Լրահոս
Օրվա լրահոսը

Երասխի մետալուրգիական գործարանը կկառուցվի Արարատ գյուղում․ կառավարությունը հարցը չզեկուցելով՝ որոշում կայացրեց

Դեկտեմբեր 14,2023 15:59

Կառավարությունն այսօրվա նիստի օրակարգում ներառված չզեկուցվող հարցերից մեկով որոշել է Երասխի մետալուրգիական գործարանը տեղափոխել եւ կառուցել Արարատի մարզի Արարատ գյուղում։ Այդ նպատակով հաստատվեց «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ բնակավայրում պողպատի գործարանի կառուցման ներդումային ծրագրին հավանություն տալու և «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հողամասերը նվիրաբերությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին» որոշումը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական կողմի կրակոցների հետեւանքով Երասխի մետալուրգիական գործարանը տեղափոխվել է այլ վայր։ 

Կառավարության չզեկուցվող որոշմամբ՝ Հայաuտանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ բնակավայրի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող 8․91000 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերը նվիրաբերությամբ տրամադրվել է «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ընկերությանը։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ գործարանի տեղակայման համար կատարել են ուսումնասիրություններ և ընտրել Արարատի մարզի Երասխ համայնքին մերձակա արտադրական նշանակության տարածքներից մեկը:

«ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2022 թ-ին օտարերկրյա ուղղակի ներդրումների միջոցով և նպատակ ունի ՀՀ-ում ստեղծել մետաղի վերամշակման, ձուլման և տարբեր արտադրատեսակների գործարան՝ հետագայում նպատակ ունենալով արտասահմանյան տեխնոլոգիաների ներմուծմամբ ընդլայնել իր գործունեությունը ուղղահայաց ինտեգրացիաների միջոցով, դառնալով տարածաշրջանում իր ոլորտի մեջ առաջատար ընկերություններից մեկը։

«Հարկ է նշել, որ ներկայումս տարածաշրջանում առկա է ամրանների մեծ պահանջարկ և, ըստ Ընկերության հաշվարկների, այն կպահպանվի ևս 10-15 տարի, որը պայմանավորված է թե՛ Հայաստանում շինարարության մեծ ծավալներով, թե՛ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով մատակարարման ծավալների կտրուկ անկմամբ:

Հիմնվելով ստեղծված հնարավորությունների և գործարար կապերի վրա՝ ընկերությունը, որպես հիմնական թիրախային շուկա է ընտրել Մերձավոր Արևելքի արաբական երկրները, որոնք մինչ վերջերս մատակարարվում էին Ուկրաինայից և Ռուսաստանից, ինչպես նաև կառուցապատման ծավալներով առաջատար են տարածաշրջանում: Ոչ պակաս կարևոր գործոն է նաև ԻԻՀ-ի հետ կապը, որը հանդիսանում առաջնային հումքի կարևոր աղբյուր: Ելնելով վերը նշված իրողություններից և ստեղծված հնարավորություններից՝ առաջարկ է արվել ընկերության ԱՄՆ-ի գործընկերներին կատարել համատեղ ներդրում ՀՀ-ում, հիմնել «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ընկերությունը, հաշվի առնելով նաև ՀՀ-ի հարմար աշխարհագրական դիրքը թիրախային շուկաների նկատմամբ։

Միաժամանակ, հանդիսանալով Հայաստանի համար ռազմավարական արտադրանք՝ սև և գունավոր մետաղներից արտադրանքը կարևոր նշանակություն ունի երկրի պաշտպանունակության և պետական ​​անվտանգության բարձրացման համար։ Այս տեսանկյունից (հաշվի առնելով միջազգային ասպարեզում ձևավորված տնտեսական ոչ բարենպաստ պայմանները) կարևորվում է Հայաստանի մետաղագործական և մետաղամշակման ձեռնարկություններին հումքով ապահովելու հարցը, ինչն անհրաժեշտ է սև և գունավոր մետաղներից պատրաստի արտադրանք ստանալու համար։

Արտադրական հզորությունների ամբողջական գործարկման արդյունքում կստեղծվի մինչև 500 աշխատատեղ (առաջին փուլով մոտ 240), որն իր հետ կառաջացնի նաև բազմաթիվ այլ աշխատատեղեր ծառայությունների և սպասարկման ոլորտում: Գործարանը կունենա 200-250մլն ԱՄՆ դոլարի տարեկան շրջանառություն։

Առաջին փուլով նախատեսվում է կառուցել սև մետաղի ջարդոնի վերամշակման գործարան տարեկան 100-120 հազար տոննա արտադրողականությամբ, երկրորդ փուլով արտադրական ծավալները կկրկնապատկվեն և կկառուցվի նաև այլ մետաղական կոնստրուկցիաների և արտադրատեսակների գործարան (խողովակներ, տարբեր հատվածքի պրոֆիլներ, կոնտեյներներ և այլն):

Սկզբնական անհրաժեշտ ներդրումը կազմում է մոտ 29,9 միլիոն ԱՄՆ դոլար, որը կստացվի կանոնադրական կապիտալում ներդրման և ֆինանսական հաստատություններից ստացված փոխառության միջոցով»,- նշվում է կառավարության հիմնավորման մեջ։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031