Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Բաբայան․ «Հանգիստ կարող եմ ասել, որ կալանավորված արցախցի երիտասարդները քաղաքական հետապնդումների զոհեր են»

Դեկտեմբեր 10,2023 22:32

«Փորձեմ շատ կարճ խոսել վերջին՝ ամսի 19-ի եւ 20-ի մի քանի դեպքերից։ Քանի որ քրեական գործի խութերին տիրապետում եմ»,- «Մարդու իրավունքների ոտնահարումը Բաքվից Երեւան․ ազդարարել, կանխարգելել, վերականգնել» թեմայով համաժողովում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով արցախցի երիտասարդների  նկատմամբ հարուցված քրեական գործերի եւ նրանց անազատության մեջ պահելու գործին։

«Իսկապես, արցախցի երիտասարդները առաջին հերթին հրապարակ էին գնացել, որպեսզի կարողանային տեղեկություններ ստանալ, թե ինչ է կատարվում Ստեփանակերտում։ Ես զրուցել եմ բոլորի՝  իմ բոլոր պաշտպանյալների հետ։ Առաջինը, որ նրանք ասում են, այն էր, որ կապը կտրվեց ծնողների հետ, չգիտեին ինչ է կատարվում Արցախում, չգիտեին, թե ի վերջո սպանվելու են այնտեղ, կարողանալու են գալ Հայաստան։ Եվ միակ տեղը, որտեղ հնարավոր էր ստանալ տեղեկություն, դա Հանրապետության հրապարակն էր, որտեղ տեղի էր ունենում հանրահավաք,եւ  որտեղ կային մարդիկ, որոնք ինչ-որ կապեր, հնարավորություններ ունեն եւ իրենց կարծիքով բեմից պետք է իրենց տեղեկություններ տային։ Մեծ հաշվով չստանալով իրենց ակնկալած տեղեկությունները այդ հանրահավաքի ժամանակ, որոշում են հարցերի պատասխանները ստանալ կառավարության ներկայացուցիչներից եւ դրանով պայմանավորված, մոտենում են կառավարության շենքին։ Իսկ ինչ եղավ հետո, կարծում եմ, բոլորս տեսել ենք ուղիղ եթերներով։

Քննարկվող հարցերի մեջ կա կասկած, թե արդյո՞ք այս ամեն ինչը ընդդեմ արցախցիների, արցախցի երիտասարդների էր։ Որպես սրա օբյեկտիվ պատասխան, ես  կարող եմ մի քանի փաստ նշել, որպեսզի կարողանանք այդպես էր, թե չէ։ Ինչ ունենք մենք։ Երեւանում տեղի ունեցած մի քանի այսպիսի դեպք։ Մեկը, օրինակ, Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում՝ հունիսի 3-ին։ Ունենք կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ  տեղի ունեցած հրմշտոցներ, ոստիկանության կողմից որոշակի ֆիզիկական բռնություններ, քաղաքացիների կողմից տեղի ունեցած որոշակի ազդեցություն։ Նշածս որեւէ դեպքում քրեական վարույթներ չեն նախաձեռնվել։ Եվ միայն այս դեպքում էր, որ երկու քրեական վարույթ նախաձեռնվեց։ Հետեւաբար, հարց է առաջանում, թե ինչի՞ մյուս դեպքերում քրեական վարույթներ չեղան, իսկ այս դեպքում, որտեղ արցախցի երիտասարդներ կային, հերիք չի քրեական գործեր հարուցվեցին, մի բան էլ արցախցիները մեծամասամբ ձերբակալվեցին ու կալանավորվեցին։

Սա ինձ հիմք է տալիս հաստատապես պնդելու, որ սա հենց քաղաքական ճնշումներ եւ քաղաքական հետապնդում է պարունակում իր հիմքում։ Եվ սրանով է պայմանավորված, որ ես հանգիստ կարող եմ ասել, որ այդ երիտասարդները՝ ոչ միայն արցախցիները, , նրանց մեջ երեւանցիներ էլ կան, բոլորը քաղաքական հետապնդումների զոհեր են ու նրանցից շատերը քաղաքական բանտարկյալներ են, որոնք պատիժ են կրում քրեակատարողական հիմնարկներում եւ որ  կալանքը նրանց նկատմամբ կալանքը կիրառվում է որպես պատիժ»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031