Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խաչատրյանին Երեւանի առանձնատան թաքստոցից տեղափոխել են Գորիս

Նոյեմբեր 09,2023 23:00

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, այսօր Երեւանում ձերբակալվելուց հետո տարվել է Գորիսի քննչական բաժին:

«Ոչ նա չի թաքնվել, գտնվել է իր տանը: Ես չեմ հանդիպել առանձնատներում թաքստոցների, ու Ոստիկանության հայտնած տեղեկությունները չեմ պատրաստվում մեկնաբանել, նրանք ամեն ինչ, սկսած քրեական գործի հարուցումից, մեկնաբանում են իրենց ուզած ձեւով, մեղադրանքներ են շարում», – Aravot.am-ին ասաց Խաչատրյանի պաշտպան Վահագն Քեշիշյանը՝ անդրադառնալով Ոստիկանության հրապարակած տեսանյութին, ըստ որի, Խաչատրյանը հայտնաբերվել ու ձերբակալվել է իրենց առանձնատան թաքստոցից:

Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցների, այս տարվա հունիսի 19-ին 3 միջադեպ է Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցել: Նա նախ հայհոյել է ոստիկաններից մեկի կնոջը, հետո կռվել բանջարեղեն վաճառող տղայի հետ, ավելի ուշ վիճել ավտոլվացման կետի աշխատակցի հետ ու կրակել նրա ուղղությամբ։ Տուժածին տեղափոխել էին հիվանդանոց։

Տիգրան Խաչատրյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ խուլիգանություն, զենքի գործադրմամբ:
«Ըստ ճաշակի մեղադրանք են ներկայացնում, ինչո՞ւ պետք է ընդունի: Իմ ձեռքի տակ եղած նյութերով տուժողի ցուցմունք չկա, տուժողը հրաժարվել է ինչ-որ բան հայտնել»,- ասաց փաստաբանը:

Նա բացառեց, որ իր վստահորդը ազատության մեջ գտնվելով, կարող էր ճնշումներ գործադրել տուժողի նկատմամբ, որ վերջինս չբողոքի, իր դեմ ցուցմունք չտա. «Նման բան չի կարող լինել, հերյուրանքներ են»:

Վահագն Քեշիշյանի խոսքով, երբ քրեական հետապնդում է սկսել իր վստահորդի նկատմամբ, վարույթ իրականացնող մարմինը 8 օր շարունակ խախտել է անձի պաշտպանության իրավունքը, այսինքն՝ ըստ փաստաբանի՝ պաշտպան ներգրավելու փաստը 8 օրից ավելի չարամտորեն կամ կանխամտածված չէին կատարում օրենքի պահանջով. «Հիմա այս դեպքում հարց է առաջանում, եթե ուրիշ մարդ լիներ, ինչ կմտածեր ու ինչ կակնկալեր քննչականից ու իրավապահներից, որ օբյեկտիվ քննությո՞ւն կիրականացվի: Այն պարագայում, երբ հասարակ պաշտպանի ներգրավումը անօրինական ձգձգվում էր, հիմա ի՞նչ ակնկալենք նման դեպքում, արդարադատություն կլինի՞ ըստ ձեզ»:

Փաստաբանի խոսքով, վարույթի նյութերով Տիգրան Խաչատրյանի դեմ ցուցմունք տված վկաներ էլ չկան. «Վկա է եղել, որը դիմել է ինձ, իր համաձայնությամբ փաստաբանական հարցման եմ ենթարկել, նաեւ տեսանկարահանել եմ, որը հստակ ասել է՝ ինչպես է եղել իրականությունը: Նախքան այս վկայի՝ ինձ հետ կապի դուրս գալը, գործի նյութերով համոզված եմ եղել, որ խուլիգանության հանցակազմը առավել եւս զենքի գործադրմամբ ի սկզբանե չի եղել: Ես չգիտեմ՝ միջադեպ եղել է, թե՝ ոչ, բայց ամեն միջադեպ չի կարելի խուլիգանություն որակել:

Ասեմ իմ կարծիքը՝ ինչու է այսպես եղել, քանի որ խուլիգանությունը ծանր հոդված է ու նախատեսում է 4-8 տարվա պատիժ, իսկ քրեական դատավարությունը ծանր հոդվածների դեպքում թույլատրում է բազմաթիվ օպերատիվ գործողություններ կատարել, այդ իսկ պատճառով արհեստական ծանր մեղադրանք են դրել, որ կարողանան բազմածավալ գործողություններ կատարել, մասնավորապես՝ հեռախոսային վերահսկում, ներքին դիտում , այն, ինչ թույլատրվում է իրականացնել օպերատիվ գործողություններով»:

Մեր դիտարկմանը, այսինքն իրավապահները խնդիր ունեն Տիգրան Խաչատրյանին իրենց տեսադաշտո՞ւմ պահել, փաստաբանն ասաց, որ այս պահին չի կարող նման բան ասել, բայց կարող է պնդել, որ քրեական վարույթի շրջանակում մեղադրանքը շինծու է ու իրականության հետ աղերս չունի. «Այս վարույթը նախաձեռնել են, հետո են մտածել՝ ոնց տակից դուրս գան, ոնց փաստերը հավաքեն»:

Փաստաբանն ասաց՝ տուժողը ձեռքի վնասվածք ունի, բայց փորձաքննության եզրակացությունը երկիմաստ հետեւություններ է առաջ բերել, ինչը իր մեջ կասկածներ է առաջացրել, որ տուժողի վնասվածքը գուցեեւ հրազենային չէ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930