Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Սա մի համահավաք ցուցադրություն է, որը լիակատար ներկայացնում է հեղինակին». բացվել է Հակոբ Հակոբյանի հոբելյանական ցուցահանդեսը

Հոկտեմբեր 11,2023 13:40

«Ինչու է այս ցուցադրությունը հատկապես կարեւոր, եւ ինչու մեր աշնանային ցուցադրությունների ընթացքը սկսեցինք հենց Հակոբ Հակոբյանով..․ Մինչեւ որոշում կայացնելը՝ մենք բավականին երկմտել ենք, անգամ հետաձգել ենք ցուցադրությունը՝ ընդհանուր իրավիճակից ելնելով, բայց քննարկելով՝ ի վերջո հասկացանք, որ մշակույթն ու արվեստը հենց այն կարեւորագույն լծակն են, որի միջոցով կարող ենք զարթոնք ապրել, վեր կանգնել, հաղթանակ տանել ու պայքարել…»,-Հայաստանի ազգային պատկերասրահում՝ Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի բացմանը նշեց պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը:

Ընդգծելով, որ իբրեւ ցուցադրության գլխավոր նկար ընտրվել է Հակոբ Հակոբյանի «Մարդը եւ բույսը» աշխատանքը, պատկերասրահի տնօրենը հավելեց, որ այն այսօր էլ արդիական է, խորհրդանշում է մարդու եւ բնության փոխհարաբերությունները. «Այսօր բոլորս մեծագույն պատասխանատվություն պիտի ստանձնենք մեր եւ շրջակա աշխարհի, մեր եւ բնության, մեր եւ այլ մարդկանց հետ փոխհարաբերություններում»,-հավելեց նա:

Ցուցադրության համադրող Մարգարիտա Խաչատրյանը նշեց, որ ցուցահանդեսին նախապատրաստվել են մի քանի ամիս, եւ այժմ ներկայացված են անվանի արվեստագետի շուրջ 110 գեղանկարչական ու գրաֆիկական գործեր, քանդակներ՝ Հայաստանի ազգային պատկերասրահի, Ժամանակակից արվեստի թանգարանի, ընտանիքի եւ մասնավոր հավաքածուներից: Նրա ձեւակերպմամբ, պատկերասրահի 4 սրահներում ներկայացված է արվեստագետի գործերի ընտրանին: Համադրողի խոսքով, ցուցադրությունը կազմակերպվել է ժամանակագրական հաջորդականության եւ ժանրաթեմատիկ բազմազանության սկզբունքով. ներկայացված են թե՛ հեղինակի ստեղծագործական շրջանների լավագույն գործերը, թե՛ անցումային փուլերի աշխատանքները:

«Սա մի համահավաք ցուցադրություն է, որը լիակատար ձեւով ներկայացնում է հեղինակին»,-շեշտեց համադրողը: ծՄարգարիտա Խաչատրյանն ասաց նաեւ, որ կան ստեղծագործություններ, որոնք այդքան հայտնի չեն արվեստասերներին, ինչպես օրինակ մասնավոր հավաքածուից՝ եգիպտական շրջանից «Տիկնիկ» ստեղծագործությունը, որը ցուցահանդեսային ոչ մի կատալոգում կամ ալբոմում չի հրատարակվել:

«Հակոբ Հակոբյանը այն բախտավոր երեւելի արվեստագետներից է, որ երբ հայրենադարձվել է, նրա արվեստն ընդունվել է, թեեւ ամբողջությամբ այլընտրանքային մտածողության տեր արվեստագետ էր եւ կարծրատիպային արդեն հաստատված ավանդույթներից բոլորովին տարբեր, հատկապես որ այն ժամանակ կար 60-ականների հզոր դպրոցը: Հակոբ Հակոբյանը նորույթ էր այդ միջավայրում, բայց ամբողջությամբ ընկալվեց եւ դարձավ հայ կերպարվեստի առանցքային դեմքերից մեկը»,-ասաց Մարգարիտա Խաչատրյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031