Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանական սուր ու անզիջում բանավեճերը բարեկրթության, մտավորականի պահվածքի, գիտնականի արժանապատիվ կեցվածքի դասեր են եղել

Նոյեմբեր 11,2023 13:30

Գիտաժողով՝ նվիրված անվանի երաժշտագետի, մանկավարժի, կոմպոզիտորի ծննդյան 100-ամյակին

Տարին հագեցած է արվեստի եւ մշակույթի անվանի գործիչների հոբելյաններով, որոնք նշվում են տարբեր ձեւաչափի միջոցառումներով՝ գիտաժողովներ, փառատոներ, համերգներ եւ այլն։

Օրերս ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Հայաստանի կոմպոզիտորների միության համատեղ նախաձեռնությամբ միության դահլիճում կայացավ երաժշտագետ, մանկավարժ, կոմպոզիտոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդուարդ Փաշինյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գիտաժողով։ Հոբելյարի մասին խոսք խնդրեցինք կոնսերվատորիայի գիտական գծով պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու Ծովինար Մովսիսյանից, ով կարեւորելով նման ձեւաչափով անցկացվող միջոցառումները, նշեց, որ արվեստի, մշակույթի մեր երախտավորներին նվիրված հանդիսությունները ոչ միայն ծառայում են այդ անհատներին մեծարելու, նրանց կյանքն ու գործունեությունն ուսումնասիրելու, հանրությանը ներկայացնելու շնորհակալ գործին, այլեւ ստեղծում են այն ամուր կամուրջները, որոնցով հաղորդակցվում են տարբեր սերունդներն ու ժամանակները, միահյուսվում են ավանդույթներն ու նոր մոտեցումները, գեղարվեստական փորձն ու տեսական մտահանգումները. «Սակայն ամենից կարեւորը կենդանի հիշողությունն է, մարդկային ջերմ ու անկեղծ նվիրումի արտահայտությունն այն ամենի նկատմամբ, ինչը մեզ համար անսահման թանկ է, արժեքավոր է ու հարատեւ»։

«Հսկայական է Էդուարդ Փաշինյանի ներդրումը հայ երաժշտատեսական մտքի զարգացման գործում։ Ռոբերտ Աթայանի, Մարգարիտ Բրուտյանի, Նովալիս Դերոյանի եւ մյուսների հետ նա առաջիններից էր, որ հեղինակեց հարմոնիայի, պոլիֆոնիայի հայալեզու դասագրքերը, որպես խմբագիր մասնակցեց տարրական տեսության, վերլուծության դասագրքերի ստեղծմանը, որոնցում պարզ ու գրագետ հայերենով, մշակված տերմինաբանությամբ շարադրված են երաժշտատեսական կարեւորագույն հիմնադրույթները»,- հայտնեց մեր զրուցակիցը։ Մանրամասնեց նաեւ, որ Փաշինյան տեսաբանի կարեւորագույն հայտնագործությունը հայկական հիպերլադային ձայնակարգերի ուսմունքն էր, որի դրույթները համառորեն, կարելի է ասել՝ մոլեռանդորեն, պաշտպանում էր նա՝ հաղթահարելով ավանդական պատկերացումների իներցիայի, կարծրատիպային մտածողության դիմադրությունը։ «Ինչպիսի սուր ու անզիջում բանավեճերի ականատես ենք եղել…, սակայն դրա հետ մեկտեղ՝ գիտական վիճաբանության բարեկրթության, մտավորականի պահվածքի, գիտնականի արժանապատիվ կեցվածքի եւ գործընկերային հարաբերությունների ինչպիսի դասեր ենք քաղել…»,- ասաց տիկին Մովսիսյանը։ Անդրադառնալով հայկական հիպերլադային ձայնակարգերի ուսմունքին, մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ այսօր արդեն Փաշինյանի տեսադրույթները հիպերլադային համակարգի, հայ երաժշտության ձայնակարգերից բխող ուրույն հարմոնիկ լեզվամտածողության վերաբերյալ, կայացած իրողություն են հայ երաժշտատեսական մտքի տիրույթում եւ որպես առանձին դասընթացներ իրենց հիմնավոր տեղն են զբաղեցնում կոնսերվատորիայի հիմնական ծրագրերում եւ, որ ամենակարեւորն է՝ այսօր ունենք իրենց ուսուցչին, իրենց դպրապետին նվիրված, նրա գործը շարունակողներ, որոնց շնորհիվ իր կենսունակությունն ու շարունակականությունն է հաստատում փաշինյանական դպրոցը։

Զրույցի ընթացքում Ծովինար Մովսիսյանը մտաբերեց առաջին հանդիպումը պրոֆեսորի հետ. «Կարծես երեկ լիներ, որ մեզ՝ առաջին կուրսեցիներիս, ներկայացավ այդ պատկառելի արտաքինով, բարձրահասակ, հաղթանդամ, ահեղաձայն դասախոսը, որի հետ երջանկություն ունեցանք ճանապարհ անցնելու ոչ միայն կոնսերվատորիայում ուսանելու տարիներին, այլեւ տասնամյակներ անց՝ արդեն որպես գործընկերներ»։ Հավաստիացրեց նաեւ, թե առաջին իսկ րոպեներից գրավիչ անհատականության անբացատրելի հզոր ներգործությամբ պրոֆեսորն իրենց փոխանցել է հարմոնիայի դասընթացի հանդեպ հետաքրքրություն ու վարակիչ ոգեւորություն ու պրոֆեսորի յուրաքանչյուր դասը նոր բացահայտումների, հայտնագործումների աշխարհ էր, որի ընթացքում հարմոնիա ուսմունքը մատուցվել է ոչ թե դոգմատիկ կարծրատիպերով, այլ Փաշինյանի կողմից խրախուսվող համարձակ փորձարարություններով եւ ստեղծագործական ազատությամբ։

«Կարեւոր նշանակություն ուներ այն հանգամանքը, որ Փաշինյանն իր գործի գիտակ տեսաբան, հմուտ մանկավարժ լինելուց բացի, նաեւ կոմպոզիտոր էր, ով երաժշտությունն ընկալում ու մեկնաբանում էր ներսից։ Եվ այդ ստեղծագործական ազատությունն իր դասերին առանձնակի հետաքրքրություն ու անկաշկանդություն էր հաղորդում։ Իսկ դասերն անցնում էին ոգեւորված երկխոսությունների, վիճահարույց իրավիճակների աշխույժ քննարկումների եւ պարզապես այդ պահին հնչող երաժշտության մասին մտքերի փոխանակման ձեւով։ Հենց այդ անկեղծության եւ անմիջականության շնորհիվ երաժշտագետների ու կոմպոզիտորների, գործիքային կատարողների ու դիրիժորների քանի՜-քանի՜ սերունդ իրենց ուսուցչի հանդեպ նվիրվածությամբ, պատկառանքի ու երախտագիտության անկեղծ զգացումով, անթաքույց հպարտությամբ խոստովանում են, որ եղել են Էդուարդ Ռուբենի Փաշինյանի սանը»,- եզրափակեց Ծովինար Մովսիսյանը։

 Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    Շունչս պահած վերնագիրը կարդացի․”Փաշինյանական սուր ու անզիջում բանավեճերը բարեկրթության, մտավորականի պահվածքի, գիտնականի արժանապատիվ կեցվածքի դասեր են եղել”․
    Փառք Աստծո, աշխարհը շուռ չի եկել։ Ազգանվան նմանությունը համեմատության ո՛չ մի եզր չուներ։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930