Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյանը իրական եվրոպական արժեքների վերաբերյալ բազմաթիվ հարցեր ունի Երեւան ժամանած ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչին

Ապրիլ 08,2024 18:25

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար, խորվաթ Մարիա Բուրիչի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցին ու ժամանակակից եվրոպական արժեքներին:

«Նախ, ԵԽ-ն միայն տիկին Բուրիչի կազմակերպությունը չի, դա նաեւ մեր կազմակերպությունն է, որովհետեւ Հայաստանը ԵԽ անդամ է: Իսկ այս կազմակերպությունը մեզ ինչո՞վ է գրավիչ դարձել, որին Հայաստանը անդամակցել է 2001 թվականին, երբ ադրբեջանաթուրքական հեղափոխություն եւ այսօրվա ժողովրդավար կոչվածները ընդհանրապես չկային: Մեզ այդ կազմակերպությանը կապել են նրա արժեքները, գաղափարախոսությունը, որը հիմնված է երեք հենասյուների վրա՝ մարդու իրավունքների պաշտպանություն, իրական ժողովրդավարություն եւ օրենքի գերակայություն: Իսկ եթե դրանք խախտվում են, նշանակում է այդ կազմակերպության հենասյուները փլուզվում են»,-ասաց նա եւ տեղեկացրեց, որ ԵԽ-ին անդամակցելուց հետո ինքը ուղիղ ներգրավվածություն է ունեցել՝ սովորել է ԵԽ-ում, եղել է ԵԽ եւ ԵՄ փորձագետ:

«Այն ժամանակ, երբ ԵԽ-ի հետ մենք ՏԻՄ ծրագրեր էինք իրականացնում, հայաստանյան կյանքում ներդրվելու համար կարեւորվում էր մասնակցային ժողովրդավարությունը: Այսինքն, եթե քաղաքում կամ գյուղում համայնքի բյուջե է ընդունվում, բնակիչները դրանից տեղյակ լինեն, մասնակցեն որոշումների կայացմանը, համայնքի ավագանու անդամները հաշվետվողական լինեն համայնքի բնակիչներին:

Հիմա ես ուզում եմ իմանալ. այդ արժեքներով, որ մենք սովորել ենք եւ, տիկին Մարիա Բուրիչը տեղյակ է՞, որ Երեւանի քաղաքապետը երեւանցիների կողմից ընտրված չի, որ Երեւանի բնակիչների ընդամենը 9,1 %-ն է քվեարկել, որ Ավինյանը դառնա ավագանու անդամ, բայց նրանք զավթել են ամբողջ իշխանությունը Երեւան քաղաքում: Տիկին Բուրիչը տեղյա՞կ է, որ Երեւանի ավագանին 2023 թվականի դեկտեմբերի 26-ին մի նիստում միանգամից որոշել է համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը հաստատել, համայնքի զարգացման մեկամյա ծրագիրը հաստատել, համայնքի բյուջեն հաստատել, տեղական տուրքերի վճարման դրույքաչափեր բարձրացնել, ավտոմեքենաների կայանատեղիների եւ շինարարական թույլտվությունների համար աստղաբաշխական թվեր սահմանել, որոնցից ոչ մեկին ոչ միայն Երեւանի բնակիչները չեն մասնակցել, այլ ով էլ մասնակցել է, դեմ է եղել: Սա տեղական մակարդակում ժողովրդավարության հետ կապ ունի՞: Տիկինը, որ եկել է այս երկիր, պետք է այս նպատակով գա չէ՞ եւ իր անհանգստությունը հայտնի:

Բայց գովում են սրանց, ասում՝ դուք ժողովրդավարական բարեփոխումներ եք անում ու մենք ձեզ աջակցում ենք: Այսինքն, որ Սահմանադրական դատարանը զավթում են ապօրինի կերպով հակասահմանադրական փոփոխություններ կատարելով, ՔՊ-ի մի խմբակցությունով, առանց նույնիսկ ընդդիմության կարծիքը հարցնելո՞ւ:

Այս տիկինը, որ եկել է, գիտի՞, որ արդարադատության նախարարը, որ ասում էր՝ ներշնչված է Նիկոլ Փաշինյանի նկարով, դառնում է ԲԴԽ նախագահ, ու սկսում են դատավարությունները: Որ Ալեն Սիմոնյանը տասնյակ հայցեր է ներկայացնում լրագրողների, լրատվամիջոցների, հասարակական գործիչների, ընդդիմադիր պատգամավորի, քաղաքացու դեմ: Որ այդ տասնյակ գործերով հայցվորը Ալեն Սիմոնյանն է, իր շահերը պաշտպանող փաստաբանական ընկերության 60 %-ի սեփականատերը արդարադատության հիմիկվա նախարարն է՝ Գրիգոր Մինասյանը, 40 %-ի սեփականատերը՝ ԲԴԽ նախագահի կինն է, որը նաեւ այդ ընկերության տնօրենն է, որ, օրինակ, ինձ դատող դատավորն էլ սկանդալի մեջ հայտնված Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի եղբայրն է, որն էլ դատավոր լինելուց առաջ մարզպետի տեղակալն էր:

Ու հիմա ԵԽ գլխավոր քարտուղար այս տիկինը պետք է ողջունի Հայաստանում արդարադատության ոլորտում իրականացվող «բարեփոխումները», որի արդյունքում ազատ խոսքը սեղմող իշխանության ներկայացուցիչը վարձել է մի փաստաբանական ֆիրմա, որի ներկայացուցիչները ԲԴԽ եւ արդարադատության նախարարն են: Ու որ վիրավորվողը բոլոր դատերը շահում է: Հիմա սա եվրոպական ստանդարտներին համապատասխանող արդարադատություն է՞:

Նաեւ ստացվում է, որ եվրոպական արդարադատության ստանդարտ է, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի սանիկ Լուսինե Հակոբյանը Նիդերլանդների կառավարությունից ստանա գրանտ, որ իր քավորին վերապատրաստի ՍԴ-ում, որ քավորը հետագայում դառնա ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավո՞ր: Եթե սրանք եվրոպական արժեհամակարգին համապատասխանում են, իսկ ես եվրոպական արժեհամակարգը լավ գիտեմ, ուրեմն այս մարդիկ եվրոպացի չեն:

Ուզում եմ հասկանալ. Արմեն Աշոտյանը, որ հիմա բանտում է հայտնվել, դա եվրոպական խոսքի ազատության իմաստով նորմա՞լ երեւույթ է: Սրա՞նք եք դուք ողջունում: Ողջունում եք մամուլի ազատությունը մի երկրում, որտեղ եթերազրկվել են «Երկիր Մեդիան», Հանրային 2-րդ հեռուստաալիքը, որոնք առաջատարներն են եւ իրենց բովանդակության եւ լրատվության եւ զսպվածության ու հավասարակշռվածության իմաստով, մի երկրում, որտեղ լրագրողները բռնության են ենթարկվում իշխանության ներկայացուցիչների կողմից, կաշկանդված են, ամեն տեղ չէ, որ կարող են գնալ հարցազրույցներ անելու: Ուզում եմ իմանալ՝ Եվրոպայում այդպե՞ս է, Եվրոպայում նման երկրորդ երկիր կա՞»,-հարցերը Մարիա Բուրիչին ուղղեց Էդգար Ղազարյանը՝ նշելով նաեւ եվրոպական բազմաթիվ իրական արժեքների այլ խախտումներ:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930