Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարերկրացիների ներքին պարզաբանումները. 1 զոհ, 1 վիրավոր

Փետրվար 02,2024 12:10

2023 թ. հունիսի 19-ին, գիշերվա ժամը 1-ին, շտապօգնությունից ոստիկանության Մաշտոցի բաժին ստացվել էր ահազանգ, որ Երևանի Հասրաթյան փողոցի բենզալցակայանի մոտ կա երիտասարդ տղայի դիակ: Մոտ 20 րոպե անց ահազանգ էր ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից. «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք և գլխի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել օտարերկրացի մի երիտասարդ:

Նույն օրը Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպանության և սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում պարզվեց, որ բենզալցակայանի մոտ սպանված անձը նույնպես օտարերկրացի է։ Ընդհանրապես, այս ողջ պատմությունը նույն ազգությամբ օտարերկրացիների ներքին պարզաբանումների արդյունք էր:

Իրավապահների միջոցառումների արդյունքում ձեռք են բերվում հավաստի տեղեկություններ, որ սպանված երիտասարդին դանակահարել էր ոմն Աբին, որի մասին խոսելիս հայրենակիցները ներկայացնում էին որպես «կրիմինալ անձ»: Օրեր անց նա ձերբակալվում է, ապա նաև՝ կալանավորվում: Ոստիկաններին հաջողվում է պարզել նաև հիվանդանոց տեղափոխված երիտասարդին դանակահարողի ինքնությունը, որը բնակվում էր Երևանի Առաքելյան փողոցի տներից մեկում: Սակայն նա արդեն փոխել էր բնակության վայրը և խուսափում էր քննությունից:

Հունիսի 27-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից նրա նկատմամբ հայտարարվում է հետախուզում, խափանման միջոցը՝ կալանք։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական տևական միջոցառումների շնորհիվ օրեր առաջ պարզվում է, որ հետախուզվողը գտնվում է Գյումրիում: Հետագա միջոցառումները ձեռնարկվում են ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների հետ համատեղ: Հունվարի 30-ին Գյումրիի Թբիլիսյան խճուղու մի բնակարանում հետախուզվողը հայտնաբերվում և ձերբակալվում է:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829