Լրահոս
Օրվա լրահոսը

Խմում ես ու չես հագենում․ մշտական ծարավի հնարավոր պատճառները

Մարտ 14,2024 09:30

Ծարավի զգացողության միջոցով մարմինը տեղեկացնում է, որ անհրաժեշտ է համալրել օրգանիզմի ջրի պաշարը, որպեսզի այն ավելի արդյունավետորեն իրականացնի իր գործառույթները։ Ամենևին էլ վտանգավոր չէ, երբ շոգ եղանակին կամ ծանրաբեռնված ֆիզիկական աշխատանքից հետո մարդը սովորականից շատ է ծարավ զգում, սակայն անհագ ծարավի զգացումը, որը հետապնդում է մարդուն տարբեր իրավիճակներում, կարող է խոսել առողջական խնդիրների մասին։

Որո՞նք են այն առողջական վիճակները, որոնց մասին կարող է հուշել ծարավի տևական զգացողությունը

Ջրազրկում

Ջրազրկման դեպքում օրգանիզմին չի բավականացնում ջրի քանակը՝ նորմալ կենսագործունեություն ծավալելու համար։ Եվ այդ վիճակի հիմնական ախտանշանը ծարավն է։ Ջրազրկման առաջացման պատճառները շատ տարբեր կարող են լինել՝ ֆիզիկական լարված մարզումներ, փորլուծություն, փսխում, չափազանց առատ քրտնարտադրություն և այլն։

Ծարավից զատ ջրազրկման դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները՝

  • մեզի մուգ գույն,
  • մեզի քանակի նվազում,
  • բերանի չորություն,
  • մաշկի չորություն,
  • հոգնածություն,
  • գլխապտույտ,
  • գլխացավ։

Երեխաների մոտ ջրազրկումը դրսևորվում է նաև այսպիսի ախտանշաններով՝

  • լացելիս արցունքների բացակայություն,
  • չոր ու կպչուն բերան,
  • թուլություն, կամակորություն և այլն։

Դիաբետ

Անհագ ծարավը, որը բժշկագիտության մեջ անվանում են պոլիդիպսիա, դիաբետի նախանշաններից մեկն է։ Դիաբետի դեպքում, ինչպես հայտնի է, օրգանիզմը չի արտադրում բավարար քանակով ինսուլին կամ չի գործածում այն, ինչպես որ հարկն է։ Դա հանգեցնում է օրգանիզմում շաքարի (գլյուկոզ) մեծաքանակ կուտակումների։ Գլյուկոզը մեզից ավելի շատ ջուր է ներծծում՝ առաջացնելով հաճախամիզություն, ինչի հետևանքով էլ օրգանիզմն անընդհատ ջրի կարիք է ունենում։

Ծարավից ու հաճախամիզությունից զատ դիաբետը կարող է դրսևորվել հետևյալ ախտանշաններով՝

  • Տեսողության մթագնում,
  • հոգնածություն,
  • քաղց մշտական զգացում,
  • վերքերի ու կապտուկների դանդաղ լավացում և այլն։

Ոչ շաքարային դիաբետ

Չնայած անվանմանը՝ այս հիվանդությունը կապ չունի դիաբետի հետ։ Հիվանդության պատճառներից մեկն այն վիճակն է, երբ օրգանիզմում չի արտադրվում համապատասխան հորմոնը (վազոպրոսին), որի օգնությամբ երիկամները վերահսկում են օրգանիզմի ջրի քանակը։ Անհագ ծարավը ոչ շաքարային դիաբետի հիմնական ախտանշաններից մեկն է։

Հիվանդության այլ ախտանշաններից են՝

  • ջրազրկում,
  • շատ մեծ քանակությամբ միզարձակում։

Բերանի չորություն

Այս վիճակը նույնպես կարող է ծարավ առաջացնել։ Բերանի չորություն կարող է առաջանալ նաև այն դեպքում, երբ բերանի խոռոչում նվազում է թքի արտադրությունը՝ տարբեր պատճառներով, օրինակ՝ որոշ դեղամիջոցների, ծխախոտի օգտագործման հետևանքով։ Մի քանի հիվանդություններ ևս կարող են բերանի չորություն առաջացնել, այդ թվում՝ քաղցկեղը, Շյոգրենի համախտանիշը, գլխուղեղի ու պարանոցի նյարդերի վնասվածքները։

Թքագեղձերի վատ աշխատանքի հետևանքով կարող են դրսևորվել նաև հետևյալ ախտանշանները՝

  • բերանի տհաճ հոտ,
  • համային փոփոխություններ,
  • լնդերի գրգռվածություն,
  • թքի խիտ կազմություն,
  • ծամելու հետ կապված խնդիրներ։

Սակավարյունություն

Այս վիճակի դեպքում օրգանիզմն առողջ էրիթրոցիտների պակաս է զգում։ Սակավարյունությունը կարող է լինել բնածին կամ ձեռքբերովի, զարգանալ մի շարք պատճառներով՝ հիվանդություններ, սխալ սննդակարգ, ուժեղ արյունահոսություն և այլն։ Թեթև սակավարյունությունը առանձնապես չի մեծացնում օրգանիզմին անհրաժեշտ ջրի պահանջը, սակայն ավելի բարդ դեպքերում կարող է առաջանալ մշտական ծարավի զգացողություն։

Սակավարյունության այլ ախտանշաններն են՝

  • գլխապտույտ,
  • թուլություն ու հոգնածություն,
  • գունատ կամ դեղնավուն երանգով մաշկ,
  • անոթազարկի արագացում,
  • քրտնարտադրություն և այլն։

Հիպերկալցիեմիա

Հիպերկալցիեմիան այն վիճակն է, որի դեպքում արյան մեջ կալցիումի մակարդակը նորմայից բարձր է։ Խնդրի զարգացման պատճառ կարող է լինել հարվահանաձև գեղձերի գերակտիվությունը (հիպերպարաթիրեոզը), այլ հիվանդություններ (տուբերկուլոզ, սարկոիդոզ), նաև քաղցկեղի որոշ տեսակներ (թոքերի, կրծքագեղձի, երիկամների քաղցկեղ, բազմակի միելոմա)։ Ծարավից բացի հիպերկալցիեմիան կարող է առաջացնել՝

  • հաճախամիզություն,
  • ստամոքսի խանգարում,
  • սրտխառնոց ու փսխում,
  • փորկապություն,
  • ոսկրերի ցավ ու փոփոխություններ,
  • մկանային թուլություն,
  • գիտակցության խանգարում,
  • հոգնածություն,
  • դեպրեսիա,
  • սրտի հետ կապված խնդիրներ և այլն։

Իհարկե, ծարավը հագեցնելու ամենալավ եղանակը ավելի շատ ջուր խմելն է, սակայն երբ անգամ դա չի օգնում, ապա միգուցե արժե խորհրդակցել բժշկի հետ՝ առողջական մտահոգիչ խնդիրներն ավելի վաղ բացահայտելու համար։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ WebMD

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031