Լրահոս
Օրվա լրահոսը

44-օրյա պատերազմի հերոս Սեւակ Մնացականյանը՝ հայրենիքի զինվորներին. «Տղաներ, Աստծո ու սատանայի արանքում դուք իմ համար կիսաաստվածներ եք, որովհետեւ դուք եք որոշում չարի ու բարու սահմանը»

Մարտ 23,2024 00:07

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ «Ոսկի սերմեր» երախտագիտության եւ հարգանքի կրթամրցանակներ» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր բուհի շրջանավարտ, «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ, 44-օրյա պատերազմի հերոս Սեւակ Մնացականյանի հիշատակին նվիրված 3-րդ կրթամրցանակաբաշխությունը:

Կրթամրցանակային ծրագրի նպատակն է՝ հանուն հայրենիքի անմահացած հերոսների անունները շաղկապել կրթության առաջընթացի գաղափարին՝ խրախուսելով շնորհաշատ ուսանողներին, քաջալերելով նրանց կրթական հաջողությունները եւ հայրենասիրության հանձնառությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՖԿՍՊԻ ռետկորի պաշտոնակատար Տիգրան Սիմոնյանը, պրոռեկտոր Անժելա Նուշիկյանը, հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը, Սեւակ Մնացականյանի ծնողներն ու ընտանիքի անդամները, , «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի նախագահ Արմինե Պետրոսյանը, հերոսի ընկերները:

Մրցույթի երեք հաղթողներին՝ ՀՖԿՍՊԻ մագիստրատուրայի ուսանող Լիլիթ Արզումանյանին, 4-րդ կուրսի ուսանող Նատալյա Համբարձումյանին եւ 2-րդ կուրսի ուսանող Գյուլնարա Տիգրանյանին համապատասխան հավաստագրերը հանձնեց Սեւակ Մնացականյանի հայրը, իսկ կրթամրցանակի հովանավոր, ամերիկաբնակ բարերար Իռեն Ծատուրյանի սահմանած դրամական մրցանակները կփոխանցվեն հաղթողների հաշվեհամարներին:

Միջոցառման սկզբում ցուցադրվեցին Սեւակ Մնացականյանի՝ պատերազմի դաշտից վերջին տեսաձայնագրությունները, որոնցում հերոսը դիմելով հայրենիքը պաշտպանող հայ զինվորներին՝ ասում է. «Տղաներ, Աստծո ու սատանայի արանքում դուք իմ համար կիսաաստվածներ եք, որովհետեւ դուք եք որոշում չարի ու բարու սահմանը»:

Նա խոսում է նաեւ մարտի դաշտում առկա կազմակերպական թերությունների մասին եւ կոչ անում. «Այս մասին լավ կիմանային պատգամավորները, կառավարությունը, գործադիրը եւ օրենսդիրը, եթե այստեղ, ռումբերի պայթյունների տակ հասկանային, թե ինչ է կատարվում առաջնագծում: Այդ իսկ պատճառով կոչ եմ անում, հորդորում եմ. տղաներ, կտրեք ձեր քամակները աթոռից: Հաղթանակը հեշտ չի տրվում, բայց հաղթանակը պետք է վաստակել նաեւ խելքով»:

Սեւակի ընկերներից Դավիթ Պարյանը միջոցառման ավարտին Aravot.am-ին պատմեց, որ իրենց ծանոթությունը կայացել է 2008-ի ջահերի երթում:

«Եվ հասկանալով, որ գաղափարակից ենք, փորձել ենք մեր մյուս ընկերների հետ գործունեությունը տարածել այն ասպարեզում, որն իր մեջ ազգային գաղափարն է ներառում: Խոսքերով դժվար է սահմանել, թե որն է հայրենիքը, որը՝ պետությունը: Բայց ինչպես Նժդեհն է նշում. Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ եւ ընկնում դրանց պակասի պատճառով: Ընդամենը պետք է զգալ հոգեկան, ֆիզիկական , արժեքային, մշակութային բոլոր առումներով կապը հայրենիքի հետ, ներծծված լինել դրանով, որպեսզի հայրենիքը ապրի: Մարդիկ կան, որ մեր Սեւակի նման գործում են այդպես: Նա այսօր էլ է գործում: Եվ կարծում եմ, վերջնական հաղթանակը մերն է լինելու, ինչքան էլ մյուսները ջանքեր թափեն: Մենք քանակապես շատ ենք: Ուղղակի մարդկանց համոզել են, որ դուք քիչ եք, տկար եք, ոչինչ չեք կարող:

Հիմա շատ վտանգավոր քարոզ կա, որ ասում են՝ եթե ուզում ես երկիրդ լավը լինի, գնա, քո գործով լավ զբաղվիր: Այո, պետք է բոլորս մեր գործով լավ զբաղվենք: Ես իմ ընկերների հետ իմ գործով լավ եմ զբաղվում, մարդկանց գիտեմ, որ փայլուն են զբաղվում: Մաթեմատիկայում կա մի լավ հասկացություն. Դա պարտադիր է, բայց ոչ բավարար պայման է: Եվ եթե ուզում ենք, որ մեր հայրենիքը լավը լինի, պետք է մեկս մյուսին լավ ճանաչենք, գտնենք ուխտակիցներ ու գործենք միասին: Ու այդ ժամանակ կհասկանանք, որ տկար չենք, քիչ չենք, այլ մենք շատ ենք եւ մեր ուժը բավարարում է մեր առջեւ եղած բոլոր մարտահրավերները հաղթահարելու:

Այսօր մարդիկ կան, որ փորձում են պետությունը հակադրել հայրենիքին: Իրականում մենք հայրենիքի զավակներն ենք, անձնագրում մեր ազգությունը գրված է հայ, հետեւաբար, մենք հայրենիքի զավակներ ենք: Դա նաեւ մեր արյան մեջ է գրված: Պետությունները տարբեր ժամանակներում տարբեր ֆորմաներ են փոխում, իսկ հայրենիքը մնում է անփոփոխ: Մարդը կարող է տարբեր տներում վարձով ապրել, բայց հայրական օջախը, պապական տունը մնում է մեկը: Մեր հայրենիքը Մեծ Հայքն է»,-ասաց Դավիթ Պարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031