Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախից հետո հաջորդ հարձակումը կլինի Սեւանի ավազանի, Զանգեզուրի ուղղությամբ, ոմանք թող չուրախանան, թե սրանով վերջանալու է»․ Գրիգորի Այվազյան

Սեպտեմբեր 19,2023 17:47

Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադարձավ Արցախի ուղղությամբ ադրբեջանական հարձակմանը։

«Բաքուն չի թաքցրել, որ Արցախի նկատմամբ քաղաքականության բաղկացուցիչ մաս է հայաթափումը։ Հիմա մենք տեսնում ենք, որ փուլ առ փուլ, նաեւ միջազգային հանրության անտարբերության պատճառով Ադրբեջանին որոշ չափով հաջողվում է հասնել իր նպատակին։ Իրենք մի քանի անգամ արդեն հայտարարել են, որ հայ բնակչության համար ճանապարհը բաց է՝ Արցախից Հայաստան գնալու համար։ Եվ փուլ առ փուլ իրենք դա իրականացնում են։ Եվ ես այս հարցի վերաբերյալ չեմ տեսնում հասարակության միահամուռ կարծիք, որ ագրեսիան պետք է դադարեցվի։ Հաշտվողականության մթնոլորտն այնքան են սերմանել մարդկանց մոտ, որ պաշտպանունակության մակարդակը բավական ընկել է։ Բայց ես զգուշացնում եմ, որ սրանով չի վերջանալու, Արցախից հետո հաջորդ հարձակումը կլինի Սեւանի ավազանի, Զանգեզուրի ուղղությամբ։ Այնպես որ, ոմանք թող չուրախանան, թե սրանով վերջանալու է։ Այսօր ուրախացողները վաղն իրենց երեխաների դագաղների առաջ են լացելու, բայց ոչ թե Արցախի ճակատում, այլ Հայաստանի տարբեր մարզերում։ Թող ուրախանան, տեսնենք, թե իրենց արյունոտ խրախճանքն ինչքա՞ն է տեւելու։ Ի՞նչ գնով են նրանք թվացյալ խաղաղությունը ձեռք բերելու, եւ ո՞վ է դրա համար վճարելու»,- ասաց Այվազյանը։

Ադրբեջանագետի խոսքով՝ Բաքուն չի թաքցնում իր նպատակները, այս փուլում նպատակ է դրել ոչնչացնել Արցախի Պաշտպանության բանակը։ «Եթե չլինի Արցախի Պաշտպանության բանակը, ո՞վ պետք է պարեկություն իրականացնի։ Եթե Պաշտպանության բանակը չլինի, վաղը Արցախից ոչինչ չի մնալու։ Պաշտպանության բանակն Ադրբեջանին զսպող վերջին օղակն է»,- ասաց Այվազյանը։

Նրա խոսքով՝ հիմա բոլոր ճակատներով պետք է մեծ աշխատանք կատարվի՝ լինի դա դիվանագիտական, թե ռազմական ճակատներում։ Մարտական բարձր պատրաստվածության պետք է բերել բանակը։ «Հակառակ դեպքում վիճակը վատ է լինելու, այդ թվում՝ ՀՀ տարածքի մասին ենք խոսում»,- նշեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930