Լրահոս
Օրվա լրահոսը

«Փսեւդո քաղաքապետ Տիգրան Ավինյանը չարիք է Երեւանի համար․ կոռումպացված, ավտորիտար քաղաքային իշխանությունը, որը ընդդիմախոսներին փորձում է պատժել, պետք է օր առաջ հեռանա»․ Գրիգոր Երիցյան

Փետրվար 06,2024 16:50

«Երեւանում իշխող խմբակը, չունենալով Երեւանում վստահության քվե, նվազագույն շեմը մի կերպ հաղթահարելով, քաղաքապետարանում իշխանությունը վերցրեցին։ Հետո անընդհատ թանկացումներ բերեցին, ամեն նիստին դրույքաչափեր են բարձրացնում, կարմիր կետագծեր են թանկացնում, ավտոբուսի տոմսեր են թանկացնում։ Թանկացումների շքերթին ընդառաջ՝ փորձում են ազատվել այն ընդդիմադիր գործիչներից, որոնք մշտապես դեմ են քաղաքացուն իրականում տուգանքի մատերիալ դարձնելուն, ովքեր աշխատում են քաղաքացու խնդիրները լուծել։ Ուստի փորձում են ազատվել ավագանու ընդդիմադիր անդամներից»,-այսպիսի կարծիք հայտնեց «Մեդիա Կենտրոնում» հրավիրված քննարկմանը Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը՝ իրեն եւ իր մյուս գործընկերներին մանդատից զրկելու գործընթացի մասին։

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու իշխող ուժը փետրվարի 7-ի արտահերթ նիստում պատրաստվում է մանդատից զրկել հինգ ընդդիմադիրների՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, «Մայր Հայաստան»-ից Նարինե Հայրապետյանին, Զարուհի Փոստանջյանին, Սոնա Աղեկյանին և Գեւորգ Ստեփանյանին։

Նախագիծը հիմնավորվում է, որ ավագանու նշված անդամները նիստերի քվեարկությունների կեսից ավելիին չեն մասնակցել։

Գրիգոր Երիցյան

Քննարկման մյուս մասնակից՝ Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի կարծիքով էլ՝ սա քաղաքական հետապնդում է, քաղաքական ճնշում է ընդդիմախոսների նկատմամբ, իշխող քաղաքային ուժը փորձում է լռեցնել ընդդիմության ձայնը։

Երիցյանը հիշեցրեց․ «Բացակայությունների հիմքով հեռացում Երեւանի ավագանիում եղել է մեկ անգամ նույն այս խմբակի կողմից, երբ մեր գործընկերը հեռացվել է այն պատճառով, որ չի մասնակցել Հայկ Մարությանի իմպիչմենտին, մինչդեռ այդ կինը ֆիզարձակուրդում էր։ Մինչ այդ, Հայաստանի պատմության մեջ մեկ անգամ է եղել բացակայությունների հիմքով հեռացում՝ 1999-ին Վանո Սիրադեղյանի նկատմամբ, իսկ 2015-ին՝ ՀՀԿ-ն ԱԺ-ում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, ինչը չի հաջողվել։

Երիցյանի դիտարկմամբ՝ Երեւանի ավագանին, ՏԻՄ օրենքը, Երեւանի մասին օրենքը, ավագանու կանոնակարգը որեւէ ձեւակերպում չունի, թե ինչ է նշանակում անհարգելի բացակայություն․ «Երեւանի քաղաքապետարանը չի վարում բացակայությունների ռեեստր, բացակայող ավագանիներից երբեւիցե չի պահանջվել ներկայացնել որեւէ թուղթ հարգելիության կամ անհարգելիության մասին։ Այսինքն, անհարգելիության փաստն իրենով չի կարող ապացուցվել, օրենքով նման կանոնակարգ չկա»։

Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամի կարծիքով՝ ՔՊ-ն իրավունք չունի բացակայությունների հիմքով որոշել մանդատից զրկել, ընտրողը պետք է որոշի՝ տվյալ անդամը կամ խմբակցությունը լա՞վ է աշխատում թե՝ ոչ, ոչ թե քաղաքական փոքրամասնությունը․ «Իրենք ընտրել են մեր խմբակցության առաջնորդին մանդատից զրկել, որպեսզի գլխատեն մեր քաղաքական ուժը եւ որպեսզի ազատվեն քաղաքապետի հավանական թեկնածուից, որը, եթե ընդդիմության շարքերում լինի կոնսենսուս, կարող է լինի քաղաքապետի թեկնածու եւ կարող է ընտրվել։ Իրենք, մի կերպ հայտնվելով ավագանու աթոռին, չեն կարող որոշել, թե ով է լավ աշխատում»։

Հայկ Մարությանը, ինչպես ասաց Երիցյանը, որոշ դեպքերում բացակայել է, քանի որ քաղաքական բոյկոտ է ներկայացրել, որոշ դեպքերում էլ պարզապես երկրում չի եղել․«Այնպես չէ, որ նա հինգ տարի չի գալու եւ ուստի արդար չէ երկու ամսվա աշխատանքով հինգ տարվա քաղաքական գործունեությունը գնահատել։ Ավագանին երկու ամիս է աշխատել, երեք նիստ է գումարել, որից երկուսին Մարությանը չի ներկայացել, երկրում չի եղել, սա լեգիտիմ հիմք չէ մարդու հինգ տարվա գործունեությունը դադարեցնելու համար»։

Երիցյանի խոսքով՝ Մարությանին մանդատից զրկելու նախագծի հեղինակը ՔՊ-ն է, իսկ «Մայր Հայաստանի» դեպքում՝ նաեւ անձնական խնդիրներ կան․ «Սոնա Աղեկյանի դեպքում նախագծի հեղինակը «Հանրապետություն» խմբակցությունից Անի Խաչատրյանն է, որն ունի անձնական խնդիրներ։ Անձնական խնդիրը բերում են քաղաքական դաշտ։ Այս ավագանին ապագա չունի, պետք ցրվի, պետք են նոր արտահերթ ընտրություններ տեղի ունենան եւ ամեն ինչ կարծես դրան է տանում»։

Սոնա Աղեկյան

Սոնա Աղեկյանն էլ հավելեց․«ՔՊ-ն ասում է, որ դուք ընդդիմադիր գործառույթներ չեք իրականացնում, պետք է գալ նիստերին, խոսել, քննադատել, ելույթ ունենալ։ ՔՊ-ն ինչպե՞ս է որոշում՝ որն է ընդդիմադիր կեցվածքը եւ ինչ պետք է անի ընդդիմադիր ավագանու անդամը։ ՔՊԿ-ն շատ փոքր է դա որոշելու համար։ Մեզ հեռացնելով՝ փորձում են իրենց քվորումն ապահովել, որպեսզի անարգել իրենց օրակարգային հարցերին դրական եզրակացություն ստանան»։

Ավագանու անդամներն ասացին, որ մինչ այս նախագիծը շրջանառելը, մանդատից զրկելու մասին քննարկում նույնիսկ չի եղել նշված անդամների կամ խմբակցությունների հետ։

«Այս երկու խմբակցությունները միասին ունեն շատ ավելի ձայն, քան ՔՊ-ն։ Այս գործողությամբ ՔՊ-ն թքում է 80 հազար երեւանցիների երեսին, որովհետեւ մենք ընտրվել ենք երեւանցիների քվեով, հաշվետու ենք երեւանցիներին, երեւանցին է տվել մանդատ, երեւանցին էլ կարող է այն վերցնել։ Միակ մարդը, ում լիազորությունները պետք է դադարեցվեն, դա Տիգրան Ավինյանն է, փսեւդո քաղաքապետը, ով չի ներկայացնում երեւանցու շահը, ով չափազանց թանկ է նստում երեւանցու գրպանին եւ առողջությանը։ Նա պետք հեռանա, միակ պահանջը, որ պետք է քննարկենք արտահերթ կարգով, դա Տիգրան Ավինյանի հրաժարականն է, նա չարիք է դարձել Երեւանի համար։ Այս կոռումպացված, ավտորիտար քաղաքային իշխանությունը, որը շարունակաբար ընկնում է մարդկանց հետեւից, ընդդիմախոսներին փորձում է պատժել, պետք է օր առաջ հեռանա»,-ասաց Գրիգոր Երիցյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարները՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829