Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղաչում եմ, նորմալ կյանքով մի շարունակեք ապրել այնպես, ասես ոչինչ չի կատարվել». Արցախցի ուսանողուհի

Սեպտեմբեր 20,2023 15:03

Արցախցի ուսանողները ԵՊՀ-ում դասադուլ էին անում եւ կոչ անում միանալ իրենց: «Հայեր, Արցախում ցեղասպանություն է, Արցախում պատերազմ է, Հայաստանում է պատերազմը…Վաղը չէ մյուս օրը Երասխում է լինելու, հասնելու է Երևան: Դուրս եկեք, Հայաստանում բոլոր շենքերից, Ադրբեջանի վայրագություններից տուժում են քաղաքացիական անձինք »,-հայտարարում էր արցախցի ուսանողներից մեկը:

Նրանք մտնում էին տարբեր լսարաններ: «Որոշումը յուրաքանչյուրինս է, ով դասի է նստում իրեն բարի դաս, իսկ ով ուզում է, միացեք մեզ»,-ասաց մի երիտասարդ եւ կոչ արեց համախմբվել այս դժվարին պահին:

«Ես մեղավոր չեմ, որ Արցախում եմ ծնվել, որ իմ գերեզմաններն այնտեղ են, մեր կուրսեցիներն են այնտեղ զոհվել 44-օրյա պատերազմի ժամանակ, հիմա այդ Արցախը հանձնվում է: Եթե անգամ հանձնվում է, թող պետությունն այնպես կազմակերպի, որ ապահով տարհանեն ժողովրդին: Ոչ մի բան չեն անում, թողել են՝ ցեղասպանվի, հետո բանաձեւեր են ընդունելու, հետո երգեր եք երգելու, ասեք, վայ Ղարաբաղի ժողովուրդը ցեղասպանվել է:

Եթե 120 հազարը հիմա ցեղասպանվում է, ուրեմն 120 հազարը պետք է լինի Հանրապետության հրապարակում, պահանջի, որ քաղաքացիներին տեր կանգնի էս պետությունը: Հանե՞մ անձնագիրս նայեք, ես Արցախի Հանրապետության քաղաքացի եմ, իմ արյունը ձեր արյունից է …Աղաչում եմ, նորմալ կյանքով մի շարունակեք ապրել այնպես, ասես ոչինչ չի կատարվել…Հայերն են ցեղասպանվում, հետո չերգեք Արցախի մասին…Ուսանողներ, դուք կարող եք իջնել հրապարակ, իշխանություններից պահանջել, որ տեր կանգնի հայերին»,-լաց լինելով ասաց արցախցի ուսանողուհիներից մեկը:

 «Ստեղ քաղաքականությամբ կարելի է՞ զբաղվել»,-ուսանողներին նախատեցին ԵՊՀ աշխատակիցներից մի քանիսը:

«Իսկ 2018-ին կարելի՞ էր»,-հարցին հարցով պատասխանեց ուսանողը։

« Գնացեք պայքարեք ձեր հայրենիքի համար, բայց այստե՞ղ»,-չէր ընկրկում ԵՊՀ աշխատակից տղամարդը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930