Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետի խոսնակը՝ Ավինյանի «ճանճերի նման հավաքվում են» արտահայտության մասին․ «Երբ իրականությանը չհամապատասխանող, վիրավորող հայտարարություններ են լինում, ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչ գնահատական տա»

Հունվար 17,2024 17:50

«Դա քաղաքական ենթատեքստ ուներ»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Երեւանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանն այսպես պատասխանեց լրագրողների դիտարկմանը, որ Տիգրան Ավինյանը ճանճերի հետ է համեմատել այն անձանց, ովքեր դեմ են արտահայտվել Օղակաձեւ այգու թենիսի կորտերի քանդմանը։

Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Օղակաձեւ այգու 4-րդ հատվածի վերակառուցման ծրագրի եւ դրա շրջանակում թենիսի կորտերի քանդմանն անդրադառնալով, ասել է․ «․․․ Իսկ բոլոր մնացածներին, որոնք այսպես ասած, ճանճերի նման հավաքվել էին այս թեմայի շուրջ, որ մի փոքր քաղաքական դիվիդենտներ շահեին, ցավով պետք է նշեմ, որ կարծում եմ՝ դա չի ստացվելու»:

Ընդ որում, խնդրին անդրադարձած լրատվամիջոցներին էլ Ավինյանը դեղին մամուլ է ասել։ Այս առնչությամբ Ավինյանի խոսնակն ասաց՝ չեմ ուզում մեկնաբանել, եւ չեմ ուզում իմ գործընկերների որոշ միակողմանի մեկնաբանություններին մեկնաբանություն տալ։

Կոստանյանի վստահեցմամբ՝ Ավինյանի ասածը վերաբերել է այն անձանց շրջանակին, ովքեր թեմայի շուրջ քաղաքական դիվիդենտներ են ուզում ստանալ։

Դիտարկմանը՝ արդյոք անգամ նման դեպքում մարդկանց ճանճերի հետ պետք է համեմատել, արդյոք դա վիրավորանք չէ, Կոստանյանը պատասխանեց․ «Երբ իրականությանը չհամապատասխանող, վիրավորող հայտարարություններ են լինում, ամեն մարդ ինքն է որոշում ինչ գնահատական տալ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031