Լրահոս
Օրվա լրահոսը

«Սխալներ կատարելու ձևաչափն արդեն գերակատարված է, հետևաբար առողջ բանականության և սթափ հայրենասիրության ժամանակն է»․ Նարինե Դիլբարյան

Փետրվար 08,2024 16:08

«Մեզ բոլորիս միավորում է հասկանալը, թե ինչպիսի բանակցային օրակարգ պետք է ձևավորվի և ինչ կետից կարող ենք սկսել մեր բարդ ճանապարհը»,-Արցախից բռնագաղթված 150 հազար հայերի ոտնահարված իրավունքների պաշտպանության օրակարգով հրավիրված կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման անդամ Նարինե Դիլբարյանը։

Նա ներկայացրեց, թե շարժումն ինչ նախագիծ է առաջարկել հանրությանը․ «Նախագծով առաջարկվում է առոչինչ համարել ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանավոր հայտարարությունները, որոնցով Արցախը, ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ ճանաչվել են Ադրբեջանի կազմում։ Նման հայտարարությունները պաշտոնական ուժ չունեն, չեն անցել վավերականացման ընթացակարգ, հակասում են ՀՀ Սահմանադրությանը։

Քանի որ նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, ՀՀ-ի, ՌԴ-ի միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը արցախաադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ վավերական միակ փաստաթուղթն է, պահանջում ենք ՄԱԿ-ի ԱԽ-ի երաշխիքների ներքո վերադառնալ այս փաստաթղթի հիմնարար կետերի կատարմանը։

Վերականգնել Բերձոր-Լաչինի հինգ կիլոմետրանոց միջանցքի անխոչընդոտ երկկողմ գործարկումը, ՀՀ-Արցախ ուղևորափոխադրումների և բեռների փոխադրումների համար այնտեղ գտնվող ռուս խաղաղապահների ամբողջական վերահսկողության ներքո։ Ի պատասխան ՀՀ-ն կապահովի Նախիջևանից Ադրբեջան ավտոճանապարհով ադրբեջանական ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները։

Արցախի տարածքում հայ բնակչության և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված կետերի կատարման ապահովման համար էապես ավելացնել խաղաղապահ զորքերի թվակազմն ու ուժերը։

Հայ ռազմագերիների, առևանգված, պատանդառված, անհետ կորած անձանց վերադարձի ապահովում։ Աներկբա պետք է ազատ արձակվեն Ադրբեջանի ռազմական ագրեսիայի, ահաբեկչական գործողությունների զոհ դարձած քաղաքացիները, այդ թվում՝ ապօրինի ազատությունից զրկված և շինծու մեղադրանքներով ամբաստանվող ԱՀ ներկա ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց հետ բազմիցս բանակցել են ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչները և ղեկավարները։

Ապահովել Ստեփանակերտում հայկական օրինական վարչակազմի գործունեությունը, որը կերաշխավորի արցախցիների անվտանգ վերադարձն իրենց բնակավայրեր։

Սկսել Արցախի կարգավիճակի շուրջ բանակցություններ՝ ամենից առաջ ՄԽ համանախագահների և այլ շահագրգիռ ձևաչափերով»։

Նարինե Դիլբարյանը հայտարարեց․ «Սխալներ կատարելու ձևաչափն արդեն գերակատարված է, հետևաբար առողջ բանականության և սթափ հայրենասիրության ժամանակն է։ Հուսով եմ՝ կկարողանանք գտնել այդ ճշմարիտ լուծումները, և մեր հավաքական որոշումը մի փոքր քայլ կլինի Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսման, Արցախի էթնիկ զտումները համապատասխան գնահատական կստանան միջազգային հանրության կողմից, և մենք ինքներս կլինենք Արցախում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829