Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանություններն օգտագործում են Սամվել Բաբայանին, նա տեղեկատվական քաոս է ստեղծում»․ Ձյունիկ Աղաջանյան

Նոյեմբեր 30,2023 16:43

Արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի այսօրվա հանդիպմանը։  «Այս հանձնաժողովի աշխատանքը երկու պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորման առումով էական խնդիր է։ Եվ դա ենթադրում է, որ այն պետք է հիմնված լինի ԵԱՀԿ կողմից մշակված չափորոշիչների վրա։ Հույս ունեմ, որ դա ուղղորդող կհանդիսանա, այլապես մենք շատ խնդիրներ կունենանք մեր քաղաքացիների, իրենց իրավունքի, կենսագործունեության եւ ընդհանրապես անվտանգության ապահովման առումով։ Սակայն այստեղ հարցը միայն դա չէ, այլ նաեւ այն, թե ինչո՞ւ հիմա եւ ինչո՞ւ առանց միջնորդների կայացավ այդ հանդիպումը։ Եվ պատահական չէ, որ սահմանի վրա հանդիպումը տեղի է ունենում առանց որեւէ փաստական ներկայության՝ լինի ռուսական կողմից, թե արեւմտյան։ Սակայն մենք պետք է շատ լավ հասկանանք, որ հետնաբեմում գործում են արեւմտյան խողովակները։ Այսինքն՝ այն, որ այսօր նրանք որեւէ տեղ ներկա չեն, դա չի նշանակում, որ նրանք միջնորդ չեն։ Ռուսական կողմը՝ ոչ, որովհետեւ հայկական կողմը վաղուց դաշտը տեղափոխել է բացառապես արեւմտյան բլոկի ներքո»,- ասաց նա։

Ձյունիկ Աղաջանյանը հավելեց, որ այսօր Արեւմուտքը փորձում է ամեն կերպ ջանքեր գործադրել՝ համոզելու, որպեսզի ինչ-որ համաձայնություն լինի, որի ներքո գոնե մի քանի հազար արցախցիներ կվերադառնան Արցախ։ Ըստ նրա՝ դրան են ուղղված այն բազմաթիվ հայտարարությունները, որոնք ընդունվում են եվրոպական խորհրդարանական ատյաններում։ «Եվ պատահական չէ, որ այս հանդիպումը տեղի ունեցավ ԱՄՆ Սենատի կողմից համապատասխան բանաձեւի նախագծի ներկայացումից հետո, որը դեպի դեղին քարտ մոտեցող զգուշացումն էր Ալիեւին, որ նա չխուսանավի իր հանձնառություններից եւ չփորձի շեղվել դեպի ռուսական եւ իրանական կողմ՝ փորձելով ձերբազատվել այն հանձնառությունից, որն ինքը ստանձնել է այս խաղի մեջ մտնելով։ Եվ քանի որ Կոնգրեսի կողմից նման նախաձեռնություն կար, ինչին Ադրբեջանը շատ սուր արձագանք տվեց, որպեսզի Ադրբեջանին անհարմար վիճակի մեջ չդնեն, նրանք համաձայնեցին սահմանին այդ հանդիպման կայացմանը։ Ես չեմ զարմանա, եթե ապագայում նման հանդիպումներ կազմակերպվեն այսպես ասած չեզոք եվրոպական երկրներում եւ փորձեն դրանով ինչ-որ մի տեղ ԵՄ հարթակի հետ անմիջական առնչություն չունեցող, սակայն որոշակի չեզոքություն ապահովող դաշտում շարունակել այս բանակցությունները։

Հասկանանք, թե ինչ գործընթաց է գնում։ Նախատեսված է, որ Արցախը պետք է ամբողջովին անցնի Ադրբեջանի տիրապետության տակ, որպեսզի կարողանան ճանապարհ հաղթել այս չարաբաստիկ «խաղաղության պայմանագիր» կոչվածի համար։ Եվ պատահական չէ, որ մեր իշխանությունները ձեռքերը լվացած, կողմ քաշված դիրք ընդունեցին եւ շարունակելով իրենց քաղաքականությունը՝ փորձեցին հերթական ինչ-որ պատճառաբանությամբ իրենց անգործությունն արդարացնել, որը նպատակ ուներ ուղղակի ստիպել արցախահայերին՝ ինքնակամ ինտեգրվելու Ադրբեջանին։ Դրանից հետո մեր իշխանությունները կասեին՝ դե մենք հարգում ենք Արցախի ժողովրդի որոշումը։ Սակայն իրենք ամեն ինչ արել են, որ ստիպեն արցախահայերին անգամ կյանքի ու զրկանքի գնով հայտնվել այդ ստրկական վիճակում։ Սակայն արցախահայությունը դա թույլ չտվեց, ինչը հանգեցրեց սեպտեմբերի 19-ի հարձակմանը։ Մեր ներկայիս իշխանությունները շարունակում են իրենց ազգակործան քաղաքականությունը։ Եվ դատելով նրանց վերջին հայտարարություններից՝ կարող ենք ասել, որ նրանք արդեն լծվել են հանրությանը մարսեցնել տալու Արցախի կորուստը։ Ամենաբարձր մակարադակով հնչով հայտարարությունները հենց դրա վկայությունն են»,- նշեց Աղաջանյանը։

Ըստ նրա՝ այս գործընթացում ՀՀ իշխանություններն օգտագործում են տարբեր մարդկանց, նրանց թվում է Սամվել Բաբայանը, որին պարբերաբար օգտագործում են՝ իրենց ծրագրային քաղաքականությունն իրականացնելու համար։ «Մենք հիշում ենք, որ ոչ վաղ անցյալում Սամվել Բաբայանն ինչ-որ անհայտ ճանապարհներով հայտնվեց Արցախում։ Եվ Արցախում հայտնվելուց հետո շատ ակտիվ սկսեցին ռուսական խաղաղապահ զորակազմի դեմ որոշակի սադրիչ գործողությունների իրականացումը։ Այսինքն՝ ամբողջ նպատակը արցախյան հանրության մեջ պառակտում եւ բախում առաջացնելն էր։ Սակայն արցախահայերը տուրք չտվեցին նման սադրանքներին, եւ Սամվել Բաբայանը քայլերթով դուրս եկավ Արցախից՝ շարունակելով իր գործունեությունը։ Սամվել Բաբայանի ինքնակամ հայտնվելը 44 օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովում եւ որոշակի մեկնաբանություններով մամուլը լցնելը բավական մտահոգիչ է։ Մենք տեսնում ենք էլի նույն ձեռագիրը՝ ամենատարբեր թեզեր առաջ մղելով՝ տեղեկատվական քաոս ստեղծել, մի հստակ միտումով՝ շեղելու մեղավորության սլաքները գործող իշխանությունից, բարդելու Արցախի ղեկավարության վրա՝ փորձելով արդարացնել նաեւ իրեն ու իր գործողությունները, որը որեւէ նորմալ պետության պարագայում կարող է որակվել նաեւ որպես պետական դավաճանություն։ Չունենալով պետության կողմից լիազորություններ՝ բանակցել թշնամու հետ, հարցեր են առաջանում, թե ում կողմից տրված կամ մատուցված թեզերն են իր միջոցով փոխանցվել ադրբեջանական կողմին։ Այսպես ասած՝ այլընտրանքային իշխանություն էր ցույց տալիս Արցախի համար, որին նա չկարողացավ փաստացի հասնել տեղում»,- հավելեց նա։

Ձյունիկ Աղաջանյանի խոսքով՝ սրանք հարցեր են, որոնք հնարավոր կլինի ավելի մանրամասն ուսումնասիրել այն ժամանակ, երբ այս իշխանությունները չեն լինի, եւ պետությունը կվերադառնա իր նորմալ ու բնականոն շրջանակներին։ Բանախոսը նաեւ հավելեց, որ այսօր Հայաստանի իշխանությունները լծված են հայի ինքնության ոչնչացման գործընթացին, հայից՝ որպես կատարող, ծառայող, կամակատար կերպար ստանալու համար։ «Հիմա անընդհատ ցավի ու նսեմացման վերքը բաց թողնելու այս քաղաքականության միջոցով հանրությանը մտցրել են շոկի շղթայի մեջ, որից, երբ մարդիկ փորձում են դուրս գալ, հերթական ցավն ու վերքն է տրվում։ Երկու-երեք ամիսը մեկ ահավոր մի բան է կատարվում, եւ տպավորություն է, որ այս իշխանությունը եւ նրա ղեկին նստած անձն ուղղակի մահվան մունետիկ են մեր ժողովրդի համար։ Եվ ես չեմ զարմանա, որ առաջիկա շրջանում մենք նման պրոցեսների միջով նորից անցնենք, որովհետեւ նրանք դեռ չեն ավարտել այն գործընթացը, ինչի համար բերվել են իշխանության։ Այստեղ միակ հույսն այն է, որ մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունները՝ ոչ այս իշխանությունների ցանկությամբ եւ կամքով, ընթանում են այլ տրամաբանությամբ, որը խաթարում է նրանց ծրագրերը»,- ընդգծեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930