Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ական, նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը դատի է տվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին

Փետրվար 02,2024 18:07

Տրդատ Սարգսյանը վիրավորվել է Ավետիք Իշխանյանի կարծիքից. Aravot.am-ի զրուցակիցն է «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը

-Պարոն Իշխանյան, Ձեր դեմ հերթակա՞ն հայցն է ներկայացվել՝ դրամական փոխհատուցման պահանջով ու կրկին ֆեյսբուքյան գրառման համար: Մանրամասներ կներկայացնե՞ք, Ձեր ո՞ր գրառումով եւ ո՞ւմ եք վիրավորել:

-Հայցը վերաբերվում է անցյալ տարվա հուլիսի 27-ի գրառմանս հետևյալ հատվածին․ «Այսօր մահացավ 2019 թ․ ՔՊ-ականների կողմից դաժան ծեծի ենթարկված և չորս տարի կոմայի մեջ տառապող փոխգնդապետ Արա Մխիթարյանը։ Արա Մխիթարյանը ՔՊ-ական ռեժիմի առաջին զոհերից էր։ Եվ ոչ մի ընդվզում, բողոք։ Փոխգնդապետի ծեծի ու մահվան պատասխանատու ՔՊ-ական մարզպետն այժմ ԱԺ պատգամավոր է և վայելմում է նույնպես ՔՊ-ական ցոփ ու շվայտ կյանքը»։

Հիշեցնեմ, որ Արա Մխիթարյանը 2019 թվականին Եղեգնաձորում խմբակային, դաժան ծեծի էր ենթարկվել։ Դեպքից հետո կալանավորվեցին երկու եղբայրներ, որոնցից մեկը Վայոց ձորի մարզպետի օգնականն էր, իսկ մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց։ Ըստ լրատվամիջոցների՝ դեպքին ներկա երեք ականատեսներ վկայություն են տվել, որ ծեծին ներկա է եղել անձամբ մարզպետը և հրահանգներ է տվել իր աշխատակիցներին։ Ի դեպ, ականատեսներն իրենց խոսքը հաստատել են նաև որպես վկաներ առերես հարցաքննության ժամանակ։ Այսինքն, այդ մարդիկ չեն վախեցել, որ նախկին մարզպետն իշխող կուսակցության անդամ է, և, ամենայն հավանականությամբ, կխուսափի պատասխանատվությունից և չի բացառվում, որ իրենք կտուժեն։ Այնպես որ, ես հակված եմ հավատալու դեպքին ականատես վկաներին, այլ ոչ թե վարչապետ կոչեցյալի հրահանգները կատարող քննչական կոմիտեին և դատախազությանը, որոնք նախկին մարզպետին չեն ներգրավել քրեական գործում։

Փաստորեն, մենք բոլորս ականատեսներն ենք, թե ինչպես կարող են խմբակային դաժան ծեծի ենթարկել մարդուն և ոչ մեկն այդ արարքի համար չպատժվի։ Ահա և Վայոց ձորի նախկին մարզպետ, այժմ իշխող խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանն իմ դեմ դատական հայց է ներկայացրել՝ համարելով, որ իրեն վիրավորել եմ և արատավորել նրա պատիվն ու արժանապատվությունը։

Այո՛, կրկնում եմ, ես չեմ հավատում քննչական կոմիտեին ու դատախազությանը, և իմ կասկածներն առ այն, որ Վայոց ձորի նախկին մարզպետը մեղսակից է փոխգնդապետ Արա Մխիթարյանի դաժան ծեծին, չեն փարատվել։ Եթե ճշմարտությունն ասելը նրա համար վիրավորանք է, դա ինձ բացարձակապես չի հետաքրքրում։

Ինչ վերաբերում է պատիվն ու արժանապատվությունն արատավորելուն, ապա իմ համոզմամբ՝ միայն ՔՊ-ի անդամ լինելն արդեն նշանակում է զուրկ լինել պատվից և արժանապատվությունից։ Ինչպե՞ս կարող է սեփական կարծիք և համոզմունքներ չունեցող մարդը խոսել պատվից և արժանապատվությունից, կամ, 2020 թվականի խայտառակ պարտությունից և իրենց տիրակալի կողմից Արցախն ուրանալուց հետո շարունակել անդամակցել այդ խմբավորմանը։

-Այդ գործով մի նիստ արդեն կարծես եղել է, դատավորի տրամադրվածությունն ինչպիսի՞նն է:

– Տեղյակ չեմ այդ նիստից, քանի որ անձամբ տեղեկացված չեմ եղել։ Դատարանից ծանուցում ստացել եմ դեկտեմբերի 28-ին։ Հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 21-ին։

-Հօգուտ հայցվորի որոշման պարագայում պատրա՞ստ եք վճարել փոխհատուցման գումարը:

-Առաջ չընկնենք և սպասենք դատարանի որոշմանը։ Համենայնդեպս, ասեմ, որ չեմ պատրաստվում հերքել իմ կասկածն առ այն, որ նախկին մարզպետն առնվազն ներկա է եղել փոխգնդապետի ծեծին։ Եթե ոչ, ապա դատախազությունը թող փաստերով ցույց տա և դատարանն ապացուցի, թե ովքեր են մեղավորները և միայն այդ դեպքում ես պատրաստ եմ հրապարակային հերքել կասկածներս։

Այս հարցով, կուզենայի նաև մի հանգամանքի վրա ուշադրություն դարձնել։ Հայցվոր ՔՊ-ական պատգամավորի շահերը դատարանում ներկայացնում է «Էյ Էմ» իրավաբանական ընկերությունը։ Այն իրականում ներկայացնում է Կարեն Անդրեասյանի կնոջ և Գրիգոր Մինասյանի ընկերությունը։ Հուսանք, որ դատավորը չի կաշկանդվի այդ փաստով, քանի որ չի բացառվում, որ ընկերության համար ոչ ցանկալի որոշման դեպքում, արդարադատության նախարարը կդիմի ԲԴԽ՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու պահանջով, իսկ դե ԲԴԽ-ն…:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Հ․ Գ․ Ի դեպ, Եղեգնաձորում դաժան ծեծի արդյունքում մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով միակ դատապարտյալը` նախկին մարզպետ, այժմ ՔՊ պատգամավոր Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829