Լրահոս
Օրվա լրահոսը

«Արհեստական բանականությունն իր նշանակությամբ համեմատվում է գրերի գյուտի հետ, այն շրջադարձային նշանակություն ունի մարդկության եւ տնտեսությունների համար»․ Քերոբյան

Փետրվար 02,2024 11:41

«Մի քանի ամիս առաջ հանդիպեցի Դավիթ Յանի (ABBYY ընկերության հիմնադիր) հետ, որի հետ խոսակցությունը հեղափոխական ազդեցություն ունեցավ ինձ վրա։ Ես հասկացա, որ անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել, որպեսզի մեր խոշոր բիզնեսին եւ խորհրդատվական ընկերություններին պատմենք աշխարհում տեղի ունեցող տեխնոլոգիական հեղափոխության մասին, փորձենք այնպես անել, որ մեր ընկերությունները ոչ թե վերջում, այլ սկզբում օգտագործեն այս տեխնոլոգիական հնարավորությունները»,-այս մասին այսօր «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» համաժողովում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով՝ աշխարհում արհեստական բանականությունն իր նշանակությամբ համեմատվում է ոչ թե էլեկտրականության կամ ինտերնետի գյուտի հետ, այլ՝ գրերի գյուտի հետ եւ սա նշանակում է, որ այն շրջադարձային նշանակություն ունի մարդկության եւ տնտեսությունների համար։

«Այս համաժողովը կարեւոր է նրանով, որ այն համընկնում է մեր տնտեսական քաղաքականության նպատակի հետ, որը աշխատանքի արդյունավետության բարձրացումն է։ Արհեստական բանականությունը միջազգային բոլոր խորհրդատվական գիտական կենտրոններում համարվում է արտադրողականության խթանման հզոր գործոն։ Ես կոչ եմ անում, որ բիզնեսը համաժողովին վերաբերվի որպես լավ հնարավորություն մոդեռնիզացիայի եւ արտադրողականությունը բարձրացնելու համար, եւ քայլեր ձեռնարկի աշխարհի մակարդակով մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ»,-ասաց Քերոբյանը։

Նա հիշեցրեց, որ կառավարությունը հաստատել է մի ծրագիր, որով ընկերություններին սուբսիդիաների եւ դրամաշնորհների միջոցով աջակցում են թվային տրանսֆորմացիայի գնալ, այդ թվում՝արհեստական բանականության գործիքներն իրենց ընկերություններում կիրառելու համար։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829