Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպանը Կաթողիկոսին հայտնել է Բելգիայի պատրաստակամության մասին աջակցելու Արցախից բռնի տեղահանված անձանց խնդիրների հաղթահարմանը

Հոկտեմբեր 20,2023 23:44

Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։

Նորին Սրբությունը, շնորհավորելով դեսպանին պաշտոնի ստանձնման առիթով, մաղթեց արդյունավետ առաքելություն՝ ի շահ հայ-բելգիական բարեկամական կապերի զարգացման: Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և արդյունավորման գործում: Այս առնչությամբ Հայոց Հովվապետը գոհունակությամբ ընդգծեց նաև Բելգիայի հայ համայնքի ներդրումը հայ-բելգիական հարաբերությունների սերտացման գործում։

Հանդիպմանը Հայոց Հայրապետն իր երախտագիտությունը հայտնեց Բելգիայի Թագավորությանը Բելգիայի խորհրդարանի կողմից ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի, արցախյան հակամարտության ընթացքում Արցախի ժողովրդի անվտանգությանն ու իրավունքների պաշտպանությանն ի նպաստ որդեգրած դիրքորոշումների, ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարությունների և դժվարին այս ժամանակներում Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերած զորակցության համար։

Անդրադառնալով մեր երկրի և ժողովրդի առջև ծառաց անվտանգային և գոյաբանական հարցերին՝ Նորին Սրբությունը կարևորեց միջազգային հանրության, ինչպես և Բելգիայի Թագավորության կողմից ազդու միջոցների գործադրումը։

Բելգիայի նորանշանակ դեսպան Էրիկ Դե Մույնքն իր խոսքում անդրադարձավ տարբեր ոլորտներում հայ-բելգիական համագործակցության խորացման ու զարգացման հեռանկարներին։ Դեսպանը Նորին Սրբությանը տեղեկացրեց Բելգիայի Թագավորության պատրաստակամության մասին աջակցելու Արցախից բռնի տեղահանված անձանց խնդիրների հաղթահարմանը։ Դեսպանը նաև տեղեկություններ փոխանցեց Բելգիայում բուժում ստացող Ստեփանակերտի պայթյունից տուժած արցախցիների առողջական վիճակի մասին։

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031