Լրահոս
Օրվա լրահոսը

Քահանա՞, թե՞ դերասան 

Դեկտեմբեր 28,2023 16:44

Դերասան Վահե Ավագյանը, չնայած երիտասարդ տարիքին, մի շարք ներկայացումներում է ներգրավված. Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ «Չարլին և շոկոլադե ֆաբրիկան», «Խենթը», Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ «Արթուրո Ուի կարիերան», «Կոտորածն անմեղաց», Մետրո թատրոնում՝ «Ապրեցնող երկխոսություն», նաև «Կանանց դպրոցը», «Սուրբ Ծննդյան երկարատև ընթրիքը» անտրիպրիզային ներկայացումներում:

«Դերասանի մասնագիտությունը հոգևոր է: Իրականում կա՛մ պետք է քահանա դառնայի, կա՛մ դերասան: Ինձ միշտ դուր են եկել բեմը, ծափերը: Աստված ծափերի շնորհիվ կարծես հասկացնում է՝ դու խոսում ես ինձ հետ, եթե ոչ եկեղեցում, ապա՝ թատրոնի միջոցով: Սա Աստծո հետ անկեղծ շփման միջոց է, թատրոնում նրա հետ անմիջական կապի մեջ եմ: Բեմի մթնոլորտը, էներգիան այնքան ուժեղ է, որ յուրաքանչյուր հիվանդության դեպքում էլ, եթե դերասանը բարձրանում է բեմ՝ ինքն առողջ է», – վստահեցնում է Վահե Ավագյանը: Համաձայնելով մեր դիտարկման հետ, որ թատրոնները չեն կարող գոյատևել առանց հանդիսատեսի, նա անմիջապես անդրադառնում է այդ խնդրին:

«Ամեն ինչ պայմանավորված է դերասանով և ռեժիսորով: Եթե նրանք ցանկանում են ելք գտնել՝ գտնում են: Թատրոնը գեղագիտական ճաշակ ձևավորող է, այդ գործիքը պետք է նպատակային օգտագործել՝ հասնելով ցանկալի արդյունքի», – նշում է Վահե Ավագյանը՝ հավելելով, որ արվեստում նույնպես սխալվելն անխուսափելի է, և պետք է նաև սխալներից դասեր քաղել, սովորել ճիշտ ուղին կառուցել:

Մեր զրուցակցի հետ խոսեցինք նաև թատրոնում կերտած կերպարների ազդեցության մասին:

«Կերպարների, մարմնավորած հերոսների ազդեցությունն ինձ վրա իրական կյանքում չեմ կրում: Հիշենք, որ Ստանիսլավսկին ասում է՝ վերահսկիչը քո մեջ պետք է աշխատի: Ինձ մոտ կարծես վատ չի աշխատում: Շատ հնարավոր է՝ հետագայում մի պահ լինի, որ այդ կերպարների կյանքով ապրեմ: Այս պահին հստակ չեմ կարող ասել: Կյանքը ցույց կտա», – ասաց մեր զրուցակիցը:

Երիտասարդ դերասանը վերահաստատում է՝ մարդը, բանականություն ունեցող միակ էակը լինելով, ընդունակ է ստեղծելու և ավիրելու, բայց հենց ստեղծումի մեջ է կյանքի ամբողջ փիլիսոփայությունն ու իմաստը:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031