Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց պետհամարանիշի մեքենայով հետեւել են, ահաբեկել, Նարինե Հայրապետյանին էլ ստիպել են հրաժարվել ցուցմունքից. Թեւանյանը ահազանգում է

Փետրվար 02,2024 15:31 Share

Այսօր Երեւանի քաղաքապետարանի դիմաց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը մամուլի հրատապ ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու գնահատականներ «Մայր Հայաստան» խմբակցության դեմ իրականացվող քաղաքական հետապնդումների եւ խմբակցության անդամներին մանդատից զրկելու մասին:

Նա հայտարարեց, որ իշխանությունները տոտալ հարձակման են անցել իրենց խմբակցության դեմ. «Առաջին դեպքը տեղի ունեցավ Նարինե Հայրապետյանի հետ կապված: Ինքը ոստիկանություն էր դիմել՝ հաղորդում տալու քաղաքական գործունեության հետ կապված: Իրեն ահաբեկել են եւ ստիպել են դադարեցնել այդ գործունեությունը: Խնդիրն այն է, որ ոստիկանություն դիմելուց հետո փաստացի ճնշումների արդյունքում ստիպել են իրեն հրաժարվել ցուցմունքից, ասել, որ կեղծ ցուցմունք է տվել: Հետագայում ինչ-որ անուններ են տվել, որ ինքը ասի, թե նրանք ստիպել են: Դրա արդյունքում՝ ճնշումներից խուսափելու համար, նա լքել է Հայաստանը: Սա աղաղակող դեպք է եւ այս մասին քար լռություն է տիրում իրավապահ համակարգի կողմից: Մի-երկու կցկտուր հայտարարություն են արել եւ վերջ: Դրան հաջորդեց մեր խմբակցության ավագանու անդամ Արշակ Սարգսյանի դեմ հարձակումը այն առումով, որ իրեն հետապնդել են՝ առանց պետհամարանիշի ավտոմեքենայով, օրեր շարունակ, զարմանալի է, որ այդ մեքենան առանց համարանիշի պտտվել է մայրաքաղաքում, մասնավորապես՝ Աջափնյակ համայնքում: Վերջին անգամ երբ առիթ է տվել, որ անհանգստանա, Արշակ Սարգսյանը դիմել է ոստիկանություն: Ոստիկանությունում դիմումից հետո հայտնաբերել են այդ մեքենան եւ մեքենայում գտնվող անձինք բերման են ենթարկվել: Թե ինչ նպատակ են հետապնդել, դեռ պիտի պարզվի»:

Ինչ վերաբերում է մանդատից զրկելուն, Թեւանյանն ասաց. «Երեկ հայտնի դարձավ նախագիծ, որ ՔՊԿ-ն, իր քույր կուսակցության հետ միասին նախաձեռնել է Երեւանի ավագանու արտահերթ նիստ եւ մեր ավագանու 4 անդամի նկատմամբ, նաեւ Ազգային առաջընթացի առաջին համար Հայկ Մարությանի նկատմամբ առաջարկում են իրականացնել մի պրոցես, որի արդյունքում իրենք պիտի մանդատները վայր դնեն: Խոսքը Սոնա Աղեկյանի, Գեւորգ Ստեփանյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Նարինե Հայրապետյանի մասին է: Փաստորեն, վերջինիս այնպես արեցին, որ համ երկիրը լքի, համ էլ մանդատից են ուզում զրկել: Սա մենք գնահատում ենք քաղաքական հետապնդում «Մայր Հայաստանի» նկատմամբ: «Մայր Հայաստանը» փաստացի խանգարում է իրենց: Մենք գնահատում ենք, որ այս բոլոր գործողությունները, որ արվում են իշխանությունների կողմից, մեկ նպատակ են հետապնդում՝ իրականացնելու այն բոլոր ծրագրերը, որոնք վերաբերում են ե՛ւ տեղական կյանքին, ե՛ւ համապետական»:

Անդրանիկ Թեւանյանը նշեց, որ իրենք պայքարում էին տեղական տուրքերի, կարմիր կետագծերի վճարների դեմ, հիմա էլ իշխանությունները փորձում են տրանսպորտի ուղեվարձը թանկացնել. «Շատ լավ գիտեն, որ ընդվզում է լինելու, իրենք չեն կարող դա անցկացնել առանց քվորումի ապահովման: Այդ քվորումի ապահովման համար իրենք ստիպված են լինում բացահայտել իրենց կոալիցիոն երրորդ կողմին, որը մինչեւ հիմա նպաստել է, որ քաղաքապետ ընտրվի, եւ կարմիր գծերի թանկացումների որոշումներն անցնեն: Բայց երեւի սակարկությունները ծանր են անցնում այդ երրորդի հետ, իրենք փորձում են մահակ կիրառել, որ եթե բացակայում եք քվեարկություններից, մենք ձեզ կհեռացնենք ավագանուց: Դրանով կստիպեն, որ իբր մենք իրենց թանկացումներին չխոչընդոտենք: Սա իրավական եւ քաղաքական բեսպրեդել է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829