Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ինքնիշխան տարածքը, պետական սահմաններն ու ռուսական ներկայությունը

Ապրիլ 04,2024 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Ըստ ՀԱՊԿ-ականների` հայ-ադրբեջանական սահման գոյություն ունի, սակայն այն պետք է որոշի Ադրբեջանը, որից հետո արդեն ՀԱՊԿ-ում առավել տեղեկացված կլինեն, թե որն է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետական սահմանների շրջանակներում. ՀԱՊԿ-ից, պարզ չէ թե` ով, ասել են РБК-ին: Նաեւ նշել են` «ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է պետական սահմանը, որը երկկողմանի կարգավորվել է Հայաստանի եւ նրա հարեւանների միջեւ»:

Այսինքն, ՀԱՊԿ-ն Հայաստանում իր պատասխանատվության ոլորտն է համարում Հայաստանի ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետական սահմաններում։ Այսպես է այս կառույցն արձագանքել Հայաստանում պատասխանատվության գոտին ճշտելու մասին պաշտոնական Երեւանի պահանջին։ «Պատասխանատվության գոտու մասին ձեւակերպումը բավականին բարդ է, եւ այն ավելի շատ նպատակ ունի հանրապետությունում ուշադրություն հրավիրել տիրող իրավիճակի վրա, քան ստանալ առարկայական պատասխան։ Քանի որ համաձայն 2010թ. փոխգործակցության սկզբունքների մասին համաձայնագրի, որը ստորագրվել է ՀԱՊԿ-ի կողմից, պատասխանատվության տարածքն անդամ երկրների ինքնիշխան տարածքն է»,- նշել է ՀԱՊԿ-ն:

Հիշատակված փաստաթուղթը 2010-ին Մոսկվայում կնքված Հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կազմավորման կարգավիճակի մասին համաձայնագիրն է։ ՀԱՊԿ-ում նշել են, որ «ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածքն ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է պետական սահմանը, որը երկկողմանի հիմունքներով կարգավորվում է Հայաստանի եւ նրա հարեւանների միջեւ»:

Հիշեցնենք, մարտի 12-ին կառավարությունում հրավիրված ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երեւանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի «այն հարցին, թե ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության ոլորտը Հայաստանում»։ Ըստ Փաշինյանի, կազմակերպությունը եւ Ռուսաստանը հստակ դիրքորոշում են հայտնել, առ այն, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը կարմիր գիծ է Մոսկվայի եւ կազմակերպության համար։ «Սակայն, 2021թ. մայիսին Ադրբեջանի ներխուժման ժամանակ Հայաստանն արձանագրեց, որ կարմիր գիծը հատվել է, եւ ՀԱՊԿ-ն չի արել այն քայլերը, որոնք նշված են կանոնադրությամբ»,- ասել էր Փաշինյանը, նշելով, որ դրանից հետո եղել են Ադրբեջանի ներխուժումները 2021թ. նոյեմբերին եւ 2022թ. սեպտեմբերին: Ըստ Փաշինյանի, եթե ՀԱՊԿ-ն պատասխանի այս հարցերին, եւ դա համապատասխանի Երեւանի պատկերացումներին, ապա Հայաստանի եւ կառույցի միջեւ առկա խնդիրները կլուծվեն։ «Հակառակ դեպքում Հայաստանի Հանրապետությունը դուրս կգա ՀԱՊԿ-ից: Երբ, չեմ կարող ասել»,- ասել էր Փաշինյանը:

Հիմա, РБК-ն նշում է, թե «խնդիրն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանը որոշված չէ: Դրա սահմանազատումն ու սահմանագծումը խաղաղության պայմանագրի մի մասն են, որի վրա ներկայումս աշխատում են Երեւանը եւ Բաքուն: РБК-ն հիշեցրել էր Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը գործնական փուլ է մտնում 2024թ. մարտ ամսին: «Ըստ ՀՀ վարչապետի, հատուկ հանձնաժողովները պետք է որոշեն, թե որտեղից է սկսվում Հայաստանի Հանրապետությունը, եւ դա պետք է դառնա պետական սահման»,- հավելել էր РБК-ն։

Այլ կերպ ասած, ՀԱՊԿ-ի անհայտ աղբյուր-պարզաբանողը ուղղակի ասել է, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը իրենք չեն ճանաչում, քանի որ այն դեռ չի ճանաչել Ադրբեջանը: Այ, եթե Ադրբեջանը ճանաչի` ՀԱՊԿ-ականներն էլ կճանաչեն:

Այսինքն, հայ-ադրբեջանական սահման գոյություն ունի, սակայն այն պետք է որոշի Ադրբեջանը, որից հետո արդեն ՀԱՊԿ-ում առավել տեղեկացված կլինեն, թե որն է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը: Ու քանի դեռ Ադրբեջանը չի որոշել` որն է Հայաստանի պետական սահմանը, ՀԱՊԿ-ում «չգիտեն»:

Ահա, Ռուսաստան-Ադրբեջան հստակ պայմանավորվածությունների եւս մեկ անհերքելի «գոտի». բոլոր դիրքորոշումները համաձայնեցված են, ըստ այդմ` նաեւ արձագանքներն ու գնահատականները:

Ռուսաստանից Հայաստանի իշխանություններին հստակ ցանկացած ուղղությամբ մատնանշելու գիծը գնալով ավելի ցցուն է դառնում:

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը օրերս 24News-ին տված հարցազրույցում ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների դիտակետերը տեղադրվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով։ Նա նշել է, որ դրանք տեղադրվել են Ռուսաստանի հաշվին Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, որպեսզի օգնեն կայունացնել իրավիճակը 2020 թվականին։ Կոպիրկինը նաեւ ընդգծել է, որ հայկական կողմը երբեք չի որոշել օրինականացնել ռուսական դիտակետերի տեղակայումը։

Ինչպես հայտնի է, դեռեւս 1997 թվականին Հայաստանն ու Ռուսաստանը Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագիր են կնքել եւ հենց նշյալ պայմանագրով՝ Ռուսաստանը պարտավորվել է Հայաստանի հանդեպ ագրեսիայի դեպքում միջամտել։

Հայաստանի արեւելյան սահմանագոտում 2021թ. նոյեմբերին ինտենսիվ ռազմական գործողություններ էին՝ զրահատեխնիկայի, հրետանու ներգրավմամբ։ Հայաստանը իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով դիմեց «ռազմավարական դաշնակցին»՝ հիշեցնելով հենց այս պայմանագիրը։ Սակայն աջակցություն չստացավ։

2022թ. սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո Երեւանը դիմեց ՀԱՊԿ-ին ու չնայած Երեւանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ն մինչեւ օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը եւ չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։

Պաշտոնական Երեւանն էլ ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, եւ վերջերս էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երեւանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաեւ դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։

Հայաստանը դեռեւս ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ է: Հայտնի է, որ պաշտոնական Երեւանը որոշել է օգոստոսի 1-ից հրաժարվել «Զվարթնոց»-ում ռուս սահմանապահների ծառայությունից: Մինչդեռ Մոսկվայից արձագանքեցին, թե ռուս սահմանապահների ու 102-րդ ռազմաբազայի ներկայությունը` «Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է»: Այս առնչությամբ վերջերս ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց. «Ես շատ խիստ կասկած ունեմ, որ եթե Թուրքիան որոշի Հայաստանի Հանրապետության վրա հարձակվի, ռուս սահմանապահները կարողանալու են կամ գործելու են ու պաշտպանելու են: Ես շատ խիստ կասկածում եմ»:

Ինչ էլ խոսեն Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչները, նրանք պետք է պատասխանեն, օրինակ, հետեւյալ հարցին` իրենց իշխանության օրոք այդ ինչպե՞ս ստացվեց, որ ռուսները ծառայության անցան նաեւ հայ-ադրբեջանական սահմաններին:

Մասնավորապես, ըստ ականատեսների՝ ռուսական ստորաբաժանումներ են տեղակայված օրինակ` Բաղանիս-Ոսկեպար ճանապարհի կողքը, Այգեպար գյուղի մոտակայքում: Ինչո՞ւ են այնտեղ ռուսական Զինուժի զորանոցներ տեղակայվել, ինչպե՞ս են նրանք այնտեղ հայտնվել, ի՞նչ առաքելություն են իրականացնում, եւ որ ամենակարեւորն է` ո՞ւմ որոշմամբ ու համաձայնությամբ են նրանք այնտեղ գտնվում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930