Լրահոս
Օրվա լրահոսը

Չբոբիկանալ՝ ջուրը չտեսած

Մարտ 16,2024 10:00

Մի քանի օր առաջ Եվրախորհրդարանը գրեթե միաձայն առաջարկել է ԵՄ գործադիր կառույցներին՝ դիտարկել Հայաստանին՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հարցը: Որեւէ իրադարձության դեպքում ցանկացած հասարակության արձագանքը սովորաբար լինում է երկու տեսակի: Այդ ծայրահեղական երկու տեսակները բնորոշվում են հունարեն բառերով՝ «պանիկա» (խուճապ) եւ «էյֆորիա» (մոտավորապես՝ հարբածի աստիճանի ոգեւորություն): Այս պարագայում, բնականաբար, երկրորդն է: Ընդ որում, էյֆորիան հաճախ արհեստական է լինում եւ բորբոքվում է պաշտոնական քարոզչության կողմից:

Նախ՝ պետք չէ մարդկանց խաբել եւ հույսեր ներշնչել, որ մի քանի տարի հետո Հայաստանը կդառնա ԵՄ անդամ՝ չնայած ԵՄ անդամակցությունը, կարծում եմ, որպես ռազմավարական նպատակ պետք է պաշտոնապես ձեւակերպվի, ինչն, ի դեպ, առայժմ չի արվել:
Այն, որ Եվրախորհրդարանը նման բան է առաջարկում, դեռեւս չի նշանակում, որ Եվրահանձնաժողովը (ԵՄ բարձրագույն գործադիր մարմինը) անմիջապես կընդունի մեր՝ թեկնածու դառնալու հայտը: Իսկ Հայաստանն առայժմ նման հայտ, որքան գիտեմ, չի ներկայացրել:

Արդյոք կարո՞ղ է ներկայացնել՝ մնալով ԵԱՏՄ անդամ, դա էլ է հարց: Հիշում եք, անշուշտ, թե ինչպես 2013-ին մեր երկրի՝ Մաքսային միության անդամ դառնալը փաստացի արգելափակեց ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի ստորագրումը:

Եթե, այնուամենայնիվ, մի քանի տարուց հաջողվի ձեռք բերել թեկնածուի կարգավիճակ, դա, միեւնույն է, չի նշանակում, որ մենք անպայման կդառնանք ԵՄ անդամ: Այդ՝ թեկնածուի կարգավիճակն այժմ ունի 8 երկիր. Ալբանիան (2014-ից), Բոսնիա-Հերցոգովինան (2022-ից), Վրաստանը (2023-ից), Մոլդովան (2022-ից), Հյուսիսային Մակեդոնիան (2005-ից), Սերբիան (2012-ից), Թուրքիան (1999-ից) եւ Ուկրաինան (2022-ից): Առաջարկում եմ աչքի անցկացնել այդ ցուցակը եւ հաշվարկել, թե այդ շարքում ում են առաջնահերթ «ներս թողնելու»:

Բայց իմ գլխավոր կասկածները կապված են Հայաստանի ներկայիս իշխանության անկեղծության հետ: Ես չեմ հավատում, որ Փաշինյանն իսկապես եվրոպական ինտեգրացիայի կողմնակից է: Կարծում եմ, նա շարունակում է արեւմտյան գործընկերներին «եվրայոնջա» համարել (հիշեցնենք, որ սա հենց Փաշինյանի ձեւակերպումն է’ տարիներ առաջ). այն աստիճանի «յոնջա», որ նրանց հնարավոր է մշտապես խաբել ժողովրդավարության իմիտացիայով եւ Ռուսաստանի հասցեին կոշտ հռետորաբանությամբ:
Եվրոպացիներն, իհարկե, իր պատկերացրած միամիտները չեն, որ խաբվեն «ժողովրդավարությամբ», իսկ ահա հռետորաբանությունն իրենց այս պահին պետք է:

Փաշինյանի «եվրոպամետ» քայլերի միակ նպատակն իր իշխանությունը երկարաձգելն է՝ նպատակ, որն առայժմ հաջողությամբ իրականացվում է: Ավելին՝ իմ տպավորությամբ, այս՝ նրա իշխանության մնալու հարցում Ռուսաստանի, Արեւմուտքի եւ Թուրքիայի (Ադրբեջանի) միջեւ ընդհանուր համաձայնություն կա: Հասկանում եմ, որ այդ ցուցակում Ռուսաստանին ընդգրկելը վատ լուր է մեր ընդդիմության մեծ մասի համար: Բայց քայլերը հաշվարկելու համար նրանք պետք է ճշմարտությունն իմանան:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Նախ պետք է ասել, որ ետխորհրդային Հայաստանի պորտալարը Ռուսաստանից երբեք չի կտրվել և մեր երկրի բոլոր ղեկավարները ռուսական КГБ-ի կառավարման տակ են գտնվել, իսկ իշխանափոխանցումները եղել են շինծու կոնֆլիկտների տպավորությամբ՝ թատերական էֆեկտներով: Առաջին նախագահից մինչև երրորդ նախագահ շղթայում Հայաստանն աստիճանաբար իր սուվերենությունը զիջեց Ռուսաստանին՝ Թուրքիայի և Իրանի հետ ունեցած ՀՀ պետական սահմանների պահպանությունը և «Զվարթնոց» օդանավակայանում ելումուտի վերահսկողությունը հանձնվեց ռուսական սահմանապահ զորքին, Գյումրիում տեղակայվեց ռուսական 102-րդ ռազմաբազան, Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների գերակշիռ մասը հանձնվեց ռուսական ընկերություններին, Հայաստանը մտավ ՀԱՊԿ, ԵԱՏՄ և այդպես շարունակ:
    Ինչ վերաբերում է Կրեմլի կողմից նիկոլին «թավշյա հեղափոխությամբ» իշխանության բերելուն, ապա դա պահանջվում էր ռուս-թուրքական տարածաշրջանային վերահսկողության նոր հավասարակշռության վիճակ ամրագրելու անհրաժեշտությունից ելնելով: Դա պետք է արվեր «ժողովրդավարության» «թավշյա» քողի տակ և թերուս նիկոլը «խոնարհվելով բոլորիս առաջ» և «սիրելով բոլորիս» պետք է ստանձներ Հայաստանի ղեկը, որպեսզի Արցախյան հիմնահարցը լուծեր զրոյական կետից՝ իբր Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի շահերի համատեքստում: Մինսկի խմբի առաքելությունը զրոյացնելու համար նիկոլը նախ հայտարարեց. «Արցախը Հայաստան է և վերջ», դրանով Ադրբեջանին լիիրավ իրավունք տալով խախտել Մինսկի խմբի կողմից վերահսկվող ստատուս քվոն և հարձակվել Արցախի վրա: Հետո «գերագույն գլխավոր հրամանատար» կոչվածը անխոհեմ ղեկավարելով պատերազմը և կորուստի մատնելով մեր զինվորականների ու կամավորականների հայրենասեր սերուցքը, պատերազմը շարունակեց մինչև ստորացուցիչ պայմաններով զինադադարի ստորագրումը: Ավելի ուշ Նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, թշնամուն զիջեց Հայաստանի սահմանների կարևորագույն հատվածներ, իսկ վերջերս էլ փոքրացված Հայաստանի քարտեզն է ձեռքին թափահարում՝ 4 անկլավների զիջումը նախապատրաստելով:
    նիկոլը դատապարտված է լինելու Կրեմլի վերջին գործակալը Հայաստանի թիվ 1 ղեկավարի պոստում: Կրեմլը որքան էլ նրան ու նրա թիմին «սորոսական» անվանի (որպեսզի հայկական տարածքների զիջումներում ռուսական հետքը չերևա), միևնույնն է, հայ ժողովրդի մեծ մասն արդեն հասկանում է, որ Հայաստանի շահերի պաշտպանության հարցում թե՝ Ռուսաստանը և թե՝ Արևմուտքը նույն սանրի կտավներն են և հայ ժողովուրդն իր անվտանգության դոկտրինը պետք է կառուցի ազգ-բանակ-պետություն հենքի վրա՝ ժողովրդի պաշպանունակության բարձրացման շարունակական գործողություններով:

  2. Հայ says:

    Ես չեմ նկատում որևէ էյֆորիա կապված Եվրամիության անդամ դառնալու հետ։
    Մեր արտագնա աշխատանքի մեկնողները չեն էլ պատկերացնում իրենց Եվրոպայում սվաղ կամ ասֆալտ անելիս։
    Ծիրան դուրս կրողները նույնպես չգիտեն Եվրոպական շուկան։
    Մի գուցե լավ կրթություն և Եվրոպայում պահանջված մասնագիտություն ունեցողները ոգևորված լինեն,բայց նրանք հիմնականում կիրթ և զուսպ մարդիկ են։
    Որտեղ է պարոն Աբրահամյանը էյֆորիա նկատել,չգիտեմ։

  3. Ruben says:

    Հանրապետության մայրաքաղաքում կարելի է գնել կենդանի խոյեր, ոչխարներ և գառներ՝ հետագա «ինկվիզիցիայի» համար: Իհարկե, հովիվները չեն մասնակցում փողոցային առուվաճառքին։ Զոհերին վաճառում են «բառիգները»:
    Բայց կան նաև հովվապետեր: Օրինակ՝ մեկը գտնվում է Վաղարշապատ քաղաքում՝ Էջմիածնի կրոնական համալիրում։ Բայց նա չունի ոչ մի կապ «պետության» հետ: Դա քոչվորների համայնք է: Վառ օրինակ են Կիլիկիան, Նախիջևանը, Արծվաշենը, Արցախը և այլն։ Բայց նրանք քոչում են իրենց հովիվների և մնացած կենդանի հոտի հետ: Ո՛չ մի քաղաքականություն: Իսկ ի՞նչ են մտածում, պլանավորում և ինչպե՞ս են վարվում տարածքային և «այլմոլորակային» քաղաքական հովվապետերը՝ ո՛չ հոտի խելքի բանն է, ո՛չ էլ հովիվների ու «բառիգների»:
    Ճիշտ է, «Չբոբիկանալ՝ ջուրը չտեսած»:
    Բայց երբ աչքերը միայն կանաչն ($) են ընկալում՝ ստացվում է.
    «Ետևը սո՜ւր, առաջը ջո՜ւր,
    Սո՜ւգ, վայնասո՜ւն, իրարանցո՜ւմ,
    Բառաչում են մեծ ու պուճուր,
    Իրար գըրկած` գետը լըցվում…»
    (Հովհաննես Թումանյան, Ջուղայի գաղթից)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031