Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր էլ վազում մոսկվաներում ու եվրոպաներում, ինչքան կոշիկ եք տեսնում` լիզում եք». Էդգար Ղազարյանն ԱԺ ամբիոնից հիշեցրեց Փաշինյանի խոսքերը

Ապրիլ 04,2024 16:19

«Ես ուզում եմ իմ խորը անհանգստությունն ու մտահոգությունը հայտնել վերջին տարիներին եվրոպական ինտեգրացիայի հարցում ՀՀ ունեցած աննախադեպ հետընթացի կապակցությամբ»,- այս մասին Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանը։

Նա նշեց, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում, դա եվրոպական ինտեգրացիայի հետ բացարձակապես ոչ մի կապ եւ առնչություն չունի։ Ըստ նրա՝ մինչեւ 2018 թվականը Հայաստանն այս ոլորտում ունեցել է ձեռքբերումներ։ Իսկ դրանից հետո Եվրամիության հետ խորը եւ համապարփակ համաձայնագրի դրույթների կատարման ուղղությամբ Հայաստանը ոչ միայն չի կարողացել էական ջանքեր գործադրել, այլ ունեցել է միայն հետընթաց։

«Իսկ հետաքրքիր է, թե ի՞նչ վերաբերմունք ունեն Եվրամիությունը եւ եվրոպական կառույցները Հայաստանի նկատմամբ, երբ մենք քննարկում ենք համագործակցությունը։ Ուզում եմ հիշեցնել, որ եվրոպացի պաշտոնյաները, այդ թվում՝ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուները 2009 թվականին ներկա են եղել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրությունների ստորագրման արարողությանը, բայց, ցավոք սրտի, նրանցից ոչ մեկին չի հաջողվել բավարար ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ Հայաստանը ապաշրջափակելու, այդ համաձայնագրերը վավերացնելու եւ Հայաստանի ու եվրոպական երկրների հետ ֆիզիկական կապ ապահովելու համար»,- հավելեց Ղազարյանը։

«Եվրոպական միությունը, խախտելով CEPA-ի համաձայնագիրը, խախտելով 2015 թվականի Արեւելյան գործունեության Ռիգայի հռչակագրի դրույթները, որտեղ հղում են արվում ԼՂ խնդրի կարգավորման բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում լուծման մեխանիզմներին, 2021 թվականի դեկտեմբերի 14-ից իր վրա վերցրեց հայ-ադրբեջանական փոխգործակցությունը եւ այն հասցրեց 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի խայտառակ հայտարարության ստորագրմանը, որով հայաստանյան տարածքներն ապօրինաբար հանձնվեցին Ադրբեջանի իրավասությանը՝ չունենալով դրա համար ոչ մի իրավական հիմք։ Այսինքն՝ եվրոպացի պաշտոնյաները, խախտելով արդեն վավերացված համաձայնագրերի դրույթները, անցան մի կարգավորման, որով պատմական ճակատագրական վնաս հասցրեցին ՀՀ-ին ու հայ ժողովրդին»,- հավելեց Էդգար Ղազարյանը։

Նա ասաց, որ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը բացարձակ ձախողվել է. «Հոկտեմբերի 6-ի հայտարարության մեջ առաքելության առաջ երկու խնդիր էր դրված՝ հասնել փոխըմբռնման մթնոլորտի ձեւավորմանը եւ նպաստել սահմանային հարցերով հանձնաժողովի աշխատանքին։ Սահմանային հարցերով հանձնաժողովները մինչ օրս որեւէ նիստ չեն գումարել, իսկ փոխըմբռնման մթնոլորտի բացակայության մասին Հայաստանում խոսում են ամենաբարձր մակարդակով»։

Էդգար Ղազարյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը. «Եզրափակելով ելույթս՝ ուզում եմ հղում անել 21-րդ դարի խոշորագույն դիվանագետներից մեկին՝ ձեր դիվանագիտությունն ի՞նչ է եղել, ինչքան օտար անձնագրով մարդ եք տեսել, կոշիկները լիզել եք, ձեզ էլ թվացել է, թե դա դիվանագիտություն է, այ անինքնասերներ։ Ողբերգությունն այն է, ոչ դուք բոլորի կոշիկները լիզել եք մեր անունից, բայց մենք կոշիկ լիզող չենք, դուք եք կոշիկ լիզողները, այսօր էլ վազում մոսկվաներում, եվրոպաներում, ինչքան կոշիկ եք տեսնում՝ լիզում եք։ Այդպես էլ մինչեւ ձեր կյանքի վերջը լիզելու եք սրա-նրա կոշիկները, այ կոշիկ լիզողներ»։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Մենակ ադրբեջանցիներն ու էդգար ղազարյանն են դժգոհ Եվրոպական միության դիտորդներից․․․ Առավոտ թերթն էլ բազմաթիվ հրաշալի ելույթներից էս պուտինյան ելույթը դրեց իր կայքում։ Ի՜նչ ամոթ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930