Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հերթական արարողակարգային ընտրությունները եւ քվեարկություն անմարդաբնակ, դատարկված քաղաքում

Փետրվար 10,2024 12:00

20 տարուց ավելի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալիեւը կղեկավարի եւս 7 տարի

Փետրվարի 7-ին Ադրբեջանում նախագահական հերթական արարողակարգային ընտրությունները անցկացվեցին, որում արդեն 20 տարուց ավելի նախագահի պաշտոնը զբաղեցնող Իլհամ Ալիեւը կրկին մասնակցեց եւ հաղթեց արդեն` 7-ամյա պաշտոնավարման ժամկետի համար:

Նախագահական ընտրությունների քարոզարշավը տեղի ունեցավ առանց առաջատար ընդդիմադիր ուժերի մասնակցության, որոնք բոյկոտեցին ընտրությունները՝ պնդելով, որ դրանց արդյունքները եւս «կանխորոշված են»։

Ալիեւի նախաձեռնությամբ երկրի Սահմանադրությունից անհետացավ երկու անգամից ավելի նախագահ ընտրվելու արգելքը, ինչի շնորհիվ էլ նա արդեն հինգերորդ անգամ առաջադրվեց այդ պաշտոնում այս անգամ որպես` «Հաղթանակած ժողովրդի հաղթական առաջնորդ»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական հերթական ընտրություններն ի սկզբանե նախատեսված էին այս տարվա ապրիլին, սակայն, Ալիեւը անակնկալ որոշում կայացրեց քվեարկությունը մի քանի ամիս շուտ անցկացնել։ Ադրբեջանի քաղաքական ուժերին հանկարծակիի բերած, ընդդիմության բոյկոտի պատճառ դարձած այդ որոշման պատճառների մասին նախագահ Ալիեւը առաջին անգամ խոսեց քարոզարշավի մեկնարկից մի քանի օր առաջ։ Այս անգամ արտահերթի գնալու որոշումն, ինչպես նշեց Ալիեւը՝ երկու պատճառ ունի. «դարակազմիկ հաղթանակներից հետո Ադրբեջանը պատմության նոր էջ է սկսում» եւ «տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո» Ադրբեջանի նախագահին այժմ կարող են ընտրել նաեւ վերջին երեք տարվա ընթացքում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների բնակիչները։ «Բնականաբար նոր դարաշրջանի սկիզբը պետք է նշանավորվի նոր նախագահական ընտրություններով։ Երեսուն տարի անց գրավյալ տարածքների ազատագրումը եւ մեր ինքնիշխանության լիակատար վերականգնումը նշանավորեցին նոր դարաշրջանի սկիզբը։ Սա առաջին պատճառն է։ Երկրորդ պատճառն այն է, որ մեր անկախության շրջանում առաջին անգամ ընտրություններ են անցկացվելու ամբողջ երկրում։ Քանի որ նախագահական ընտրությունները մյուս բոլոր ընտրությունների համեմատ ամենակարեւորն են, ես համարեցի, որ առաջին ընտրությունները, որոնք պետք է անցկացվեն ողջ հանրապետությունում, պետք է լինի նախագահականը», – պարզաբանել էր Ալիեւը։

Այսինքն, փետրվարի 7-ին կայացած ընտրություններով, Ալիեւն արդեն իրեն հռչակեց իրեն ողջ՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետրանոց Ադրբեջանի կողմից ընտրված նախագահ, քանի որ առաջին անգամ Բաքուն ընտրատեղամասեր բացեց Լեռնային Ղարաբաղում ու հարակից յոթ շրջաններում՝ նույնիսկ անմարդաբնակ Ստեփանակերտում։

Հատուկենտ անկախ լրատվամիջոցները հաղորդում էին աղաղակող կեղծիքների մասին, մայրաքաղաքի մի շարք ընտրատեղամասերում «կարուսելի» դեպքեր էին արձանագրվել, լցոնումներ, կուտակումներ, լրագրողների, դիտորդների գործունեության խոչընդոտներ: Ադրբեջանի նախագահական ընտրությունների առաջին կադրերը ադրբեջանական պետական լրատվամիջոցները հրապարակեցին Ստեփանակերտից: Ալիեւյան կլանը` երկրի առաջնորդի գլխավորությամբ, չնայած Բաքվի գրանցում ունենալուն, փաստացի խախտելով ընտրական օրենսգիրքը, քվեարկեց էթնիկ զտումների ենթարկված, դատարկված Ստեփանակերտում` ուրվական-քաղաքում։

Ինչպես այդ, այնպես էլ այդ երկրում տեղի ունեցած մյուս բոլոր ընտրություններն անխտիր միջազգային կառույցները գնահատել են որպես ոչ թափանցիկ, ոչ մրցակցային։ «Բազմաթիվ լրագրողներ եւ քաղաքական ակտիվիստներ գտնվում են բանտերում։ 200-ից ավելի քաղբանտարկյալներ կան։ Ընտրական օրենսդրության հետ կապված լուրջ խնդիրներ կան, եւ ընտրական հանձնաժողովները հիմնականում գտնվում են իշխանությունների ազդեցության տակ», – Associated Press-ին ասել է ընտրությունները բոյկոտած «Մուսավաթ»-ի առաջնորդ Արիֆ Հաջիլին։

Ընտրություններին տեղում հետեւեցին 790 միջազգային դիտորդներ, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի առաքելությունը, որն իր միջանկյալ զեկույցում արդեն քննադատել է նախընտրական գործընթացները ընդգծելով, որ դրանք նախապատրաստվել են ոչ մրցակցային, մամուլի դեմ ճնշումների պայմաններում, առանց քաղհասարակության մասնակցության։ Ընտրական գործընթացներին հետեւող մյուս հեղինակավոր կառույցների՝ Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի պատվիրակություններին պաշտոնական Բաքուն դիտորդության հրավեր չէր ուղարկել։

Ադրբեջանում գործող «Ընտրությունների մոնիթորինգի եւ ժողովրդավարության ուսուցման կենտրոնն» էլ իր միջանկյալ զեկույցում ընդգծել է, որ քվեարկությունը պլանավորվածից շուտ անցկացնելը բարդացրել է կուսակցությունների, թեկնածուների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների մասնակցությունն ընտրական գործընթացներին։

Ընտրություններից մի քանի օր առաջ ընտրական գործընթացներին հետեւող ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպությունը պնդեց, որ նախագահական ընտրություններն ընթանում են առանց իրական քաղաքական մրցակցության։ «Ընտրությունների մոնիտորինգի եւ ժողովրդավարության ուսուցման կենտրոնը» հրապարակել էր Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների առաջին փուլի վերաբերյալ միջանկյալ զեկույցը։ Դրանում ադրբեջանցի իրավապաշտպանները շեշտեցին, որ ընտրությունները պլանավորվածից շուտ անցկացնելը բարդացրել է կուսակցությունների, թեկնածուների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների մասնակցությունը ընտրական գործընթացներին։

Կենտրոնն արձանագրել էր, որ ընտրությունների նախաշեմին էլ երկրում «սրվել է քաղաքական ազատությունների պաշտպանության շուրջ ստեղծված ճգնաժամը, չեն վերացել խոսքի, հավաքների եւ միավորումների ազատության իրականացման խոչընդոտները, ճնշումը՝ քաղաքացիական հասարակության անկախ կառույցների, ինչպես նաեւ ավելացել են լրատվամիջոցների, լրագրողների եւ հասարակական ակտիվիստների նկատմամբ հետապնդումները»։

Կազմակերպությունը նաեւ հիշեցրել էր, որ գործող նախագահի վեց մրցակիցներից հինգը նախկինում եւս մասնակցել են նախագահական ընտրություններին, երբեք չեն վիճարկել ընտրությունների արդյունքները, չեն քննադատել պետության ղեկավարին, անգամ չեն ներկայանում որպես նախագահի քաղաքական հակառակորդներ եւ չեն փորձում իրենց դրսեւորել որպես իշխանության համար պայքարող այլընտրանքային քաղաքական ուժի ներկայացուցիչներ։

Քարոզարշավի վերջին օրերին Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության կազմակերպած հեռուստաբանավեճի ընթացքում, ըստ «Ազատության», բոլոր թեկնածուները միաձայն բարձր են գնահատել իշխանությունը հորից ժառանգած Ալիեւի դերը՝ ռազմական հաղթանակներում, իսկ անկուսակցական թեկնածու Զահիդ Օրուջն, իր աջակիցներին առհասարակ կոչ է արել ոչ թե իր, այլ գործող նախագահի օգտին քվեարկել: Միակ աննշան քննադատությունը հնչել էր Գուդրաթ Հասանգուլիեւից, պատգամավորն ափսոսանք է հայտնել երկրում ժողովրդավարության բացակայության կապակցությամբ՝ կարեւորելով խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը։

Սակայն մրցակիցների բացակայության, քվեարկության արդյունքների կանխատեսելիության պայմաններում անգամ՝ նախընտրական շրջանը ուղեկցվեց Ալիեւի ընդդիմախոսների ձերբակալություններով։ Ճաղերի ետեւում են հայտնվել մի խումբ հետաքննող լրագրողներ, ովքեր բացահայտել էին իշխող ընտանիքի մասնակցությամբ բազմամիլիոնանոց կոռուպցիոն սխեմաներ, ձերբակալվել են նաեւ ընդդիմադիր առաջնորդներ՝ այդ թվում Թոֆիգ Յագուբլուն։

Ադրբեջանի իշխանությունն ավելի հեռուն գնաց. ձերբակալեցին, ապա արտաքսեցին ԵԱՀԿ դիտորդին` շվեյցարացի պատվիրակի: Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր Նիկ Գուգերը Բաքու էր ժամանել փետրվարի 3-ին ԵԱՀԿ դիտորդների կազմում՝ նախապես ունենալով համապատասխան հավատարմագիր եւ թույլտվություն։ Բաքվի օդանավակայանում, սակայն, ոստիկանները նրան ձերբակալել են, առգրավել անձնագիրը, ապա ժամեր անց արտաքսել Թուրքիա։ Քաղաքական գործիչն իր դիվանագիտական անձնագիրը ստացել էր միայն Ստամբուլ հասնելուց հետո։ Շվեյցարիայի Ավետարանական ժողովրդական կուսակցության ազգային խորհրդի անդամ Նիկ Գուգերը նաեւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ է։ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության մասնակցության սառեցման որոշումից հետո, Ադրբեջանի իշխանությունները պատասխան քայլի դիմեցին:

Նկատենք, որ միակ եվրոպական կառույցը, որին Ալիեւի վարչակազմը թույլատրել է ժամանել Ադրբեջան եւ հետեւել ընտրություններին, ԵԱՀԿ-ն էր: Կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը հունվարի վերջին հրապարակած միջանկյալ զեկույցում արդեն քննադատել էր նախընտրական գործընթացները, ընդգծելով, որ քարոզարշավն ընթանում է առանց իրական քաղաքական մրցակցության, առանց քաղհասարակության մասնակցության, անկախ լրատվամիջոցների դեմ իշխանությունների ճնշումների պայմաններում։

Նկատենք, Ժողովրդավարության եւ ընտրական աջակցության միջազգային ինստիտուտի՝ ժողովրդավարության ցուցանիշներով Ադրբեջանը 174 երկրների շարքում զբաղեցնում է 148-րդ տեղը՝ Կուբայի եւ Վենեսուելայի արանքում, իսկ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության վարկանիշում երկիրը 180-151-րդ տեղերում է՝ Պակիստանի եւ Աֆղանստանի արանքում։

«Համոզիչ հաղթանակի» կապակցությամբ Ալիեւին ընտրությունների օրն արդեն շնորհավորեցին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Ադրբեջանում նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները դեռ չհրապարակված՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը «կրտսեր եղբորը»` «համոզիչ հաղթանակի» առթիվ: Էրդողանը ոչ միայն նամակ էր հղել, այլեւ զանգահարել էր Ալիեւին՝ հույս հայտնելով, որ ընտրությունների հաջող ավարտից հետո կստորագրվի խաղաղության պայմանագիրը։ «Հայաստանի հետ բանակցությունները, որոնցում Դուք մեծ աշխատանք եք կատարել՝ որպես հաղթանակած առաջնորդ, կհանգեցնեն նաեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը» – ասել է Էրդողանը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընտրությունների հաջորդ օրը զանգահարեց Ադրբեջանի նախագահին եւ շնորհավորեց ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Հեռախոսազրույցի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնեց. «Պետության ղեկավարները վստահություն են հայտնել, որ երկու երկրների միջեւ ռազմավարական եւ դաշնակցայի հարաբերությունները հետայսու էլ կզարգանան տարբեր ոլորտներում, քննարկել են համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր»։ Ի դեպ, ընտրությունների օրը ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը կարծիք էր հայտնել, թե Ադրբեջանի այսօրվա ընտրությունները «կարող են մոդել դառնալ» ՌԴ-ում նախագահական ընտրությունների համար. «Ռուսաստանը նույնպես պատրաստվում է մարտի ընտրություններին, եւ մենք Բաքվից որոշակի փորձ կբերենք մեզ»։

Ուկրաինայի ներկայացուցիչը՝ Գերագույն Ռադայի իշխող մեծամասնության պատգամավոր Վալերի Կոլյուխը, որը որպես դիտորդ Ադրբեջանում հետեւում էր քվեարկությանը, ոչ միայն չէր կիսել ընտրությունների ընթացքի վերաբերյալ բացասական գնահատականները, այլեւ պնդել էր՝ ընտրություններն Ադրբեջանում անցնում են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան. «Սա պատմական իրադարձություն է Ադրբեջանի ժողովրդի համար, եւ մենք չէինք կարող այն բաց թողնել։ Կցանկանայի նշել, որ ընտրություններն անցնում են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան»։

Ընտրություններից առաջ Ալիեւը մի քանի ելույթներով ուղերձներ հղեց նաեւ Հայաստան-Ադրբեջան խնդիրների վերաբերյալ: Նա նշեց, թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ դե ֆակտո խաղաղություն կա եւ գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Ապա ներկայացրեց նախապայմանները, թե որ դեպքում է դա հնարավոր` «Հայաստանի Սահմանադրությունում եւ մյուս փաստաթղթերում փոփոխությունների դեպքում հնարավոր կլինի խաղաղության հասնել»։ Այս ամենի հետ մեկտեղ Ալիեւը դարձյալ դժգոհեց, թե Հայաստանը միլիտարիզացիայի քաղաքականություն է վարում եւ դրան զուգահեռ «աշխարհաքաղաքական խարդավանքների նախաձեռնող է»։

Ալիեւը Ֆրանսիային կոշտ քննադատության ենթարկելու առիթն էլ բաց չթողեց՝ պնդելով, թե այդ երկիրը ցանկանում է՝ «Հարավային Կովկասում առաջատար դերակատարություն ստանձնել եւ ամրապնդել իր դիրքերը։ «Ֆրանսիայի այդ ջանքերը, սակայն, ապարդյուն են», – նշեց Ալիեւը։ Նա քննադատեց նաեւ եվրոպական կառույցներին՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների չհաստատման պատճառով. «Եթե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չվերականգնվեն, Ադրբեջանը կվերանայի Եվրոպայի խորհրդին եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին իր մասնակցությունը»:

Հունվարի 31-ին հայ-ադրբեջանական սահմանի՝ Իջեւան-Ղազախ հատվածում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի վեցերորդ հանդիպումը երկու երկրների փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ: Ի տարբերություն նախորդ հանդիպման, այս մեկի վերաբերյալ կողմերը որեւէ մանրամասներ չհայտնեցին:

Պաշտոնական Երեւանը ԱԺ նախագահի մակարդակով հայտնել էր, թե երկու երկրների փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովների հանդիպումից հայկական կողմը հստակության ակնկալիք ունի։ Խորհրդարանի խոսնակն ակնարկել էր, թե կողմերը դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել քարտեզների հարցում:

Պաշտոնական Երեւանը, ինչպես հայտնի է, առաջարկում է սահմանազատումն անել խորհրդային ամենաթարմ՝ 1975թ. քարտեզներով, մինչդեռ Բաքուն դեմ է։ Ալիեւն այդ հարցին տարեսկզբին էր անդրադարձել. «Նրանք ուզում են մի կողմ թողնել 1960-ականների, 50-ականների, 40-ականների քարտեզները եւ հղում անել հենց՝ 70-ականներին, քանի որ մեր պատմական հողերն այդ ժամանակ արդեն նրանց էին տրվել։ Ուստի, մենք վճռականորեն ընդդիմացել եւ ընդդիմանում ենք դրան»։ Միեւնույն ժամանակ Ալիեւը Երեւանից պահանջել էր՝ «օկուպացված ութ գյուղերը»։ Ալիեւն էլ իր հերթին ասել էր, թե ակնկալում է, որ սահմանազատման հանձնաժողովների կայանալիք նիստում հստակություն կմտցվի նաեւ ակնկլավների հարցում, եւ այդ հանդիպման «օրակարգում մեկ՝ Ղազախ-Թովուզ հատվածի սահմանազատման հարցն է»։

Մինչդեռ հայկական կողմն հունվարի 31-ի հանդիպման օրակարգի մասին այլ տեղեկություն էր հայտնել։ Ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ նախնական պայմանավորվածությամբ, հանդիպմանը սահմանվելու են փաստաթղթերի տեսակները, նույնականացվելու քարտեզները։ Տարեվերջին՝ սահմանազատման հանձնաժողովների առաջին նիստից մեկուկես տարի անց՝ Երեւանն ու Բաքուն հաստատեցին համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման աշխատակարգը։ «Մեթոդաբանություններ պետք է նկարագրենք եւ սահմանումներ պետք է տանք ավելի կոնկրետ, թե ինչ ենք հասկանում քարտեզ սահմանման տակ, ինչը գերկարեւոր է, եւ ինչ ենք հասկանում իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթի տակ», – ասել էր Գրիգորյանը։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829