Լրահոս
Օրվա լրահոսը

«Սխալ վճիռների համար ՀՀ քաղաքացիներն այս տարի պետք է վճարեն մոտ 4 մլրդ դրամ, սա մինչեւ ո՞ւր է գնալու»․ Գեւորգ Պապոյան

Նոյեմբեր 01,2023 11:08

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը բարձրաձայնեց հարցը, որ «Միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում ու միջազգային այլ ատյաններում ՀՀ շահերի ներկայացում եւ պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների եւ որոշումների կատարում» հոդվածով նախատեսվում է 3,8 մլրդ դրամ հատկացնել։ Այս տարվա համեմատ հատկացումն ավելանալու է 1,8 մլրդ դրամով։ «Սա ինչի՞ հետեւանք է, ո՞ր տարիների վճիռներն են, որ այդ սխալ կատարված վճիռների համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օրինակ, այս տարի պետք է վճարեն մոտ 4 մլրդ դրամ կամ մոտ 10 մլն դոլար: Եվ սա մինչեւ ո՞ւր է գնալու։ Չկա՞ ինչ-որ մեխանիզմ, որ մենք այս ծավալը չունենանք։ Մենք անընդհատ աճ ենք ունենում, իսկ սա արդեն երկրաչափական աճ է»,- ասաց Պապոյանը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը նշեց, որ այդ ծրագիրը երկու միջոցառումից է բաղկացած, դրա գերակշիռ մասը վերաբերում է ՀՀ շահերի ներկայացմանն ու պաշտպանությանը։ «Մենք հենց այս միջոցառման գծով ավելի մեծ ավելացում ունենք։ Այսինքն՝ 1,8 մլրդ դրամը վերաբերում է տարբեր միջազգային ու  արբիտրաժային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանությանը։ Սա իրենից ենթադրում է որոշակի խորհրդատվական ծառայությունների ձեռք բերում, այսինքն՝ 1,8 մլրդ դրամ ավելացումը դրան է վերաբերում։ Ինչ վերաբերում է վճիռներով համապատասխան փոխհատուցումների իրականացմանը, այս մասով ավելացումը 210 մլն դրամի չափով է 2023 թվականի բյուջեի նկատմամբ»,- ասաց Պողոսյանը։

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի տեղակալ Տոնոյանն էլ հավելեց, որ ավելացումը եւ բյուջեի գերակշռող մասը վերաբերում են միջպետական գանգատների շրջանակներում ներկայացուցչության ապահովմանը։ Նա մասնավորապես հիշատակեց Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայցերը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930