Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանն այսօր դատարանում հարցաքննության ժամանակ պատմեց, թե հրդեհի բռնկումից հետո ինչ է փորձել անել: Նրա պատմելով՝ կացարանից Լևոն Խառատյանի դուրս գալուց երկու րոպե հետո ինքն էլ է դուրս եկել։ Դրսում ձայներ է լսել, իրեն թվացել է, որ անձնակազմին են օգնում, որ դուրս գան։
Նա պնդում էր, որ կացարանում մոտ 8 րոպե փորձել է կրակը մարել ու զինվորներին ձայն տալ, որ դուրս գան:
«8 րոպե կացարանում ի՞նչ եք արել» հարցին Եղիշե Հակոբյանը հստակեցրեց՝ մոտավորապես է նշել այդ ժամանակը:
Կարդացեք նաև
«Ներս եմ մտել զինանոց, փորձել գտնել մի բան, որ հանգցնեմ կրակը»,- պատասխանեց Հակոբյանը։
Բուշլա՞տն ինչ եղավ հարցին՝ պատասխանեց՝ ինչքան գիտի, տեղում մնացել է։
Հետո պատմեց՝ դրսում տեսել է Ռադիկ Մաթեոսյանին ու Լևոնին, Արսենին ու Վաղինակին. «Այդ պահին նկատել եմ, որ ինչ-որ մեկը գոռում էր, լուսամուտներն էր ջարդում, ինչ-որ մեկը կրակմարիչներից էր բերում։ Վերցրել եմ, ցանկացել երկրորդ անգամ ներս մտնել, չեմ կարողացել։
Տեսել եմ՝ զինվորներից մեկը երկաթե խողովակ է բերել, փորձել են ճաղավանդակները ծռել։ Առաջինը Ժիրայրին եմ նկատել, հետո Գարուշին եմ հիշում։
Ժիրայրի ուսից բռնեցինք, հանեցինք։ Հետս մոտեցել է Գարուշը, կողքով է դուրս եկել։ Ձեն ենք տվել, ոչ ոք զինվորներից այլևս մոտիկ չի եկել։
Բարձրացել եմ ճաղավանդակի վրա, որ ներս մտնեմ։ Երևի ուսս ներս մտած է եղել։ Մի զինվոր մոտեցել է, մայկից բռնել եմ, որ քաշեմ, հանեմ։ Մայկեն ճղվել է, ձեռքումս էլ մնացել է։ Հետ եմ ընկել ճաղավանդակից»։
Հակոբյանն ասաց՝ չի հասկանում՝ եթե կարողացել է երկու զինվոր դուրս գալ ննջասենյակից, ինչպես մյուսներին չի հաջողվել. «Չգիտեմ՝ մյուսները ինչու չեն արթնացել»։
Հանրային մեղադրողի հարցին՝ ինչու սենյակ չի մտել, Հակոբյանը պատասխանեց գուցե չի ֆայմել, կրակն է ցանկացել հանգցնի. «Իրենք պետք է դուրս գային օգնեին, կրակը ինձ մոտ է եղել»:
Վերջում Եղիշե Հակոբյանը պնդեց. «Մեղավոր եմ ճանաչում, որ վառարանը վառել եմ չթույլատրվող վառելանյութով, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել։ Սակայն զինվորների մահը չեմ ընդունում որպես հրդեհի հետ կապված հետևանք։ Չեմ կարող ասել, թե ինչի հետ է կապված նրանց մահը, քանի որ դա ինձ համար նույնպես գաղտնիք է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ






















































