեկտն ունենալ, քանի որ այսօր վարչապետի նկատմամբ վստահության մակարդակը բավականին ցածր է՝ համեմատած նախկինի հետ։ Ինձ թվում է՝ ՔՊ-ն հաշվարկել էր, որ պետք է Փաշինյանին դուրս թողնի այս քարոզարշավից, իրենց քարոզչական նյութերում նա բացակայում է․ ի սկզբանե ոչ մի տեղ չի երևացել։ Իսկ հիմա՝ քարոզարշավի վերջին օրերին արդեն ռազմավարությունը փոխում են։

-Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից հետո Դուք կարծիք հայտնեցիք՝ «Երկիրը պատերազմի շեմին, իսկ երկրի ղեկավարը ամենադիտվող եթերի 80%-ի ընթացքում բամբասում է Երևանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուից: Ի՞նչ անուն տալ սրան»։ Իսկ Դո՞ւք ինչ անուն եք տվել այդ հարցազրույցին, ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Ես կարծում եմ, որ մի երկրի վարչապետ, որը գտնվում է պատերազմի շեմին, պետք է զբաղվի իր գործով, մինչդեռ այսօր ամբողջ պետական ապարատը՝ ԱԺ-ն, կառավարությունը, բոլորը լծված են մեկ հոգու ընտրության հարցին։ Եվ դա անում են աշխատանքային ժամերին, դա անում են մեր հարկատուների կողմից տրված աշխատավարձերի, պարգևավճարների հաշվին։ Ես անընդունելի եմ համարում, որ կարևոր հարցեր քննարկելու փոխարեն երկրի թիվ մեկ դեմքը Հանրայինի եթերում հանրային փողերով խոսում է միայն մեկ ընդդիմադիր թեկնածուից՝ եթերի ութսուն տոկոսի ժամանակ։ Այս ընտրությունները ՔՊ-ն դիտարկում է՝ որպես Փաշինյանի վստահության հանրաքվե, այդ պատճառով կիրառում է բոլոր թույլատրելի և անթույլատրելի գործիքակազմերը։ Ես վստահորեն ասում եմ, որ վարչական ռեսուրսի այսպիսի չարաշահում մենք վաղուց չենք տեսել։

-Քարոզարշավի վերջին օրն է։ Ինչպե՞ս կամփոփեք այն, մանավանդ, որ դիտորդական առաքելությունները, ամփոփելով արդյունքները արձանագրում են, որ վարչական ռեսուրսի օգտագործման մեծ ծավալներ են դիտարկվել։

-Կարծում եմ՝ վարչական ռեսուրսների օգտագործման մասով այստեղ հարց չի կարող լինել․ հենց նույն այն, որ այսօր էլ մարդկանց ստիպողաբար երթի են տանում։ Առհասարակ էլի եմ ասում՝վարչական ռեսուրսի այսքան օգտագործում մենք վաղուց չենք տեսել։ Քարոզարշավն անցել է խիստ անմրցակցային պայմաններում։ Եթե անգամ ընտրությունները ազատ ու թափանցիկ լինեն, ինչը նույնպես շատ կասկածելի է, այնուամենայնիվ, արդեն իսկ արդար չեն, քանի քարոզարշավն անցել է խիստ անմրցակցային պայմաններում։ Իշխանության թեկնածուն ակնհայտ առավելություն է ունեցել մյուս թեկնածուների նկատմամբ։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930