Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1289-Ն որոշման մեջ։ Յուրաքանչյուր ուսումնական տարի կառավարությունը հաստատում է տվյալ ուսումնական տարվա համար ըստ մասնագիտությունների անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը՝ ըստ պետական կառավարման լիազորված մարմինների, որոնց ենթակայությամբ գործում են արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները: Հաշվի առնելով, որ ուժը կորցրած է ճանաչվել «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքը, որով սահմանված էր լիազորող նորմը, նախարարությունը, հիմք ընդունելով «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 38-րդ հոդվածի եզրափակիչ մասը և անցումային դրույթների 6-րդ մասը, մշակել է նշված նախագիծը:
Պետական կառավարման լիազորված մարմինը, հիմք ընդունելով կառավարության որոշումը, անվճար ուսուցման ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հատկացնում է իր ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններին: Որոշման նախագծով նախատեսված արհեստագործական կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը հատկացվելու են 39 մասնագիտությամբ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 112 մասնագիտությամբ: Նախագիծը մշակելիս հաշվի են առնվել նաև հանրապետությունում գործող ուսումնական հաստատությունների՝ աշխատաշուկայի պահանջարկից ելնելով մասնագետների պատրաստման հնարավորությունները (լիցենզիա, նյութատեխնիկական բազա, համապատասխան մասնագետներ), հաստատություններին հատկացվելիք մինիմալ քանակի ապահովումը:
Օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող դիմորդները արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրով քննությունները դրական հանձնելու կամ վճարովի ուսուցման առնվազն անցումային միավոր ունենալու դեպքում ընդունվում են մրցույթից դուրս պահուստային տեղերի հաշվին, որի նպատակով 2026-2027 ուսումնական տարվա համար նախատեսվել է արհեստագործական կրթական ծրագրով 422 պահուստային տեղ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 410, որից 60-ը՝ ներքին գործերի նախարարությանը, որը հատկացվում է ուսումնական հաստատություններին ըստ մասնագիտությունների և արտոնություն ունեցող դիմորդների՝ գործերի ընդունելության ավարտից հետո, նախարարություն ներկայացված համապատասխան գրությունների հիման վրա:
Արհեստագործական կրթական ծրագրով նախատեսված պահուստային տեղերից նախատեսվում է նաև տրամադրել փորձարարական կարգով ներդրված մասնագիտություններին: Պետական բյուջեից անվճար ուսուցմամբ ընդունելության տեղեր միջին մասնագիտական կրթական ծրագրով հատկացվել են նաև ներքին գործերի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններին 2026-2027 ուսումնական տարում ընդունելություն կազմակերպելու համար:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































