Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում խոսքի ազատություն է, եւ ցանկացած քաղաքացի կարող է իր կարծիքն արտահայտել, այդ թվում՝ Հանրային հեռուստաընկերության եթերում». Արա Շիրինյան

Նոյեմբեր 02,2023 16:55

«Վերջերս Հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումներից մեկում քաղաքական բովանդակությամբ 25 րոպե շարունակ հյուրընկալել էին տխրահռչակ մեկին, որը սոցիալական հարթակներում հայտնի է կեղծ լուրերի տարածումով, իրեն թույլ է տալիս  քաղաքական վերլուծություններ անել, հյուրընկալել եք, կներեք, բեսեդկայի մակարդակի քաղաքական վելուծաբանի: Նաեւ կուսակցություններից մեկի հասցեին, ըստ էության, դատական հայցի արժանի հաստատում է կատարում, 25 րոպե շարունակ ողջ հաղորդման ընթացքում դա մնում է: Ես, որպես ձեր բյուջեն հաստատողներից մեկը, այլեւս ցանկություն չեմ ունենում նայել Հանրայինը, որտեղ նաեւ որակյալ հաղորդումներ կան»,- այսպես «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը 2024-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հորդորեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանին՝ Հանրայինը չվերածել այս կամ այն կուսակցության խոսափողի, որովհետեւ, ըստ նրա, լրատվական որոշ հաղորդումներ վտանգ են մեր հոգեւոր առողջությանը: Նա օրինակ բերեց, որ եթեր են տալիս Գոռ Ամատունուն:

Ի պատասխան՝ ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ Հանրայինում իրենք, մի շարք ՔՊ պատգամավորներ վերջին երկու տարում չեն եղել, բայց առնվազն Լիլիթ Գալստյանին այնտեղ տեսել են. «Ոչ էլ Գոռ Ամատունուն գիտենք ով է: Մենք միշտ տեսնում ենք, որ Պետրոս Ղազարյանին ՀՅԴ-ական պատգամավորներ են լինում հյուր: Եթե ասում եք՝ հանրային է, պետք է բոլոր շերտերին ներկայացնի, ձեր ասած բեսեդկայում նստած մարդն էլ է վճարում, որ Հանրայինը լինի: Կարող է մարդը ձեր պատկերացմամբ բեսեդկայի մակարդակով անկապ բաներ է խոսում, բայց իմ եւ ձեր կարծիքից իր կարծիքը տարբերվում է»: ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը հորդորեց դիմել դատարան, եթե խախտում են տեսել: Իսկ հարցի հասցեատերը՝ Արա Շիրինյանը (լուսանկարում) պատասխանեց. «Ես ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ-ում խոսքի ազատություն է եւ ցանկացած քաղաքացի, քաղաքական ուժի ներկայացուցիչ կարող է իր կարծիքն արտահայտել, այդ թվում եւ՝ Հանրային հեռուստաընկերության եթերում: Ես ուղղակի չեմ հասկանում դուք ինչի մասին եք խոսում»:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն էլ ասաց. «Մեզ համար մեծ պատիվ է, որ այս ԱԺ-ից բոլոր խմբակցություններից առնվազն բոլորը բողոքում են Հանրային հեռուստաընկերությունից: Սա նշանակում է, որ այնպես չէ՝ ինչ-որ մեկը գոհ է, մնացածը դժգոհ են: Հանրային հեռուստաընկերությունը գոնե բաց, վստահելի հարցումներով վերջին 3 տարում Հայաստանում ամենավստահելի լրատվամիջոցն է: Մեզ համար ինչն է կարեւոր ավելի շատ տվյալ հարցումներում, որ ֆիքսված է, թե ովքեր որ քաղաքական ուժին են հարում, եւ հստակ ֆիքսված է, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող մեր հայրենակիցները նույնպես դիտում են Հանրային հեռուստաընկերություն: Դուք բողոքեցիք, որ կոնկրետ հյուր ունենք, Հանրայինում յուրաքանչյուր ամիս մոտ 2000 մարդ է հյուր լինում, հիմա խոսում եք կոնկրետ մարդու մասին, որին ես ծանոթ չեմ: Հանրայինը բոլորին փորձում է հրավիրել: Շատ հաճախ մենք խնդիր ենք ունենում ընդդիմությունից հյուրեր ունենալու հարցում, շատ հաճախ ձեր գործընկերները մերժում են եւ չեն գալիս եթեր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930