Կառավարությունը որոշում է կայացրել, որ նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր բոլոր հայրենակիցները կստանան 50 հազարական դրամ՝ առաջնահերթ սպառողական ծախսերի աջակցության նպատակով: Այս մասին հոկտեմբերի 23-ին հայտարարել էր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Սակայն նա մի վիճահարույց բացառության մասին եւս հայտարարեց, ըստ որի` ում բանկային հաշվի վրա կլինեն «բավականաչափ խնայողություններ»՝ չհստակեցնելով, թե ինչքան խնայողությունն է համարվելու բավականաչափ, այդ գումարները չեն ստանա։ Խաչատրյանը հայտնել է, որ իրենք սահմանաչափը հետո կհայտնեն, եւ արցախցիները կտեսնեն սահմանաչափի գումարը, կհամեմատեն իրենց բանկային հաշիվների հետ եւ եթե տեսնեն, որ իրենք շահառու չեն, չեն դիմի: Հիմա հարց է ծագում` մարդկանց բանկային հաշիվներն արդյո՞ք պաշտպանված չեն, եւ այդ տեղեկությունը չի պատկանում բանկային գաղտնիքի ոլորտին։
Կառավարությունն ինչպե՞ս է ստուգելու` դիմողը շահառո՞ւ է, թե՞ ոչ, այլ կերպ ասած՝ ինչպե՞ս է ստուգելու՝ նրա բանկային հաշիվներին բավականաչափ գումար կա՞, թե՞ ոչ։
Փաստաբան Վարազդատ Հարությունյանի խոսքով՝ պետությունը որեւէ օրինական ճանապարհով չի կարող մարդկանց բանկային հաշիվները ստուգել` առանց նրանց համաձայնության։ «Կառավարությունը որեւէ հնարավորություն չունի՝ օրինական կարգով ճշտելու, միակ եղանակը հետեւյալն է, որ այն մարդիկ, որոնք լինելու են այդ սոցիալական օգնության շահառուները, նախօրոք տան համաձայնություն, որ կառավարությունը հարցում անի նրանց բանկային հաշիվների առկայության եւ դրանց մնացորդների վերաբերյալ։ Համաձայնությունից հետո կառավարությունն այդ գործողությունն անի, ստանա այդ տեղեկատվությունը, նոր որոշի վճարման կամ չվճարման վերաբերյալ։ Առանց շահառուների, այսինքն՝ բանկային գաղտնիքի իրավատերերի համաձայնության դա օրինական կարգով անելը հնարավոր չէ, «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը նման հնարավորություն չի տալիս, իսկ եթե այդպիսի կարգ չեն նախատեսել, եւ Տիգրան Խաչատրյանը չիմանալով է այդ միտքն ասել, ապա ինձ թվում է՝ ինքը կսրբագրի իր դիրքորոշումը, եւ այդ որոշումը կվերանայեն։ Ճիշտն ասած՝ ես ուզում էի Կենտրոնական բանկին հարցում անել եւ Ձեզ էլ խորհուրդ կտամ, որ հարցում անեք՝ հասկանալու համար, թե արդյոք բա՞ն է փոխվել, եւ Հայաստանում կառավարությունը կարողանո՞ւմ է Կենտրոնական բանկի միջոցով կամ առեւտրային բանկերի հետ ուղիղ շփման եղանակով տեղեկանալ, թե ով ինչքան փող ունի, կամ բանկային հաշիվների մասին Նիկոլ Փաշինյանին զեկուցո՞ւմ են»,- ասաց Հարությունյանը։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: