Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ձևաչափով առաքելությունը ոչ միայն արդյունավետ չէր, այլ վնասակար էր՝ վերադարձի դեպքում տեղի բնակչության անվտանգության և իրավունքների ապահովման նպատակներից ելնելով»․ Աննա Մելիքյանը՝ ՄԱԿ-ի առաքելության մասին

Հոկտեմբեր 04,2023 14:19

«Նմանատիպ ձևաչափով առաքելությունը ոչ միայն արդյունավետ չէր, այլ անգամ վնասակար էր՝ հատկապես վերադարձի դեպքում տեղի բնակչության անվտանգության և իրավունքների ապահովման նպատակներից ելնելով»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված հարցազրույցի ժամանակ կարծիք հայտնեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի մշտադիտարկման առաքելության հայտարարությանը։

Նա փաստեց՝ ՄԱԿ-ի առաքելությունը բաղկացած էր ոչ թե Ժնևի, Նյու Յորքի գրասենյակի աշխատակիցներից, այլ Բաքվում ՄԱԿ-ի ներկայացուցիչների որոշ գործակալությունների ղեկավարներից․ «Նրանք ինչ-որ չափով կաշկանդված են արդեն երկրում գործունեություն ծավալելու առումով։ Բացի դրանից նաև սովորաբար, երբ տեղի է ունենում նմանատիպ առաքելություն, որը պետք է արձանագրի խնդիրները, տեղի ունեցած խախտումները, այն պետք է լինի անկախ»։

Ըստ փորձագետի՝ խնդրահարույց էր նաև այն, որ մարդու իրավունքների հարցերով զբաղվող գործակալության ներկայացուցիչ չկար առաքելության կազմում․ «Վստահ չեմ՝ ունե՞ն մարդու իրավունքների ներկայացուցիչ Բաքվի կառույցում, թե՝ ոչ․ օրինակ՝ Հայաստանում չունենք։ Բնականաբար, եթե տեղի աշխատակից լիներ, էլի մտահոգություն գուցե ունենայինք անկողմնակալության առումով։ Հենց ՄԱԿ-ի պարտականությունն էր ապահովել այդ ներկայացուցչի ներկայությունը, եթե անգամ տեղի գրասենյակում նա չկար, պետք էր հրավիրել տարածաշրջանային գրասենյակից։ Առանց մարդու իրավունքների գործակալության ներկայացուցչի դժվար է խոսել մարդու իրավունքների պաշտպանության ապահովման մասին։ Առաքելությունը կաշկանդված էր նաև երթուղու առումով։ Դա հստակ երևում էր տեսանյութերից, թե ինչպես են մուտք գործում, ուղեկցվում են Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից։ Ինչքան էլ դժգոհենք մամուլի հաղորդագրությունից, այնտեղ հստակ մի քանի պարբերությունում նշվում է՝ այն տեղանքում հնարավորություն ունեցանք դիտարկելու, որտեղ հնարավոր էր։ Հնարավորություն չունեցանք այցելել գյուղաբնակ համայնքներ։ Մինչդեռ մենք գիտենք, որ հիմնականում ռազմական գործողություններից տուժել են ավելի շատ Ստեփանակերտից դուրս՝ գյուղական բնակավայրերում»։

Ըստ Աննա Մելիքյանի՝ կարևոր է հասկանալ նման առաքելության նպատակը․ «Ադրբեջանի իշխանությունները հստակ հրապարակում են, թե ինչ են ակնկալում այդ առաքելությունից։ Հասկանալի էր, որ նրանց ակնկալիքները չէին համընկնում մեր ու միջազգային հանրության ակնկալիքներին։ ՄԱԿ-ի անկախ ու անկաշկանդ գործունեությունը մեծ գործոն էր ժամանակի առումով ապահովելու, որ այդ անձինք մնան իրենց տներում»։

Հարցին՝ այս իրավիճակում ի՞նչ պետք է անի ՀՀ կառավարությունը, փորձագետը պատասխանեց․ «Ե′վ կառավարությունը, և′ քաղհասարակությունը պետք է հստակ դիրքորոշում հայտնեն ակնկալիքների առումով։ Պահանջենք, որ քննարկվի և հետագայում գուցե մշտական ներկայացուցչություններ ունեցող առաքելությունները և գրասենյակները, որոնք այս տարածքում գործունեություն պիտի ծավալեն, լինեն անկախ տեղի ՄԱԿ-ի գրասենյակից, եթե նպատակն է ոչ միայն արձանագրել կամ փորձել ինչ-որ չափով լեգիտիմացնել Ադրբեջանի գործողությունները, ինչի տպավորություն ստեղծեց այս առաքելությունը, այլ իրոք հասկանալը՝ ինչ խնդիրներ կան, որպեսզի տեղի բնակիչները, եթե ցանկություն ունենան վերադառնալ, վստահ լինեն, որ անվտանգությունն ապահովվելու է»։

Հարցին՝ ինչո՞ւ մինչ այժմ չէր հաջողվում որևէ միջազգային առաքելության մուտք գործել Լեռնային Ղարաբաղ և հիմա հանկարծ, երբ վերջին ավտոբուսը լքեց Լեռնային Ղարաբաղը, ՄԱԿ-ի առաքելությունը մտավ այնտեղ, Աննա Մելիքյանը պատասխանեց․ «Կարծես թե այդ վերջին ավտոբուսը տեսել են․ հաղորդագրությունից է պարզ դառնում։ Նշում են՝ խոսել են ինչ-որ տեղացիների հետ, բայց հասկանալի չէ՝ հայեր են, ովքեր են եղել։ Չեն տեսել քաղաքացիական մեքենաներ Լաչինի միջանցքում, քանի որ ադրբեջանական քարոզչամեքենան մինչև ՄԱԿ-ի առաքելության ժամանումը «լվացել» էր ճանապարհը։ Ամբողջը մաքրել էին, հետո թույլ տվել կոնկրետ տարածքներ մուտք գործել։ Սկսած բառամթերքից ու տեղանքի անվանումներից՝ խնդրահարույց է այս առաքելությունը։ Ստեփանակերտ անվանումը չեն նշում։ Սա ցույց է տալիս, որ հաշվի չեն առնում էթնիկ հայերի՝ այնտեղ բնակվելը և այն խնդիրները, որոնք ծագելու են անվանափոխությունից սկսած։ Որևէ խոսք չկա, որ տեղի են ունեցել ռազմական գործողություններ, կան տուժածներ՝ այդ թվում քաղաքացիական անձինք, չկա ոչ մի բան, թե այդ գյուղերում ինչ է տեղի ունեցել, ռմբակոծության տակ գտնվող մարդիկ որտեղ են ապաստան գտել, չեն նշել, թե արդյոք հնարավորություն ունեցե՞լ են, փորձե՞լ են որևէ այլ տեղանք այցելել, թե՞ հետևել են ադրբեջանցիների ցուցումներին։ Խոսում են բժշկական ծառայությունների և կոմունալ ծառայությունների վերականգնման մասին, բայց ընդհանրապես չեն նշում, թե ինչու էին դրանք կասեցվել։ Որևէ դիտարկում, թե ինչ է նախորդել իրենց առաքելությանը, չկա։ Ուստի խնդրահարույց է ընդհանուր պատկերը տալու առումով։ Մենք պետք է շարունակենք պնդել, որ լիարժեք առաքելություն տեղի ունենա, որը մանդատ է ունենալու արձանագրելու, զրուցելու բոլոր մարդկանց հետ՝ այդ թվում ՀՀ-ում ապաստան գտածների, հասկանալու, թե ինչու են մարդիկ ստիպված եղել լքել իրենց տները։ Ակնհայտ է՝ եթե անգամ անձինք պատասխանում են, որ ինքնակամ են լքում իրենց տները, դա զավեշտ է․ տնից զրկել են անձին, սպառնալիքի ներքո անձը լքում է, հետո մեքենայի մեջ շոկոլադ են տալիս տեսախցիկների առաջ, այդ ժամանակ կրկին անձը ազատ չի կարողանում արտահայտել իր կարծիքը, եթե զինված անձինք կան շրջապատում և մտավախություն ունի, որ սխալ բան պատասխանի, իրեն ոչ մեկը թույլ չի տալու լքել այդ տարածքը»։

Փաստմանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ նախագահական պահուստային ֆոնդից մեկ միլիոն դոլար է նվիրաբերել ՄԱԿ-ի բնակավայրերի ծրագրին (ՄԱԿ-Հաբիթաթ), և այդ նվիրատվությունը ստացվել է մեկ օր առաջ, երբ ՄԱԿ-ի առաքելությունն այցելել է Արցախ, Աննա Մելիքյանն արձագանքեց․ «Մի կողմից կարծես թե սովորական երևույթ է ՄԱԿ-ի ծրագրին հատուկ միջոցներ հատկացնելը, որը ֆոնդհայթայթման խնդիր ունի։ Այս առումով այդ գործողությունը, որին գնում են, և արդյունքների ու եզրակացությունների վրա դա որոշիչ դեր չունի՝ կարծում եմ առաքելության կազմը հաշվի առնելով։ Մյուս կողմից բնականաբար, բոլոր գործակալությունները ՄԱԿ-ի ունեն ֆինանսական խնդիր, և ցանկացած այլընտրանքային, արտաբյուջետային նման չպլանավորված ֆինանսավորում կարող է կասկածի տեղիք տալ անկողմնակալության առումով»։

Այն, որ միջազգային հանրությունը չի օգտագործում էթնիկ զտում արտահայտությունը, Ֆրանսիայի ԱԳ նախարարն էլ այդ բնորոշումը չօգտագործեց, այս առիթով փորձագետն ասաց․ «Շառլ Միշելի հարցազրույցներից հասկանալի է, որ բոլորը հասկանում են, թե ինչ է տեղի ունենում, բայց քանի որ կան այլ սպասելիքներ և շահեր, խուսափում են նման եզրույթի օգտագործումից։ Իրավունքների պաշտպանության համատեքստում դա ավելի դժվարացնում է մեր բոլորի գործը։ Երբ կա կոնսենսուս, և երևույթը կոչվում է այնպես, ինչպես պետք է կոչվի, դա ավելի է հեշտացնում գործը։ Այս պահին մենք կարող ենք վստահորեն խոսել էթնիկ զտման փաստի մասին, որը Ադրբեջանի իշխանության երկարատև ջանքերի արդյունք էր։ Շրջափակում, բնակչության ահաբեկում․ այս բոլոր տարրերը դասական էթնիկ զտման չափորոշիչներ են, որոնց մասին խոսում էին, ահազանգում էին, սակայն արձագանքը ուշացած է։ Դա քաղաքական նպատակադրումներից ելնելով է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Աննա Մելիքյանի լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031