Լրահոս
Օրվա լրահոսը

Որ մթերքներն են ավելի նախընտրելի զարկերակային ցածր կամ բարձր ճնշման պարագայում

Մարտ 18,2024 09:30

Ինչպես զարկերակային ցածր, այնպես էլ բարձր ճնշման պարագայում չարժե թերագնահատել սննդակարգի դերը, քանի որ սննդակարգում տեղ գտած որոշակի փոփոխությունները կարող են նպաստել ճնշման կարգավորմանը, եթե, իհարկե, իրականացվում են այլ անհրաժեշտ միջոցառումները, որոնք ցուցված են տվյալ խնդիրներն ունեցող անձանց։

Ո՞ր սննդամթերքներն են արդյունավետ զարկերակային ցածր ճնշման դեպքում

Զարկերակային ցածր ճնշումը ոչ միշտ է առողջական լուրջ խնդիր համարվում և հաճախ որևէ ախտանշան չի առաջացնում, իսկ երբ մարդու մոտ սկսում են գանգատներ ի հայտ գալ, և բժշկական քննությամբ պարզվում է, որ առողջական ռիսկեր են հայտնվել, բժիշկը մշակում է զարկերակային ճնշումը կարգավորելուն միտված գործողությունների պլանը, որը կարող է ներառել նաև սննդակարգի մեջ որոշ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը։

Զարկերակային ցածր ճնշման դեպքում կարելի է շատացնել հետևյալ մթերքների օգտագործումը՝

Աղ

Աղը կամ նատրիումի քլորիդն ազդում է օրգանիզմում ջրային հավասարակշռությունը պահպանող հորմոնների վրա։ Աղի մեծաքանակ օգտագործումը կարող է անգամ բարձրացնել զարկերակային ճնշումը, ահա թե ինչու է խորհուրդ տրվում մի փոքր ավելացնել աղի մթերքների օգտագործումը, եթե մարդու մոտ կա քրոնիկ զարկերակային ցածր ճնշում։

Վիտամին B12-ով, ֆոլաթթվով հարուստ մթերքներ

Վիտամին B12-ի ու ֆոլաթթվի անբավարարությունը կարող է հանգեցնել սակավարյունության զարգացման, ինչն էլ զարկերակային ցածր ճնշման պատճառ կարող է դառնալ։ Վիտամին B12-ով հարուստ մթերքներ են համարվում մսամթերքը, կաթնամթերքն ու ձկնեղենը։

Ֆոլատի (ֆոլաթթու) լավ աղբյուր են բրոկոլին, լոբազգիները, կանաչ տերևավոր բանջարեղենը, ընդեղենը, սերմերը, ծլեցրած ցորենը, տավարի լյարդը և այլն։

Հեղուկներ

Զարկերակային ցածր ճնշման պատճառ կարող է լինել ջրազրկումը։ Շատ կարևոր է օրգանիզմում հեղուկի պատշաճ մակարդակի պահպանումը, ինչը կարելի է անել ջուր և այլ օգտակար ըմպելիքներ, ջրալի մրգեր ու բանջարեղեն օգտագործելով։ Պետք է հիշել, որ տարեց մարդիկ ավելի արագ են ջրազրկվում, ուստի անհրաժեշտ է հաշվի առնել այդ փաստը նրանց խնամքն իրականացնելիս։

Ո՞ր մթերքներն են արդյունավետ զարկերակային բարձր ճնշման դեպքում

Որոշ մթերքներ և սննդակարգն ընդհանուր առմամբ կարող են նպաստել նաև զարկերակային ճնշման նվազեցմանը։

Հատապտուղներ

Ելակն ու հապալասը պարունակում են ֆլավոնոիդների տարատեսակներ հանդիսացող հակաօքսիդանտային միացություններ՝ անտոցիաններ, որոնք, 2019 թ․-ին հրապարակված հետազոտության համաձայն, օժտված են զարկերակային բարձր ճնշումը նվազեցնող ազդեցությամբ։

Կալիումով հարուստ մթերքներ

Կալիումով հարուստ մթերքները, ինչպիսիք են բանանը, ծիրանը, սև սալորաչիրը, դդումը, կարտոֆիլն ու ոսպը, բարենպաստ ազդեցություն ունեն հիպերտոնիայի հաղթահարման հարցում, քանի որ կալիումը նվազեցնում է նատրիումի ազդեցությունն ու թուլացնում արյունատար անոթների լարվածությունը։

Սակայն երիկամների հիվանդություններ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում նախ խորհրդակցել բժշկի հետ՝ սննդակարգը կալիումով հարուստ մթերքներով hամալրելուց առաջ, քանի որ կալիումի ավելցուկը նրանց համար կարող է վնասակար լինել։

Բազուկի հյութ

Բազուկի հյութի օգտագործումն ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ ազդեցություն կարող է ապահովել զարկերակային բարձր ճնշման նվազեցման հարցում, քանի որ սննդային նիտրատներ է պարունակում։

2022 թ․-ին ներկայացված զեկույցի համաձայն՝ բազուկի հյութի կազմում առկա նիտրատները զարկերակային հիպերտոնիա ունեցող անձանց շրջանում նվազեցնում են սիստոլիկ ճնշումը, բայց չեն ազդում դիաստոլիկ ճնշման վրա։ Եվս մեկ հետազոտության համաձայն, սիստոլիկ ճնշումը նվազեցնող ազդեցություն ունի նաև կիվին, իսկ վիտամին C-ով հարուստ մթերքներն ընդհանուր առմամբ նպաստում են առաջնային հիպերտոնիա ունեցող անձանց ճնշման նվազեցմանը։

Ձմերուկ

Ձմերուկի կազմում կա ցիտրուլին ամինաթթուն, որն օրգանիզմում վերածվում է արգինինի։ Արգինինի օգնությամբ օրգանիզմում ազոտի օքսիդ է արտադրվում, որը նպաստում է արյունատար անոթների թուլացմանն ու ճկունությանը, ինչի շնորհիվ բարելավվում է արյան հոսքն ու նվազում արյան բարձր ճնշումը։

Կանաչ տերևավոր բանջարեղեն

Կանաչ տերևավոր բանջարեղենը, հարուստ լինելով նիտրատներով, նպաստում է զարկերակային ճնշման կարգավորմանը։

2021 թ․-ի հետազոտությունը ցույց է տվել, որ օրական 1 բաժակի չափով կանաչ տերևավոր բանջարեղենի օգտագործումը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգը։

Ֆերմենտացված մթերքներ

Ֆերմենտացված մթերքները հարուստ են պրոբիոտիկներով․ այս օգտակար բակտերիաները նաև նպաստում են զարկերակային ճնշման կարգավորմանը։ Թեև նշվում է, որ աղի օգտագործումը դրական չի անդրադառնում ճնշման վրա, 2017 թ․-ի հետազոտությունը ցույց է տվել, որ թթու դրած մթերքների օգտագործման հետևանքով զարկերակային ճնշումը չի բարձրանում։

Նուռ

Նուռը հարուստ է հակաօքսիդանտներով ու այլ միացություններով, որոնք նպաստում են զարկերակային բարձր ճնշման, աթերոսկլերոզի զարգացման կանխարգելմանը։ 2018 թ․-ի հետազոտության համաձայն՝ նռան հյութի ամենօրյա օգտագործումը նվազեցնում է դիաբետ ունեցող անձանց ինչպես սիստոլիկ, այնպես էլ դիաստոլիկ ճնշումը։

Յուղոտ ձկնատեսակներ

Շաբաթական 2 անգամ յուղոտ ձկնատեսակների օգտագործումը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգը․ խորհուրդ է տալիս ԱՄՆ սրտաբանական ասոցիացիան, որի կողմից հրապարակված զեկույցում նաև նշվում է, որ օրական մոտ 3 գ․ օմեգա-3 ճարպաթթուների օգտագործումը նպաստում է զարկերակային բարձր ճնշման նվազեցմանը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Medical News Today

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031