Լրահոս
Օրվա լրահոսը

Քննչական մարմինը ոստիկանությունից տեղեկություն է ձեռք բերել, թե Տիգրան Խաչատրյանը ազդեցություն է ունեցել գործով անցնող վկայի վրա

Նոյեմբեր 14,2023 23:35

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կալանավորված որդու պաշտպանը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը:

«Քննչական կոմիտեն ինչ ուզում է, ներկայացնում է, մնում է կարողանան իրենց ներկայացրածը հիմնավորել: Կալանքի վերստին քննարկման ժամանակ բազմաթիվ հարցեր հնչեցվեցին քննիչին, որոնք մնացին անպատասխան: Մասնավորապես, գրված է ապօրինի կերպով ձեռք է բերել ու պահել հրազեն-մրազեն, ատրճանակի մասին է խոսք գնում: Հարցնում եմ՝ երբ է ձեռք բերել, ինչ ատրճանակ, երբ է պահել, այս հանգամանքի մասին ինչ տեղեկություն ունեք, որեւէ պատասխան չեղավ:

Կամ ինչ տվյալ ունեք, որ հենց Տիգրան Խաչատրյանն է կատարել մեղսագրվող արարքը, այս հարցի պատասխանն էլ չունեն: Ըստ էության, մի վկայի իրարամերժ ցուցմունք ունեն, այն վկան է, որին փաստաբանական հարցման էի ենթարկել, հիմա էլ քննչական մարմինը ոստիկանությունից տեղեկություն է ձեռք բերել, թե իբր Տիգրան Խաչատրյանը ազդեցություն է ունեցել այդ վկայի վրա:

Վկան Գորիս քաղաքի տաքսու վարորդ է, նա չէր կարող այնպիսի բաներ տեսնել, ինչպես իր նախնական ցուցմունքում պատմել էր: Չունենք կոնկրետ ապացույց, ունենք ապօրինի, անհիմն մեղադրանք»,- Aravot.am-ին ասաց Տիգրան Խաչատրյանի պաշտպան Վահագն Քեշիշյանը:

Ըստ քննչական կոմիտեի՝ Տիգրան Խաչատրյանը 2023թ հունիսի 19-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, իրեն պատկանող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով, երկու մտերիմների հետ, գնացել է Գորիս քաղաքում գործող ավտոտեխսպասարկման կետ՝ մինչ այդ ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ հեռախոսային խոսակցության ընթացքում ծագած վիճաբանության կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով։

Անվադողերի վաճառքով զբաղվող 46-ամյա անձի հետ պարզաբանումներ կատարելու ընթացքում, չնչին առիթն օգտագործելով, իր սեփական անձի առավելություններն ընդգծելու և այդ կերպ հանդուգն վարքագիծ դրսևորելու մոլուցքով, խուլիգանական դրդումներով, նա վիճաբանություն է հրահրել ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։ Ապա, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, ավտոտեխսպասարկման կետի հարևանությամբ գտնվող քաղաքացիների, թաղամասի բնակիչների, սպասարկման կետերի անդորրը խախտելով, այլ անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով, իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածք և հեռացել դեպքի վայրից, լքել Գորիսի տարածքը և թաքնվել քննությունից:

«Տիգրան Խաչատրյանը ծանուցված չի եղել, որեւէ ոստիկան իր տուն չի գնացել, դեպքի երկրորդ օրը գնացել են Տիգրանի քեռիի տուն, քեռին ասել է՝ այստեղ չի ապրում, հիմա արհեստական, կենացները քաղցրացնելու համար ներկայացնում են, թե թաքնվել է դեպքից հետո»,- պարզաբանեց փաստաբանը:

Մեր հարցին, թե հեռախոսազրույցների վերծանմամբ հաստատվե՞լ է, որ Տիգրան Խաչատրյանը ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ հեռախոսային խոսակցության ընթացքում ծագած վիճաբանության կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով է գնացել ավտոտեխսպասարկման կենտրոն, փաստաբանն ասաց, որ հեռախոսազրույցների վերծանումը կա, ոչ մեկը չի հերքում. «Մարդը 15 տարի անվադողերի փոխման այդ կետում իր մեքենայի անվադողերն է փոխել, բայց որտեղի՞ց վերցրին, երբ տուժողը ցուցմունք չի տալիս, որ Տիգրանն է կրակել կամ իր ձեռքին ընդհանրապես եղել է ատրճանակ կամ օրենքով արգելված ցանկացած անօրինական զենք»:

Անդրադառնալով կալանքը որպես խափանման միջոց, ընտրելու դատարանի որոշմանը՝ փաստաբանն ասաց. «Մի դատավոր, որը ամիսներ առաջ խափանման միջոց է կիրառել, հիմա կհակասի՞ իրեն: Չեմ պատկերացնում, որ մեր դատական համակարգն այնպիսի վիճակում է, որ դատավորն անձով պայմանավորված Տիգրան Խաչատրյանի կալանքի միջնորդությունը մերժեր ու տվյալ դատավորի հետ վենդետաներ չէր լինի:

Ինչպես կարող էր դատավորը մեկ ժամվա ընթացքում 16 էջանոց որոշում գրեր, նա գնաց խորհրդակցական սենյակ ու վերադարձավ 16 էջանոց որոշմամբ: Իմ կարծիքով՝ նախապես գրված, պատրաստի որոշում էր, պարզապես այդ մի ժամը, ընթացակարգը պահելու համար ձեւական պահեցին, որ օրինականացնեին նախորդ որոշումները: Մեղադրանքը սկզբից մինչեւ վերջ հորինված է: Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել, առանց իր կողմից կատարելու ողջամիտ կասկածի շեմը հաղթահարված լինելու»:

Փաստաբանն ասաց, որ ՀՀ գլխավոր դատախազին էլ է միջնորդություն ներկայացրել Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, սպասում է պատասխանին:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930