Լրահոս
Օրվա լրահոսը

«Փնթի, անպատասխանատու, մատների արանքով, կամ պատկերավոր ասած՝ բանակի բարդակի վիճակի համար թիվ մեկ պատասխանատուն է գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»․ Նորայր Նորիկյան

Հունվար 18,2024 16:14

«Այս մեկ տարվա ընթացքում հանգել ենք այն եզրակացությանը, որ ցավոք, այսօր փոխարենը հենց իրավասու մարմինները հրավիրեն հասարակության ուշադրությունը և իրենք հաշվետվություն ներկայացնեն, թե ինչ են կատարել մեկ տարվա ընթացքում և ներկայացնեն գործերի իրական վիճակը և ճշմարտությունը, ցավոք տուժող կողմն է այսօր այս առաքելությունը ստանձնել և հանգել հետևության, որ ոչ միայն չտրվեցին հուզող հարցերի պատասխանները, այլև հարցերը շատացան»,-«Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազատ գյուղում մեկ տարի առաջ ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողների տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորիկ Նորիկյանը։

Նա փաստեց՝ ոչ միայն զոհվածների ծնողները, այլև հասարակությունը չիմացավ՝ իրականում ինչ է տեղի ունեցել․ «Հնարավոր ամեն ինչ արվում է սույն հանցագործությունը մինչև վերջ չբացահայտելու, մեղավոր անձանց ամբողջ շրջանակը չբացահայտելու, պաշտոնական վարկածը բյուրեղացնելու և հանրությանը ներկայացնելու համար։ Հայտարարում ենք, որ իրավասու մարմինների կողմից արվեց հնարավոր ամեն բան այս գործը ծածկադմփոց անելու համար»։

Փաստաբանը հայտնեց՝ այս պահին քրեական գործով ընթանում է դատաքննություն, գրավոր ապացույցների մի ամբողջ ծավալ հրապարակվել է․ «Այս քրեական գործում բացակայում է որևէ փաստական տվյալ, որով կհիմնավորվեր, որ իրավասու մարմինները կատարել են մի այնպիսի աշխատանք, որով կհերքվեր այս գործով այս պահին իրենց առաջ քաշած պաշտոնական վարկածի շրջանակներում հիմնական այսպես կոչված դերակատար Եղիշե Հակոբյանի հնարավոր կապը ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ։ Այս գործով, եթե իրենք այս վարկածի վերաբերյալ տանեին այնպիսի աշխատանք ու հանրությանը ներկայացնեին կամ քրեական գործերի նյութերում եղած լիներ, կասեի, որ ստուգվել է համապատասխան մարմինների կողմից։ Այլ քրեական գործերով մեր հատուկ ծառայություններն իրականացնում են նման աշխատանք, որով որևէ առնչության առկայության դեպքում հաստատում ու հերքում են։ Հետևաբար` ինձ համար առնվազն տարօրինակ է, որ այս գործով չի իրականացվել այդպիսի գործընթաց»։

Նորայր Նորիկյանն ասաց, որ տուժող կողմի մոտ համոզմունք է ձևավորվել, որ վարույթն իրականացնող մարմինը խորամուխ չեղավ այլ վարկածների ուղղությամբ խորքային քննություն իրականացնելու։ Իսկ այդ վարկածների շարքում կարող էր լինել, օրինակ, դիվերսիան․ այս գործի քննության արդյունքներով չի հերքվել հակառակորդի կողմից դիվերսիոն գործողությունների արդյունքում այս ողբերգությունն իրականացնելու հնարավորությունը։

Փաստաբանը հայտարարեց՝ դատախազությունը՝ սկսած գլխավոր դատախազից վերջացրած ամենավերջին դատախազը չի իրականացրել հետևողականություն և սեփական լիազորությունների շրջանակում անհրաժեշտ կարողությունների դրսևորում, որ գործի բոլոր հանգամանքները բացահայտվեն․ «Եթե այս պայմաններում իշխանությունը պնդում է, որ տեղի ունեցածը զենքի, ռազմական տեխնիկայի, ռազմամթերքի, այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի կամ կանոնները խախտելու և պաշտոնական անփութության հետևանք է, ուրեմն տեղի ունեցած ողբերգության ուղղակի պատասխանատուն գործող իշխանությունն է»։

Ըստ նրա՝ փնթի, անպատասխանատու, մատների արանքով, կամ պատկերավոր ասած՝ բանակի բարդակի վիճակի համար թիվ մեկ պատասխանատուն է գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ․ «Սա պետք է դառնար մեր հասարակության համար համբերության վերջին կաթիլը, հասարակությունն ամեն ինչ աներ զինված ուժերում խաղաղ պայմաններում մահվան այս շքերթը կասեցնելու համար, որ որոշակի շրջանակների համար մեր բանակը մահվան բանակի չվերածվի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031