Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող օտարերկրացի դատապարտյալները պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացին դիմելուց՝ հանդիպում են խոչընդոտների։ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սյուզաննա Խչեյանն, օրինակ, առաջարկում է առանձնացնել օտարերկրացի դատապարտյալների համար պայմանական վաղաժամկետ ազատման ընթացակարգը։
«Միայն մեկ հանգամանք ասեմ․ գործող կարգով՝ դատապարտյալը երբ պատժից ազատվում է պայմանական վաղաժամկետ, ապա պիտի ունենա բնակության մշտական վայր։ Իսկ Իրանի Իսլամական Հանրապետության կամ ասենք Բուլղարիայի Հանրապետության քաղաքացի հանդիսացող դատպարտյալները Հայաստանում չունեն ոչ մի հարազատ, բնականաբար, բնակության մշտական վայր»,-ասում է Սյուզաննա Խչեյանը։
Սա պատճառներից մեկն է, որ Հայաստանում պատիժ կրող օտարերկրացիներին պայմանական վաղաժամկետ ազատելու համար՝ պրոբացիայի ծառայության զեկույցները շատ հաճախ բացասական են լինում։
Կարդացեք նաև
Մեր զրուցակցի խոսքով՝ քրեակատարողական ծառայության կողմից օտարերկրացիների համար կազմող զեկույցներն էլ դրական չեն լինում։ Այստեղ բալային համակարգով է, անցողիկ 28 միավորը օտարազգի դատապարտյալը դժվարությամբ կարող է կուտակել։
«Շախմատ, շաշկի եւ այլ խաղերը, որոնք պիտի խաղան լուռումունջ՝ առանց շփվելու իրար հետ, օտարերկրացի դատապարտյալներն այդ մրցաշարերին են մասնակցում։ Իսկ լեզվի չիմացության պատճառով նրանք չեն ընդգրկվում դասընթացներում, մշակութային այլ միջոցառումներում, աշխատել չեն կարողանում, ինչի արդյունքում չեն կարողանում անհրաժեշտ 28 միավորը հավաքել»,-նշում է փաստաբանը։
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Թոլիբ Սոյեմի Պարտոեւը երկու անգամ դիմել է պայմանական վաղաժամկետ ազատվելու համար․պրոբացիայի ծառայության զեկույցները բացասական են։ 15 տարի ազատազրկման է դատապարտվել թմրամիջոցների իրացման մեղադրանքով։ 12 տարի 3 ամիս անազատության մեջ է։
«Ես ուղղվել եմ, մասնակցում եմ դասընթացներին, 7 հատ վկայական ունեմ, հայերեն սովորել եմ՝ նույնիսկ գրում եմ։ Թե ինչո՞ւ են պահում ինձ բանտում՝ չգիտեմ»,-ասում է Թոլիբը։
Ասում է՝ որ դատավճռում նշված է, որ պատիժը կրելուց հետո պիտի արտաքսեն Հայաստանից։
«Ես պատրաստ եմ իմ տեղափոխման ծախսերն էլ հոգալ, մենակ ազատեն՝ հասնեմ Տաջիկստան»,-ասում է օտարազգի դատապարտյալը։ Նրա պատմելով, պրոբացիայի ծառայությունը հարցում է ուղարկել Տաջիկստան՝ ճշտելու բնակության վայրը, բայց քանի որ Տաջիկստանում չկա պրոբացիայի ծառայություն, ոստիկանությանը պիտի հարցում ուղարկեն։ Չորս ամիս է՝ սպասում է պրոբացիայի զեկույցին։
«Այս անգամ ռեժիմս փոխվել է, միջին անվտանգության գոտում եմ պատիժ կրում։ Եթե ես Հայաստանի համար վտանգ եմ ներկայացնում, այդ դեպքում՝ ինչո՞ւ են պահում, պետությունն էլ ծախս է անում իմ վրա։ Ազատեն՝ երկու ժամից կհասնեմ Տաջիկստան՝ տղայիս ընտանիքի մոտ»,-ասում է Թոլիբը։
«Նորից եմ ասում՝ 7-8 դասընթացի մասնակցել եմ, անվճար աշխատում եմ, շինարարական գործեր եմ արել, ուրեմն ուղղված եմ, չէ՞»,-ասում է օտարերկրացի դատապարտյալը։
Տաջիկստանում աշխատելու է։ «Անգրագետ չեմ, Մոսկվա՝ տեխնիկում եմ ավարտել, մի բանով կզբաղվեմ, մնում է ազատեն ու ես գնամ Հայաստանից»,-ասում է մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ նույնիսկ որոշել էր ներման դիմում գրել։
«Բայց մինչեւ դիմումիս պատասխանը գա՝ արդեն պատժիս 15 տարին ավարտած կլինի ու ավելի լավ է, պայքարեմ պայմանական վաղաժամկետ ազատվելու համար։
«Թոլիբը շատ է ուզում պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել եւ գնալ տուն։ Բայց կան որոշակի ընթացակարգեր՝ ստորագրված հուշագրեր պետությունների միջեւ, կամ եթե Տաջիկստանում չկա պրոբացիայի ծառայություն, ապա ո՞ր կառույցն է հսկելու Թոլիբի վարքագիծը»,-պարզաբանում են «Արթիկ» ՔԿՀ-ի պատասխանատուները։
Նշենք, որ Թոլիբ Պարտոեւի պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացի մասին մանրամասն տեղեկություններ իմանալու համար՝ հարցումներ ենք ուղարկել պրոբացիայի ծառայություն։
Այն ստանալուն պես կհրապարակենք։
Դատապարտյալի լուսանկարներն ու տեսանյութը հրապարակվում են նրա համաձայնությամբ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ




















































