«Իշխանությունները այս ձերբակալություններով «խփիր յուրայիններիդ, որ օտարները վախենան» քաղաքականությունն են կիրառում, ընդ որում՝ քստմնելի որոշումներով: Կանանց կալանավորելը, անկախ նրանից, թե նրանք ում կանայք են, ես սխալ եմ համարում: Եթե կա դատ, եթե կա քննություն, թող իրենք վարեն: Հետագայում պարզ կդառնա, թե ով ինչ է: Բայց երբ որ կալանքը որպես մահակ են կիրառում՝ մեզ համար դա անընդունելի է»,- այսօր հրավիրած ճեպազրույցում այսպիսի գնահատական տվեց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը` խոսելով վերջին աղմկահարույց ձերբակալությունների ու կալանքի մասին:
Նա ընդգծեց, որ իշխանությունները քաղաքական ահաբեկչություն են կիրառում հատկապես իրենց՝ ընդդիմադիրների նկատմամբ:
Ինչպես հայտնի է, Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին, ինչպես նաեւ Հայկ Մարությանին մանդատից զրկելու նախագիծ կա: Հարցին՝ ձեր խմբակցության անդամները զգուշացում, ծանուցում ստացե՞լ են, որ եթե բացակայությունները շատ լինեն, կզրկվեն մանդատից՝ Թեւանյանը պատասխանեց, որ այդ մասին իմացել են Երեւանի ավագանու արտահերթ նիստի օրակարգը նայելուց հետո. «Դա բացարձակ բլեֆ է, նույնիսկ այդ դետալների մեջ չենք էլ ուզում մտնել, թե ով ինչքան է քվեարկել, ով չի քվեարկել: Սա ուղղակի քաղաքական գործիքակազմ է մեր ակտիվ անդամների դեմ, որ մյուս ակտիվ անդամներին փորձեն լռեցնել: Չի ստացվելու»:
Լրագրողները հիշեցրին, որ միջադեպ էր եղել Անի Խաչատրյանի եւ Նարինե Հայրապետյանի միջեւ ու հարցրեցին՝ գուցե ուզում են նման միջադեպերը բացառվե՞ն քաղաքապետարանում՝ Անդրանիկ Թեւանյանը պատասխանեց. «Տեսեք, Տիգրան Ավինյանը քաղաքապետի լիազորությունները ստանձնել է ապօրինաբար: Մենք խմբակցությունով որոշել ենք դատի տալ եւ մեր ավագանու անդամ Սամվել Հակոբյանը այդ գործով զբաղվում է: Իրենք գիտեն, որ ապօրինաբար հիմա լիազորություններ են իրացնում, որովհետեւ քվորում չի եղել երդման արարողության ժամանակ: Այս հարցում կա դատական պրոցես եւ մինչեւ մարտի 5-ը փաստաթղթեր պետք է քաղաքապետարանը ներկայացնի, որ տեղի ունենա նախնական դատական նիստը: Իրենք որոշումներ չեն կարող կայացնել, որովհետեւ սա փոքրամասնության իշխանություն է, լեգիտիմ չեն: Ինչ վերաբերում է այդ քաշքշոցներին, աղմուկին, որ տեղի ունեցան, բոլոր թաղապետերը, ովքեր մասնակցում էին, իրենք անխտիր պետք է հրաժարական տային դրանից հետո, եթե, իհարկե, քաղաքապետի լիազորությունները ապօրինաբար զավթած Տիգրան Ավինյանը անկեղծ էր, որ լավ չի գնահատում էդ ամեն ինչը»:
Կարդացեք նաև
Թեւանյանն ասաց, որ առանձին ՔՊ-ն ու «Հանրապետություն» խմբակցությունը չեն կարող իրենց անդամներին զրկել մանդատից, քանի որ 32 ձայն ունեն, իսկ օրենսդրությամբ անհրաժեշտ է 33 կողմ ձայն, կտա՞ այդ ձայնը «Հանրային ձայնը», թե ոչ՝ կերեւա առաջիկայում. «Մենք համագործակցում ենք «Ազգային առաջընթացի հետ: Երբ որ ասում եք՝ քաղաքապետարանում կա 3 ընդդիմադիր, դա այդպես չէ, որովհետեւ մենք տեսել ենք, որ անհրաժեշտ պահին այդ երրորդ ուժը, որը ոչ իշխանական ձայներն է վերցրել, հայհոյանքներով իրենց ընդդիմադիր են ներկայացրել, իրենք փաստացի իշխանության հետ են խաղում: Նաեւ դա է պատճառը, որ իշխանությունները մեր դեմ են պայքարում, որովհետեւ իրենց հաճախորդը պայթում է: Մեր ավագանու անդամների ու մեր քարոզչության միջոցով մարդկանց աչքի առաջ պայթեց այդ «հաճախորդ» օպերացիան: Դրա համար իրենք նյարդայնանում են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

















































